«Թավշյա հեղափոխությունը» շրջադարձային կետ էր Հայաստանի համար. Հարցազրույց Տարոն Աճեմօղլուի հետ
Երբեմն Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:
- Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թավշյա հեղափոխության» կարեւորությունը ձեր տեսակետից ինչո՞ւմն էր:
Տարոն Աճեմօղլու.
- Կարծում եմ, այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն արտացոլվում էր տնտեսական վիճակով եւ Հայաստանից արտագաղթի թվերով:
Ուստի, սա երկրի նոր սկզբի հիմնադրումն էր, որը կարելի է տոնել: Ընդհանրապես, արմատական բարեփոխումները իրականում բարդ գործընթաց է եւ նման արմատական բարեփոխումների կարիք ունեցող երկրները հանդիպում են երկու զգալի մեծ խոչընդոտի: Առաջինը՝ գործընթացի խաղաղ սկիզբն է, քանի որ առանց այդ խաղաղ սկզբի, ամբողջ գործընթացը շատ ավելի բարդ է դառնում՝ հասարակությունը բեւեռացվում է, թշնամանք է ձեւավորվում, բռնություն սկսվում: Նման պայմաններում որեւէ կառուցողական արդյունքի հասնելը գրեթե անհնար է: Այդպիսին էր իրավիճակը «Արաբական գարնան»-ը հաջորդած ժամանակահատվածում:
Հայաստանին հաջողվեց ստեղծել խաղաղ, շատ խոստումնալից սկիզբ, եւ դա փայլուն հաղթանակ է: Երկրորդ քայլը կլինի, այդ խաղաղ սկզբի վրա հիմնվելով, շարունակել համակարգային բարեփոխումների գործընթացը եւ ստեղծել ապագա բարգավաճման, որակյալ կառավարման, խաղաղ գոյատեւման հիմնասյուները: Այդ երկրորդ քայլը դեռեւս երաշխավորված չէ, սակայն, մենք ստացել ենք սկզբնական հնարավորություն այն իրականացնելու համար:
- Եթե դուք լինեիք նոր վարչապետի խորհրդականը, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան, ո՞ր քայլերն են անհրաժեշտ առաջին հերթին:
Տարոն Աճեմօղլու.
- Յուրաքանչյուր երկիր պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Սակայն, ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք արմատախիլ անել կոռուպցիան, եթե ցանկանում եք դնել տեւական բարեփոխումների եւ աճի հիմքերը, պետք է այդ ամենն անեք խաղաղ ճանապարհով: Եթե նայեք առավել մեծ հաջողության հասած երկրների, կտեսնեք, որ նրանք միշտ կարողացել են այրել հակասություններն անցյալում եւ նոր սկիզբ դնելու ճանապարհներ գտել: Անշուշտ, դա հեշտ չէ, անշուշտ գոյություն ունեն նախկին խնդիրներ, սակայն, կարծում եմ, առավել կարեւոր է ընդհանրություններ գտնելը: Հայաստանի համար հատկապես խոստումնալիցն այն է, որ թե՛ երկրի ներսում եւ թե՛ սահմաններից դուրս առկա է իրական խանդավառություն, համոզմունք, որ սա է փոփոխությունների համար ճիշտ ժամանակը եւ համոզմունք, որ փոփոխություններն անհրաժեշտ են:
Սակայն, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ' աշխարհաքաղաքական վտանգներ Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից: Մյուս վտանգն այն է, որ նման ոգեշնչող պահի կարելի է փորձել իրականացնել բոլոր փոփոխությունները միանգամից: Ասեմ, որ որքան շատ քայլեր փորձեք իրականացնել միաժամանակ, այնքան քիչ արդյունքի կհասնեք ապագա առաջընթացի հիմքեր ստեղծելու գործում:
- Արդյոք դուք ձեզ տեսնո՞ւմ եք որեւէ պաշտոնական դերում որպես Հայաստանի իշխանությունների, կառավարության մաս:
Տարոն Աճեմօղլու.
- Կարծում եմ, պաշտոնական դիրքն այնքան էլ ճիշտ բան չէ: Կարծում եմ Հայաստանից դուրս բնակվողները կարող են աջակցություն ցուցաբերել, խորհուրդ տալ: Սակայն, համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրույն պետք է կառուցեն իրենց երկիրը: Ես իմ կողմից պատրաստ եմ ամեն տեսակի օգնություն տրամադրել, որովհետեւ, հավատացած եմ, սա իրական շրջադարձային կետ է Հայաստանի համար: Կարծում եմ, թարմ հայացքը Հայաստանի գործընթացների վրա կարող է օգտակար լինել, սակայն հենց Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն գործընթացի եւ գործողությունների կենտրոնում: Այնպես որ, ես իրոք հույս ունեմ, որ իմ օգնությունը օգտակար կլինի, սակայն ես նաեւ չեմ ակնկալում ավելի մեծ դեր ունենալ: Եվ այդ կարծիքս վերաբերում է ընդհանրապես Սփյուռքի դերին: Կարծում եմ, Սփյուռքն ունի շատ կարեւոր դեր, սակայն, այն պետք է իրականացնի իր աջակցությունը երկու ուղղություններով՝ դրանք են բարոյական աջակցությունն ու ներդրումները: Երբեմն, սակայն, Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Առաջնորդող դերը բոլոր գործընթացներում պետք է ստանձնեն միայն Հայաստանի քաղաքացիները:
- Այսպիսով, Հայաստանը հանձնե՞ց առաջին քննությունը:
Տարոն Աճեմօղլու.
- Ճիշտ այդպես:
- Ուստի, Հայաստանն ունի՞ իրական հնարավորություն միանալու առաջադեմ երկրների շարքին:
Տարոն Աճեմօղլու.
- Այո, որովհետեւ նախկինում այլ երկրների մոտ դա ստացվել է: Իսկ այն երկրները, որոնց դա չի հաջողվել, հիմնականում տապալվել են առաջին քննության ընթացքում՝ չկարողանալով խաղաղ իշխանափոխություն ապահովել: Հայաստանը հանձնել է առաջին քննությունն ուղղակի փայլուն կերպով եւ դա շատ կօգնի երկրորդի ժամանակ, քանի որ հասարակության շատ լայն շրջանակում կա համոզմունք փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Առկա է նաեւ փայլուն, կիրթ մարդկային կապիտալ եւ երիտասարդություն, որն ինքնուրույն փորձում է հնարավորություններ գտնել այդ ձեռքբերումները վերածելու դրական փոփոխությունների: Սակայն, չէի ցանկանա թերագնահատել ռիսկերը:
- Ե՞րբ եք Հայաստան այցելելու:
Տարոն Աճեմօղլու.
- Ես պատիվ եմ ունեցել երկու անգամ խոսելու վարչապետի հետ եւ մենք այժմ քննարկում ենք, թե երբ է իմ այցի համար հարմար պահը: Սակայն, ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը եւ ինչպես է ցանկանում հաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժեք հասկանամ, կնստեմ եւ կկատարեմ իմ «տնային աշխատանքը», կվերլուծեմ, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը եւ կկարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպես զբոսաշրջիկ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի