Հայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ
Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաջող է մեկնարկել Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 հեղինակավոր մրցաշարի հիմնական փուլում։ C խմբի մեկնարկային երկու տուրերից հետո հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր և կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ խմբային փուլում յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած է երկու պարտիայից (խաղաքարերի գույների փոփոխությամբ), իսկ միավորները հաշվարկվում են ֆուտբոլային սկզբունքով՝ 3 միավոր հաղթանակի, 1 միավոր ոչ-ոքիի և 0 միավոր պարտության համար։
Նոյեմբերի 11-ին կայացած առաջին տուրում Մարտիրոսյանի մրցակիցն ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովն էր։ Առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերով կրած պարտությունից հետո Հայկը կարողացավ պատասխան խաղում սևերով ռևանշի հասնել՝ դիմակայությունն ավարտելով 1:1 հաշվով։ Նույն սցենարով ընթացավ նաև նոյեմբերի 12-ի մրցախաղը նիդեռլանդցի Անիշ Գիրիի դեմ. առաջին պարտիայում զիջելով սևերով՝ հայ գրոսմայստերը երկրորդում սպիտակներով պարտության մատնեց մրցակցին։
Երկու խաղային օրերի արդյունքում տոնած երկու հաղթանակների շնորհիվ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 6 միավոր և Յան Նեպոմնյաշչիի հետ գլխավորում է C խմբի աղյուսակը։ Անիշ Գիրին և Շահրիյար Մամեդյարովն ունեն 5-ական միավոր, աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 4, իսկ ամերիկացի Աբհիմանյու Միշրան եզրափակում է աղյուսակը 3 միավորով։
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայկ Մարտիրոսյանին սպասվում է սկզբունքային դիմակայություն Մագնուս Կառլսենի հետ։ Վաղը՝ նոյեմբերի 14-ին, հայ շախմատիստը ուժերը կչափի Յան Նեպոմնյաշչիի, իսկ խմբային փուլի վերջին տուրում՝ նոյեմբերի 15-ին, Աբհիմանյու Միշրայի հետ։
Մրցաշարին մասնակցում են 24 էլիտար գրոսմայստերներ՝ բաժանված 4 խմբի։ Գլխավոր մրցանակի համար պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն միայն խմբերում առաջին տեղը գրաված շախմատիստները։ Խմբային փուլում հավասար միավորների դեպքում որպես լրացուցիչ ցուցանիշ հաշվի են առնվում նախապես անցկացված կայծակնային մրցաշարի արդյունքները, որտեղ հաղթող էր դարձել Մագնուս Կառլսենը (7 միավոր), երկրորդ տեղը գրավել էր Մաքսիմ Վաշիե-Լագրավը (6,5), իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (6)։