Եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում ո՞րն է լինելու խաղաղապահների մանդատը. Մարկարով
Ռուսաստանը բնականաբար ուզում է պահպանել իր կարգավիճակը եւ ազդեցությունը Հարավային Կովկասում եւ այդ տեսանկյունից ի հայտ է գալիս խաղաղապահների հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:
«Այսինքն եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքում Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում ներառված միավոր, եւ արցախահայության իրավունքները պաշտպանված են Ադրբեջանի պետության կողմից, այդ դեպքում ո՞րն է լինելու խաղաղապահների մանդատը եւ ինչպես նրանք կարող են շարունակել իրենց առաքելությունը:
Իհարկե, Ռուսաստանն ունի ցանկություն պահպանել իր ազդեցությունը Հայավային Կովկասում, բայց դրա համար պետք են գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կապահովեն այդ ազդեցության պահպանությունը: Մեխանիզմներից մեկը խաղաղապահների առկայությունն է, Հայաստանի պարագայում տնտեսական համագործակցությունն է եւ ռուսական ռազմաբազան»,-ասաց Մարկարովը:
Նա նաեւ նկատեց, որ երբ տեղի է ունենում պայքար ազդեցության համար, այդ պայքարում տվյալ պահին ավելի շատ ազդեցության մեխանիզմներ ունեցողը գտնվում է ավելի բարվոք վիճակում. «Հիմա Ռուսաստանի հիմնական ուշադրությունը Ուկրաինայում է, բայց ասել, որ նրանք մոռանում են Հարավային Կովկասի մասին, երեւի բարդ է, որովհետեւ նրանք գիտակցում են, որ նվազեցնելով սեփական ազդեցությունը Հայավային Կովկասում, նրանք հետագայում կարող են հանդիպել խնդիրների ոչ թե իրենց սահմանների մոտ, այլ սեփական պետության ներսում»,-ասաց քաղաքագետը: