ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է սատարեն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանը. Ալեքս Ջոնսոնի հոդվածը The Hill-ում
Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է սատարեն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանը: Այդ մասին The Hill-ում գրում է Բաց հասարակության քաղաքականության կենտրոնի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ խորհրդական Ալեքս Ջոնսոնը:
Ջոնսոնը գրում է, որ անցած շաբաթ նա հյուրընկալել է «թավշյա» հեղափոխության հաղթանակից հետո Վաշինգտոն ժամանած Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդներին: Ինչպես շատ ամերիկացի քաղաքական գործիչների, որոնց հետ հանդիպումներ են կայացել, հեղինակին նույնպես տպավորել է պատմական փոփոխություններից հետո նրանց վճռականությունն ու լավատեսությունը: Հեղինակը նշում է, որ այժմ բարեփոխումների համար պայքարող մարդիկ իշխանություն են ստացել և հնարավորություն ունեն տասնամյակներ շարունակ իրենց քարոզած արժեքները վերածելու իրական քաղաքականության:
«Այդ պատճառով այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը սատարեն նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Այդ պահը կարող է շատ կարճ տևել, բայց նա այժմ ունի փոփոխություններ իրականացնելու մանդատ: Հունիսի 7-ին ընդունված և բողոքի շարժման առաջնորդների հետ սերտ խորհրդակցությամբ մշակված կառավարության ծրագիրը պետք է և արժանի է միջազգային համայնքի կողմից աջակցության: ԱՄՆ իշխանությունները և այլք պետք է օգնեն Փաշինյանի կառավարությանն իրագործել իր նոր ծրագիրը, վերացնել կոռուպցիան և թույլ չտալ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին ապակայունացնել նոր կառավարությունը»,- գրում է հեղինակը:
Նա նշում է, սակայն, որ ոչինչ չի վկայում այն մասին, որ Միացյալ Նահանգները պատշաճ ուշադրություն է հատկացնում այդ հարցին:
Ջոնսոնի խոսքով՝ բարեբախտաբար երկուշաբթի ԱՄՆ երկու կուսակցությունները ներկայացնող ամերիկացի օրենսդիրները նամակ են ուղարկել պետքարտուղար Մայք Պոմպեոյին և USAID-ի ղեկավար Մարկ Գրինին՝ կոչ անելով մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը: Սա պետք է հեշտ լինի, քանի որ Պետքարտուղարությունից և USAID-ից պահանջվում է միայն վերահասցեավորել իրենց ռեսուրսները: Ոչ մի նոր գումարի անհրաժեշտություն չկա կոռուպցիայի դեմ պայքարելու, թափանցիկության բարելավման հարցերում նոր կառավարության ջանքերին աջակցելու համար:
Այնուամենայնիվ, համեմատական առումով քիչ ուշադրություն է դարձվել Հայաստանում տեղի ունեցած արագ և հարաբերականորեն ոչ բռնի իշխանափոխությանը: Դա զարմանալի չէ, նշում է հեղինակը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փոքր երկիր է, և ԱՄՆ-ում հիմնականում Հայաստանը ճանաչում են Քարդաշյանների ընտանիքի կամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի միջոցով:
Հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ն պետք է միջամտի՝ թույլ չտալու համար, որ Ռուսաստանը վնասի ժողովրդավարական շարժմանը: Հայաստանը պետք է Թրամփի վարչակազմի համար կարևոր դեր ունենա, քանի որ այն երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հաճախորդ պետություն և այնտեղ իշխել են ավտոկրատներ և էլիտաներ, որոնք թալանել են երկրի ռեսուրսները:
Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունները նոր Հայաստանի վերաբերյալ պարզ չեն՝ նա հետաքրքրված է Ռուսաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում պահպանելու մեջ: Եթե Հայաստանը սերտ կապ պահպանի Ռուսաստանի հետ, կարող է անհրաժեշտ լինել միջազգային համակարգված միջամտություն Կրեմլի կողմից Հայաստանում կլեպտոկրատիայի ներդրմանը հակազդելու համար: Ավելի վաղ միջազգային միջամտությունը հնարավորություն կտա Հայաստանին ուժեղացնել իր կառավարությունը և բարելավել իր տնտեսությունը, մի բան, որ չհաջողվեց հեղափոխություններից հետո անել Ուկրաինային և Վրաստանին:
Ազդեցիկ հայկական սփյուռքը պետք է աշխատի ազատ շուկայական տնտեսությունը խթանելու, անկախ լրագրությանն աջակցելու և օլիգարխների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Հեղինակը նաև առաջարկել է, որ ԱՄՆ-ն, բացի ժողովրդավարության զարգացման համար հատկացվող գումարները մեծացնելուց, աշխատի նաև նորարարական փոխանակման ծրագրերի իրականացման վրա, ինչպես նաև ցույց տա անցումային շրջանում բարդ որոշումների առնչությամբ իր քաղաքական համերաշխությունը բարձր մակարդակի հանդիպումների և ԵԱՀԿ-ի նման կազմակերպությունների կողմից հայտարարությունների միջոցով:
Այժմ հարցն այն է, թե արդյոք ամերիկացի քաղաքական գործիչները և միջազգային համայնքը սատարում են Հայաստանի ապագային, գրել է հեղինակը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի