Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը վերականգնվում է
Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ մեկնարկել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնմանն աջակցելու խնդրանքով Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը:
Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը ստեղծվել է 1964–1966 թթ., նկարիչներ Հովհաննես Մինասյանի և Հենրիկ Մամյանի կողմից: Խոնավության հետևանքով այն զգալի վնասներ է կրել: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կան հատվածներ, որտեղ ներկաշերտը փոշիացել է և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել է որմնանկարների գույները:
Վերականգնման աշխատանքներն իրականացնում է Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: «Որմնանկարը հիմնականում վնասվել է ներթափանցած անձրևաջրերից, որոնք քայքայել են դրանց վերին շերտը։ Մենք առաջին փուլով կատարում ենք ներկի շերտի նախնական մաքրումներ, այնուհետև՝ դրա ամրակայում կանենք և հետո նորից կանդրադառնանք ներկի շերտի մաքրման աշխատանքներին»,-ասել է Արժանիկ Հովհաննիսյանը՝ կարևորելով որմնանկարի պահպանությունը, քանի որ դրանք եզակի են և արժեքավոր:
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանի խոսքով՝ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարն անգերազանցելի գանձ է, որը պետք է հետագա սերունդներին հանձնել իր ողջ գեղեցկությամբ։ «Որմնանկարի պահպանությունը և հետագա սերունդներին փոխանցելու պատասխանատվությունն օրհասական էր դառնում, քանի որ այն օր օրի կորցնում էր իր գեղեցկությունը։ Մեր բարձրաձայնած խնդրին արձագանքեց նախագահ Արմեն Սարգսյանը և հանձնառություն ցուցաբերեց օգնել պահպանելու այս գոհարը»,-ասել է Տեր Վիգենը:
Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևում կատարվող աշխատանքներին: «Երախտապարտ ենք նախագահ Արմեն Սարգսյանին, թեմին, մասնագետներին։ Հրաշք է, որ աշխատանքներն արդեն սկսվել են»,-ասել է Մարտին Մինասյանը: «Մեր ծնողները նվիրումով, սիրով են կատարել այս աշխատանքը: Ներկայում հրաշալի գործ է արվում, և Հանրապետության նախագահի բարի կամքով վերականգնվում է որմնանկար, որը լավագույններից է»,-նշել է Հենրիկ Մամյանի դուստրը։
Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:
Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվելու է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա