Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Կրկեսի մասին պատկերացնելիս շատերը հիշում են մանկության աղմկոտ ծափերը, գունավոր լույսերն ու այն անհամբերությունը, որով սպասում էին հաջորդ համարին։ Ոմանց համար դա պարզապես ժամանց է, իսկ ոմանց համար՝ մի ամբողջ կյանքով ձգվող հետաքրքրություն։ Գևորգ և Անդրանիկ Վարդանյան եղբայրների դեպքում կրկեսը հենց այդպես էլ սկսվել է՝ մանկությունից, ընտանիքի ներսում ձևավորված հետաքրքրությունից, որը տարիների ընթացքում դարձել է մասնագիտություն, ապա՝ սեփական գործը։
Այսօր եղբայրները շրջիկ կրկեսով ճանապարհ են անցնում Հայաստանի տարբեր բնակավայրերով՝ իրենց ներկայացումները հասցնելով նաև այն մարդկանց, որոնք հաճախ հնարավորություն չեն ունենում նման շոուներ դիտելու։ Այս անգամ նրանց կանգառը Վաղարշապատն է։ Այստեղ էլ կրկեսային վրանն ու ներկայացումների սպասող հանդիսատեսը հերթական անգամ հիշեցնում են, որ կրկեսը միայն մայրաքաղաքի կամ մեծ քաղաքների ժամանցը չէ։
Վարդանյան եղբայրների պատմությունը սկսվել է դեռ այն ժամանակ, երբ կրկեսային աշխարհը նրանց համար բեմի լույսերով ու հանդիսատեսի ծափերով լի մի հետաքրքիր միջավայր էր։ Նրանց հորեղբայրը նույնպես զբաղվել է կրկեսային արվեստով, և հենց նրա օրինակն է մեծ դեր ունեցել եղբայրների մասնագիտական ընտրության հարցում։ Սկզբում եղել է հետաքրքրությունը, հետո՝ սովորելու ցանկությունը, իսկ տարիների ընթացքում՝ սեփական ճանապարհը գտնելու որոշումը։
Ինչպե՞ս մանկության հետաքրքրությունը վերածվեց սեփական կրկես ստեղծելու մտքի
Անդրանիկ Վարդանյանի խոսքով՝ եղբայրները մոտ 5-6 տարի առաջ որոշել են հիմնել սեփական շրջիկ կրկեսը։ Նրանք նկատել են, որ Հայաստանում կրկեսային ներկայացումների հասանելիության հնարավորությունները սահմանափակ են, և որոշել են իրենց ուժերով ստեղծել մի նախաձեռնություն, որը ներկայացումները կհասցնի տարբեր համայնքներ։ Սեփական կրկես ունենալու որոշումը, սակայն, միայն գաղափարով չէր սահմանափակվում։ Անհրաժեշտ էր մարդկանց ներկայացնել նոր նախաձեռնությունը, ձևավորել հանդիսատեսի շրջանակ և հաղթահարել այն դժվարությունները, որոնք անխուսափելի են ցանկացած նոր գործ սկսելու ճանապարհին։
Ի՞նչն էր ամենադժվարը գործունեության առաջին շրջանում
«Սկզբում շատ դժվար էր։ Մարդիկ զանգում էին, հետաքրքրվում՝ կենդանիներ ունե՞նք, քանի՞ ծաղրածու է լինելու։ Պետք էր բացատրել, թե ինչ ենք ներկայացնում, ինչպիսի ծրագիր է լինելու»,- պատմում է Անդրանիկ Վարդանյանը։
Նրանց համար առաջին շրջանը նաև հանդիսատեսին ճանաչելու և սեփական աշխատանքի մասին պատկերացում ձևավորելու ժամանակ էր։ Մարդիկ հաճախ կրկեսից սպասում էին որոշակի ավանդական պատկեր՝ կենդանիներ, ծաղրածուներ և արդեն ծանոթ համարներ։ Եղբայրները պետք է կարողանային ներկայացնել իրենց ծրագիրն ու ցույց տալ, որ կրկեսային արվեստն ավելի լայն հնարավորություններ ունի։
Իսկ ինչպիսին է այսօր հանդիսատեսը
Անդրանիկ Վարդանյանը պատմում է, որ առաջին տարիներին կրկեսի հիմնական այցելուները երեխաներն էին՝ մայրերի ուղեկցությամբ։ Հայրերը երեխաներին բերում էին ներկայացման, սակայն հաճախ նախընտրում էին դրսում սպասել՝ սուրճ խմելով կամ ծխելով։
Սակայն եղբայրների համար կարևոր էր, որ կրկեսը չընկալվեր միայն որպես երեխաների ժամանցի վայր։ Նրանք սկսել են զրուցել հայրերի հետ, հետաքրքրել նրանց ներկայացումներով, ներկայացնել, թե ինչ կարող են տեսնել բեմում։ «Հետո հայրերի հետ զրույցների արդյունքում հասանք նրան, որ այսօր արդեն ամբողջ ընտանիքներով են գալիս»,- ասում է Անդրանիկը։
Այս փոքրիկ, բայց խոսուն փոփոխությունը ցույց է տալիս, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել նրանց հանդիսատեսը։ Եթե սկզբում ծնողներից մեկը պարզապես ուղեկցում էր երեխային, ապա այսօր ընտանիքի անդամները միասին են դառնում ներկայացման մասնակիցը՝ յուրաքանչյուրը գտնելով իրեն հետաքրքրողը։
Շրջիկ կրկեսի կյանքը՝ մշտական ճանապարհ
Վաղարշապատի մասին խոսելիս Անդրանիկ Վարդանյանը հատկապես ընդգծում է տեղի բնակիչների ջերմ ընդունելությունը։ Յուրաքանչյուր նոր բնակավայրում հյուրախաղերը նոր հանդիպումների, նոր արձագանքների և նոր հանդիսատեսի հետ ծանոթանալու հնարավորություն են։
Շրջիկ կրկեսի կյանքը մշտական ճանապարհ է․ մի համայնքից մյուսը տեղափոխվել, նոր վայրում աշխատանքը կազմակերպել, ներկայացումը պատրաստել ու կրկին հանդիպել հանդիսատեսին։ Այդ ճանապարհին ամենակարևորներից մեկը մարդկանց արձագանքն է, որը ցույց է տալիս՝ արդյոք կարողացել են իրենց արվեստը հասցնել նրանց, ում համար այն ստեղծել են։
Վարդանյան եղբայրների համար այս ճանապարհը սկսվել է մանկության հետաքրքրությունից, շարունակվել՝ սովորելու ու մասնագիտական փորձ ձեռք բերելու տարիներով, իսկ այսօր նրանց շրջիկ կրկեսը տարբեր համայնքների բնակիչներին հնարավորություն է տալիս մի քանի ժամով կտրվել առօրյայից և հայտնվել կրկեսի գունավոր աշխարհում։
Շողեր Ղլիջյան


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով