TRIPP նախագծի իրականացման համար ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության ստեղծման և կառավարման հատուկ կարգավորումներ սահմանող օրենսդրական փաթեթն Ազգային ժողովը քննարկել է արտահերթ նիստում՝ արագացված ընթացակարգով։ Առաջարկվում է օրենսդրական մշտական կարգավորում սահմանել միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող այն ընկերությունների համար, որոնցում պետության մասնակցությունն առնվազն 25 տոկոս է։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց երեք ժամ անց փաթեթն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում Ազգային ժողովի արտահերթ լիագումար նիստին, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ։ Յոթ նախագծերից բաղկացած փաթեթը վերաբերում է TRIPP նախագծի իրականացման համար ստեղծվելիք ընկերության ձևավորման իրավական հիմքերին։ Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցի խոսքով՝ գործադիրն առաջարկում է իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։
«Մեր օրենսդրությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով մի շարք կարգավորումների մասով պարտադիր բնույթ ունեցող պահանջներ է նախատեսում և ճկունության տեղ չի թողնում։ Մինչդեռ միջազգային պայմանագիրը չի կարող և չպետք է մանրամասն կարգավորի կորպորատիվ կառավարման հետ կապված այդ բնույթի հարցերը։ Արդյունքում կարող է անհամապատասխանություն առաջանալ միջազգային ծրագրի համաձայնեցված կառավարման մոդելի և ներպետական ընդհանուր կանոնների միջև»։
Առաջարկվող ինստիտուտը, փոխնախարարի խոսքով, հնարավորություն կտա միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար նախատեսել գործունեության ու կառավարման հատուկ պայմաններ։
«Մեր օրենսդրությունը ձեռք կբերի անհրաժեշտ ճկունություն՝ արձագանքելու պետության միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերին՝ միաժամանակ պահպանելով պետության մասնակցության և հանրային շահերի պաշտպանության երաշխիքները։ Այս ինստիտուտի անհրաժեշտությունը տեսանելի է դարձել TRIPP նախագծի շրջանակում և Ազգային ժողովի վավերացրած շրջանակային համաձայնագրի համատեքստում։ Մենք սրանով ստեղծում ենք ընդհանուր կիրառելի իրավական կառուցակարգ, որը կարող է ծառայել նաև ապագա նմանատիպ միջազգային ծրագրերի իրականացմանը»։
Հատուկ կարգավորումների կիրառումը թույլատրվելու է միայն այն դեպքում, երբ ընկերությունը ստեղծվում է Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա, և եթե այդ ընկերությունում Հայաստանի մասնակցությունը առնվազն 25 տոկոս է։
«Հատկանշական է նաև 25 տոկոս շեմի ընտրությունը, քանի որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը կարևոր որոշումների ընդունման համար պահանջում է բաժնետերերի ձայների երեք քառորդը։ Այդ պայմաններում 25 տոկոս և ավելի մասնակցությունը պետությանը հնարավորություն է տալիս ազդեցություն ունենալ կառավարման մարմիններում՝ հանրային շահը պաշտպանելու համար։ Նախատեսել ենք, որ պետության մասնակցությունը 25 տոկոսից նվազելու դեպքում այս հատուկ ռեժիմն այլևս կիրառելի չի լինի»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվում է՝ միայն միջազգային պայմանագրերի իրագործման համար ստեղծվող ընկերություններին նման հնարավորություն տալը որքանո՞վ է արդարացի բաժնետիրական մյուս ընկերությունների նկատմամբ։
«Արդյոք սա խտրական վերաբերմունք չէ՞ այն բաժնետիրական ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց առօրյա գործունեությամբ են աշխատում և աշխատելու են միջազգային ծրագրերով»։
Տիգրան Դադունցի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները սահմանվել են՝ ընկերության կառավարմանն առնչվող հարցերն ու բաժնետերերի որոշակի իրավունքները պաշտպանելու տրամաբանությամբ։
«Այս փաթեթով, օրինակ, բացառություններ են նախատեսվում խոշոր գործարքների կնքման համար անհրաժեշտ ձայների շեմից, ժողովի գումարման համար անհրաժեշտ ձայների շեմից, ինչպես նաև մի շարք այլ որոշումների կայացման համար անհրաժեշտ կարգավորումներից, որոնք կոչված են պաշտպանելու ընկերության բաժնետերերի շահերը։ Հետևաբար, եթե թույլ տանք, որ այս ճկուն կարգավորումները կիրառելի լինեն բոլոր ընկերությունների նկատմամբ, կարող ենք խաթարել, օրինակ, ընկերության փոքր բաժնետերերի շահերը»։
Առաջին ընթերցմամբ քննարկվելուց և ընդունվելուց երեք ժամ անց օրենսդրական փաթեթն ընդունվեց նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը