ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի շուրջ քննարկումները չեն դադարում։ Ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հակադրում է տեսախցիկների արձանագրած տվյալներն ու իրադարձությունների ժամանակագրությունը՝ պնդելով, որ շտապօգնությունը ժամանել է կանչից 16 րոպե անց։ Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են փոխադարձ գնահատականներ հնչեցնել, օրակարգում են մնում նաև ՔԿՀ-ներում պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ հարցերը։ «Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան դեպքի շուրջ չդադարող քննարկումներին անդրադառնալով՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ իրադարձությունների ժամանակագրությունը վերականգնվել է տեսախցիկների արձանագրությունների հիման վրա, ոչ թե խոսակցությունների։
«Այդ տեսախցիկը ֆիքսել է, որ ծառայողը մոտեցել է խցին գանգատից հետո, որից հետո ծառայողը կանչել է բուժսպասարկում իրականացնող անձին, որը մտել է խուց։ Դրանից անմիջապես հետո կանչվել է շտապօգնությունը և, ըստ արձանագրված կանչի ու հասնելու տևողության շտապօգնությունը ՔԿՀ մուտք է գործել 16 րոպե հետո»։
Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ շտապօգնությունը շատ ուշ է հասել։ Արդարադատության նախարարն ընդդիմությանը հորդորում է հետևել փաստերին։ Նրա խոսքով՝ կանչի ժամը հստակ արձանագրված է, իսկ շտապօգնության՝ 16 րոպե անց հասնելը տեղավորվում է այն ժամանակահատվածում, երբ քաղաքային պայմաններում շտապօգնությունը կարող է հասնել նաև ազատության մեջ գտնվող քաղաքացուն։ Այդ ժամանակահատվածը 15-20 րոպե է։
«Շատ լավ է, որ ընդդիմությունը այսքան բարձրաձայն խոսում է մահվան դեպքի հետ կապված։ Դա ստիպում է մեզ շատ ավելի զգոն և շատ ավելի աչալուրջ լինել և մի քանի անգամ մեր գործողությունները ստուգել։ Դա շատ լավ է։ Վատ է, որ միայն մեկ մահվան դեպքով են, իհարկե, խոսում»։
Նախորդ տարի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 20 դեպք, իսկ այս տարի սա չորրորդ նման դեպքն է։ Նախարար Գալյանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր դեպքով ուսումնասիրություններ են արվում, հարուցվում են քրեական գործեր, որոնց շրջանակում էլ գնահատական է տրվում տեղի ունեցածին։ Կոնկրետ դեպքում առողջապահության նախարարությունից հայտնել են, որ անձի ամբուլատոր քարտում որևէ հիվանդության վերաբերյալ նշում չի եղել։ Իշեմիկ խնդրի վերաբերյալ անձը գանգատներ չի ներկայացրել, այսինքն՝ բժշկական քարտերում գրառումներ չկան։
«Ավելին, դատական նիստի ընթացքում էլ առողջության հետ կապված նման խնդրի վերաբերյալ անձը որևէ նշում չի կատարել։ Ես գործընկերների հետ խոսել եմ՝ պարզելու համար, թե արդյոք դատական նիստի ընթացքում մենք արձանագրած ունեցել ենք որևէ խնդիր, որով անձին բերել ենք, որպեսզի կրկին մեզ ստուգենք զննության ընթացքում, գուցե, ինչ-որ առումով թերացել ենք, թե ոչ և պարզել ենք, որ ոչ. Անձը որևէ բողոք չի ներկայացրել։ Ավելին՝ անձը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում կրկին չի բողոքել, այսինքն՝ չի նշել որևէ խնդրի մասին։ Ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, այդ ժամին»։
Պետությունը ՔԿՀ-ներում գտնվող բոլոր անձանց նկատմամբ ունի պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու պատժի կրման պատշաճ պայմաններ և բժշկական պատշաճ սպասարկում՝ հավելեց Գալյանը։ ՔԿՀ-ներում պահման պայմանների հարցը ընդդիմության ներկայացուցիչները բարձրացրել են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցի օրինակով։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն առանձին անձանց, այլև ՔԿՀ-ներում առկա պայմաններին։
«Ու կապ չունի այնտեղ նախագահ Քոչարյանն է նստած, թե որևէ այլ անհատ. այդ խցերը պետք է ուղղակի գոյություն չունենան, այնքան վատ պայմաններ են, ոչ մի միջազգային ստանդարտի չհամապատասխանող։ Հիմա, Արսեն Գևորգյանի մահը ողբերգություն է, բայց դրանից հետևություններ պետք է արվեն։ Նույն դատախազը, որ գնում է պաշտպանում կալանքի միջնորդությունը, դատավորը, որ հետո դակում է։ Իրենք բոլորը պետք է հետևություններ անեն ու իմանան, որ վաղ թե ուշ կրելու են պատասխանատվություն այս ամենի համար»։
ՔԿՀ-ներում VIP պայմաններ չեն կարող լինել․ պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան չոտնահարել մարդու արժանապատվությունը և բացառել վատ վերաբերմունքը։ Այսպես է խցային պայմանների վերաբերյալ մեղադրանքներին հակադարձում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Անձը իր խափանման միջոցը կրում է մի խցում, որտեղ նախկինում մեկից ավել անձինք են խափանման միջոցը կրել։ Այդ խուցն ունի 7–7,5 քմ տարածք, իսկ միջազգային չափանիշներով 4 քմ տարածքն արդեն բավարար է անձի համար։ Այսինքն՝ ստանդարտը, ըստ էության, դա է այն մակերեսով խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են պահվել։ Մեզ ներկայացված դիմումով բողոքել էին, որ վերևի մահճակալը խանգարում է իրեն նստել, շարժվել, ինչպես նաև խոչընդոտում է լույսի ներթափանցմանը։ Մենք ընդառաջ ենք գնացել այդ խնդրանքին և հանել ենք երկրորդ մահճակալը»։
Նախարարն ասում է՝ ընդդիմությունը խոսում է միայն մեկ մահվան դեպքի մասին, իսկ իրենք մտահոգված են բոլոր նման դեպքերով, որոնք ստիպում են վերանայել քայլերը, հետևություններ անել։ Արսեն Գևորգյանի մահվան դեպքը, ըստ նախարարի, իրադարձությունների ժամանակագրությունից ելնելով՝ դժբախտ պատահար է։ Գալյանը նաև վստահեցնում է՝ պատրաստ է լսել հարցերն ու պարզաբանումներ տալ։
armradio.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը