Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները
Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը, որի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացված եզրափակիչ փուլից հետո հայտնի դարձան մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։
Մրցույթը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ ստեղծելով միջազգային հարթակ՝ մասնագիտական կարողությունները ներկայացնելու, ստեղծագործական փորձի փոխանակման և դասական երաժշտության միջոցով մշակութային երկխոսությունը զարգացնելու համար։ Մրցույթի առանցքում Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն էր՝ ամբողջ աշխարհից Չինաստան ժամանած երիտասարդ կատարողների շրջանում։
Մրցույթն այս տարի առանձնացավ լայն աշխարհագրական ընդգրկմամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլին հաջորդեցին տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցույթն անցկացվեց հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավորություն է տրվել հետևելու նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։
Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջազգային բեմում նվագախմբի հետ ելույթ ունենալը երիտասարդ երաժիշտների համար դարձավ արժեքավոր մասնագիտական փորձառություն՝ հնարավորություն ընձեռելով դրսևորելու իրենց կատարողական վարպետությունն ու բացահայտելու ստեղծագործական ներուժը։
Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։
Մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։
Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է