Կառավարությունը հաստատել է հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը
Կառավարությունը հաստատել է հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը։ Այստեղ ներառված են տնտեսական թիրախներից ու տարածաշրջանային նոր ենթակառուցվածքներից մինչև կրթական ու սոցիալական լայնածավալ փոփոխություներ։ Կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսով։
Այս ուղղությամբ գերակա ծրագրեր են լինելու 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի, ներառյալ լողավազանների, կառուցումը, վերանորոգումը և գույքով հագեցումն ու գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեսալսողական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը։
733 միջոցառում՝ բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով՝ արտաքին քաղաքականություն և անվտանգություն, մարդկային կապիտալ և բարեկեցություն, տնտեսական վերափոխում, քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ, ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար, հանրային կառավարման արդյունավետություն և թվային վերափոխում։
Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը հաստատված է։ Հստակ են նաև նպատակների իրագործմանն ուղղված հիմնական միջոցառումները՝ իրենց ցուցանիշներով, ժամկետներով, պատասխանատուներով ու կողմնորոշիչ բյուջեով։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․ «Նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա և միտված են կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում, «Խաղաղության խաչմերուկ», այդ թվում՝ TRIPP նախագծերի իրականացում։ Սրանք նույնպես կառավարության առաջիկա տարիների գործունեության միջոցառումների ցանկում են։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շուրջ ՏԿԵ նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցություն կհաստատվի։ Նախարար Դավիթ Խուդաթյանը հստակեցնում է․
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում կաջակցեն Գյումրիից դեպի Ախուրիկ 25 կմ երկարությամբ և Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից դեպի Մարգարայի անցակետ 5 կմ երկարությամբ ճանապարհի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, նախագծմանը, սոցիալական և բնապահպանական գնահատման նախագծի ընդունմանը»։
Հայաստանի վարչապետը հստակեցնում է՝ ՀՀ և Թուրքիայի միջև սահմանի բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։
«Ախուրիկը Թուրքիայի հետ սահմանային հատվածն է՝ Շիրակի մարզում, իսկ Կայանը՝ Տավուշի մարզում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային բնակավայրն է։ Երբ նախորդ տարի օգոստոսի ութին հաստատվեց խաղաղություն ՀՀ և Ադրբեջանի միջև, մենք մի շատ անսպասելի հարց ստացանք մեր միջազգային գործընկերներից․ «Իսկ դուք գիտե՞ ք, որ Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ցամաքային ճանապարհը անցնում է ՀՀ–ով, և մենք ուղիղ և անկեղծ ասեցինք` ոչ, չգիտենք, որովհետև նման բաների մասին մտածելու առիթ պարզապես չենք ունեցել և հիմա , ըստ էության, այս ծրագրի մի բաղադրիչով մենք գործնական ուսումնասիրության պետք է ենթարկենք մեր միջազգային գործընկերների կողմից առաջարկված այն թեզը, որ Արևելքի և Արևմուտքի միջև անցնող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանով, մասնավորապես, Կայանից մինչև Ախուրիկ, Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ»։
Միջոցառումների ծրագրի մի մասը գործնականում իրականացվում է, բայց կան նաև նոր սկսվող կամ բացահայտվող թեմաներ՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորեցնում է՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման մասին է խոսքը․ «Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029թ մենք ունենանք վիզաների ազատականացում» ։
Արդարադատության համակարգի ու հանրային կառավարման բարեփոխումների առանցքում մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանությունն է լինելու, այդ թվում՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։ Որպես գերակա բարեփոխումներ են սահմանվել ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի լավարկումը և շարունակականությունը, ինչպես նաև պետական և համայնքային բոլոր հիմնական ծառայությունների թվայնացումըՕրակարգում առանցքային է հենց թվայնացման գործընթացը։ Առաջիկայում կքննարկեն՝ հասկանալու համար, թե որ կետում են։ Մեկ այլ հարց, որը ըստ Նիկոլ Փաշինյանի, նոր է թափ ստանում․ «Ապօրինի գույքի վերադարձի համակարգը, ընդ որում, բազմիցս ասել եմ` էս համակարգը մենք մի հավաքական անվանում նկատի ենք ունենում նաև հարակից պետական շահերի, հանրային շահերի այլ գործիքների կիրառումը»։
Մարդկային կապիտալի և բարեկեցության նպատակի ներքո կառավարությունը կրթությունը հռչակել է որպես ռազմավարություն։ Կրթական, առողջապահական, սոցիալական միջոցառումների արդյունքում կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Այս ուղղությամբ գերակա ծրագրեր են լինելու 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի՝ ներառյալ լողավազանների կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և գույքով ամբողջական հագեցումն ու գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում Հայաստանի ամբողջ բնակչության ներառումը։ Տնտեսական քաղաքականության առանցքում արտադրողականության ու մրցունակության բարձրացումն է լինելու, ինչպես նաև առևտրի բազմազանեցումը, և այս տրամաբանության ներքո կառավարությունն ապահովելու է տարեկան միջինը 6 տոկոս տնտեսական աճ:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ