Արդարադատության նախարարությունն առաջարկում է համատիրությունները լուծարել և փոփոխության ենթարկել պարտադիր վճարների որոշման կարգը
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համատիրությունները լուծարել:
Առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են:
Սահմանվել է բազմաբնակարան շենքի պահպանման և կառավարման, ինչպես նաև պարտադիր վճարների կատարման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսական աջակցության ստացման հնարավորություն, ինչպես նաև մեխանիզմներ են նախատեսվել ընդհանուր դրամական միջոցների տնօրինման թափանցիկությունն ապահովելու համար:
Նախագծի նպատակն է բազմաբնակարան շենքերի սեփականության և կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանեցումը մասնավոր իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին և լավագույն միջազգային փորձի ներդրումը ՀՀ օրենսդրությունում:
Նախագծում նշված է, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» օրենքները չափազանց բարդեցված են: Բազմաբնակարան շենքի կառավարում իրականացնող համատիրությունները ստեղծվում են իրավաբանական անձի կարգավիճակով՝ իրենց տարբեր գործադիր մարմիններով, միաժամանակ հիմնադրման, վերակազմակերպման և գործունեության իրականացման բարդեցված փուլերով:
«Այս կարգավորումները կենտրոնացած չեն համատիրության միակ նպատակի վրա, այն է` բնակարանների սեփականատերերի ընդհանուր գույքի կառավարումը: Թեպետ համատիրությունը ենթադրվում է որպես բազմաբնակարան շենքի սեփականատերերի անդամության վրա հիմնված կազմակերպություն, սեփականատերերը մեծամասամբ մեկուսացված են բազմաբնակարան շենքերի կառավարման մասնակցությունից: Մի դեպքում դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համատիրության ներկայացուցիչները, պատշաճ չիրականացնելով իրենց իրավասությունները, չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն և չեն հրավիրում սեփականատերերի ժողովներ: Մյուս կողմից սեփականատերերն իրենք հաճախ անգործություն են դրսևորում, քանի որ բացակայում է շահագրգռվածությունը մասնակցելու բազմաբնակարան շենքերի կառավարմանը»,- ասվում է օրենքի փոփոխության նախագծում:
Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով նախագծում ամրագրվել են բազմաբնակարան շենքի կառավարման սկզբունքները: Ներկայումս գործող կարգավորումից նախագծով էական փոփոխության է ենթարկվել բազմաբնակարան շենքերի կառավարման ձևը: Նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումը իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով:
Ըստ նախագծի՝ բազմաբնակարան շենքի կառավարումը պետք է իրականացվի սեփականատերերի հանրության կողմից սեփականատերերի ժողովի միջոցով, որը բազմաբնակարան շենքի բարձրագույն կառավարման մարմինն է և որին պատկանում է կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը: Սեփականատերերի հանրությունը կարող է ընդհանուր գույքի կառավարումն իրականացնել ինքնակառավարմամբ՝ կառավարման խորհրդի միջոցով կամ կառավարչի միջոցով: Ընդ որում, կառավարչի ընտրությունը պարտադիր է բազմաբնակարան շենքում 10 և ավելի մշտապես բնակեցված բնակարանների առկայության դեպքում:
Նախագծով նաև փոփոխության է ենթարկվելու պարտադիր վճարների որոշման կարգը: Նոր կարգավորմանը համաձայն՝ սեփականատերերի ժողովն է որոշելու պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը, ինչը կհանդիսանա երաշխիք նշված վճարների համաչափության և դրանց հաշվարկման թափանցիկությունը ապահովելու նպատակով:
Սեփականատերերի համար ամրագրվել է պարտադիր աշխատանքների կատարմանն ուղղված վճարների վճարման պարտականություն, իսկ կառավարման մարմնի համար՝ այդ աշխատանքների կատարումն ապահովվելու պարտականություն:
Պարտադիր վճարների չվճարման դեպքում, բացի քաղաքացիաիրավական և դատական մեխանիզմներից, նախատեսվել է նաև, որ պարտադիր վճարները կատարված չլինելու դեպքում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն չի կատարում սեփականատիրոջ դիմումի հիման վրա անշարժ գույքի միավորի կամ դրա մասի նկատմամբ որևէ իրավունքի գրանցում:
Կառավարչի կողմից պատշաճ կառավարում չիրականացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն, իսկ կառավարման խորհրդի համար՝ քաղաքացիաիրավական:
Նախագծով սահմանվել են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների հստակ պարտականություններ: Մասնավորապես, նախագծի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին ուղղակի վտանգ սպառնացող դեպքերում միջամտել և կանխել կամ վերացնել վտանգը՝ հետագայում հետադարձ պահանջ ներկայացնելով սեփականատերերին:
Նախագծի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ սեփականատերերը կառավարիչ չեն նշանակում, որպեսզի առանց կառավարման շենքեր չլինեն, տեղական ինքնակառավարման մարմնին իրավասություն է վերապահվել նշանակել կառավարիչ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի