Ունենք մասնագիտություններ, որտեղ խայտառակ վիճակ է՝ ընդունվող չկա
Այն դիմորդները, որոնք դիմել են, այսպես ասած, մրցակցային ֆակուլտետներ, պետք է պատրաստ լինեին այսպիսի արդյունքի, որովհետև պարզ է՝ եթե մեկ քննություն է, ուրեմն արդյունքները պետք է բարձր լինեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով մի խումբ դիմորդների դժգոհություններին, որ բարձր գնահատականներով դուրս են մնացել մրցույթից։
Փորձագետը, խոսելով պատճառների մասին, նկատում է, որ երկու, երեք քննության փոխարեն այս տարի դիմորդները հանձնեցին ընդամենը մեկը և բնականաբար մրցակցությունը մեծացավ։
«Նախ դիմորդների թիվն ավելացավ, մարդիկ մտածեցին՝ ինչո՞ւ չփորձեն, եթե մեկ քննություն է, և եթե երեք քննության փոխարեն դիմորդը մեկ քննություն է հանձնում, անցողիկ միավորը ավտոմատ բարձրանում է»,- պարզաբանեց Սերոբ Խաչատրյանը։
Նա բացատրում է այն ընթացակարգը, որի համաձայն, օրինակ ցածր միավոր ստացողները ընդունվել են բուհեր, իսկ բարձր ստացողները՝ ոչ։
«Նախարարությունը հայտարարել է, որ լինելու է առաջին հայտի գերակայություն, դա նշանակում է, որ եթե դու դիմում ես ինչ-որ ֆակուլտետ և ստանում ես բարձր միավոր ու չես ընդունվում, այլ ֆակուլտետ կարող ես ընդունվել միայն այն դեպքում, երբ նույնիսկ 7․5, 8 միավոր ստացողները ընդունվեն և վերջում մնան թափուր տեղեր։ Երբ որ հիմա ասում են, որ 7․5-ով ընդունվել են, իսկ 16-ով դուրս են մնացել, դրա պատճառն այն է, որ այդ 7․5-ով ընդունվողը ցանկացել է հենց այդ ֆակուլտետն ընդունվել։ Սա՛ է խնդիրը»,- նշում է նա։
Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են թափուր տեղերի համար նախատեսվող մրցույթին մասնակցել։ Կրթության փորձագետը նկատում է, իսկ դիմորդներն ուզո՞ւմ են այդ թափուր տեղերի համար դիմել, որովհետև դրանք կարող են այն մասնագիտությունները լինել, որոնք իրենց համար նախընտրելի չեն։
«Այսինքն՝ եթե դիմորդի նպատակը ինչ-որ տեղ ընդունվելն է, ապա կարող են այդ հնարավորությունից օգտվել, բայց եթե նպատակը իրենց համար ցանկալի մասնագիտություններն են, օրինակ՝ մարդը ցանկանում է իրավաբան, քաղաքագետ, միջազգայնագետ դառնալ, բայց դրանցում թափուր տեղ չկա, ապա գուցե այն մյուս մասնագիտություններն արդեն իրենց չհետաքրքրեն»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Անդրադառնալով այս տարվա միասնական քննությունների արդյունքներին, և հարցին, թե մրցույթից դուրս մնացողները շա՞տ են, Սերոբ Խաչատրյանն արձագանքեց․
«Երկկողմանի պատկեր ունենք։ Մի դեպքում ունենք մասնագիտություններ, որտեղ խայտառակ վիճակ է, այսինքն՝ ընդունվող չկա, մի քանի տասնյակ թափուր տեղ կա, ունենք ֆակուլտետներ, որտեղ ոչ ոք չի ընդունվել։ Օրինակ՝ Մանկավարժական համալսարանի «Ֆիզիկան»։ Ունենք տեղեր, որտեղ մեկ, երկու, երեք հոգի է ընդունվել։ Պատկերը շատ խայտաբղետ է, տեղեր էլ կան, որ դաժան մրցակցություն է, տեղեր էլ կան, որ նույնիսկ անվճար տեղերը չեն լրացվել, այսինքն՝ թափուր անվճար տեղեր են մնացել։ Սա, իհարկե, շատ վատ է, եթե բոլորն ուզում են դառնալ իրավաբան, միջազգայնագետ կամ բժիշկ, ապա ո՞վ պետք է ուսուցիչ աշխատի, ո՞վ պետք է այդ ապագա բժիշկներին, իրավաբաններին դպրոցում դաս տա․ սա մտահոգիչ է»,- ընդգծեց նա։
Մրցակցային ֆակուլտետներն, ըստ Սերոբ Խաչատրյանի, Իրավագիտությունն է, Ինֆորմատիկան, Միջազգային հարաբերությունները, Բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտեը, Բրյուսովի համալսարանի «Անգլերեն» բաժինը։
Դիտարկմանը, թե երբ հայտարարվեց, որ համավարակից ելնելով այս տարի դիմորդները մեկ քննություն են հանձնելու, դժգոհություններ եղան, որ բուհ ընդունվելը «խաղ ու պար» են դարձնում։ Թե ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ, կրթության փորձագետը չցանկացավ այս տարվա քննությունների դերը չափազանցնել և ասել, որ մեկ տարվա պատճառով բուհական համակարգը կփլուզվի։
«Այստեղ պետք է նայել, թե ուրիշ ինչ տարբերակ ունեինք․ մյուս տարբերակը, որ քննարկվում էր, այն էր, որ մեկ օրում դիմորդները թեստ հանձնեն, որի մեջ կլինեին երկու, երեք առարկաներից առաջադրանքներ, այդ դեպքում էլ դիմորդները բողոքելու և ասելու էին, որ հոգեբանորեն պատրաստ չեն մեկ օրում երկու, երեք առարկայից քննություն հանձնել։ Սա էլ բերելու էր ցածր միավորների և կրկին դժգոհություն էր լինելու, որ անբավարար ստացողները շատ են, թափուր տեղերը շատ էին լինելու։ Նախարարությունը գնաց ավելի հեշտ տարբերակով և այս դեպքում սպասվում էր, որ որոշ ֆակուլտետներում անցողիկ միավորը շատ բարձր էր լինելու»,- եզրափակեց նա։
Հավելենք նաև, որ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի