Քաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանք
Կանանց քաղաքական մասնակցությունը միայն ընտրություններին մասնակցելու կամ որևէ պաշտոն զբաղեցնելու հարց չէ։ Այն նաև որոշումների կայացման գործընթացում կանանց ձայնի, համայնքի խնդիրների ձևակերպման և այդ խնդիրների շուրջ որոշումներ ընդունելու հնարավորության մասին է։ Տեղական ինքնակառավարման մակարդակում այս հարցն առավել տեսանելի է, քանի որ հենց համայնքային իշխանության մակարդակում են քննարկվում մարդկանց առօրյային անմիջականորեն վերաբերող հարցերը՝ ճանապարհներից ու տրանսպորտից մինչև կրթություն, սոցիալական ծրագրեր և համայնքային ծառայություններ։
Հայաստանում կանանց ներկայացվածությունը տեղական ներկայացուցչական մարմիններում վերջին տարիներին աճել է։ ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականի դրությամբ Հայաստանի տեղական ներկայացուցչական մարմիններում ընտրված անդամների 28.8 տոկոսը կանայք են՝ 377 կին և 932 տղամարդ։ Միևնույն ժամանակ, ընդհանուր ազգային ցուցանիշը չի նշանակում, որ նույն պատկերն է նաև յուրաքանչյուր համայնքում։ Փոքր բնակավայրերում քաղաքական մասնակցության վրա կարող են ազդել համայնքի սոցիալական կառուցվածքը, ընտանիքի և համայնքի ներսում ձևավորված հարաբերությունները, ավանդույթներն ու հանրային սպասումները։
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները դրա կոնկրետ օրինակներից մեկն են։ Լոռու մարզի Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով՝ անհատ թեկնածուների մասնակցությամբ։ Այս համակարգում կուսակցական ցուցակների գենդերային ներկայացվածության մեխանիզմը չի գործում, քանի որ ընտրողը քվեարկում է առանձին թեկնածուների օգտին։
Երեք համայնքների ընտրական պատկերը բավական խոսուն է։ Լերմոնտովոյի ավագանու հինգ մանդատի համար առաջադրված թեկնածուների թվում մեկ կին էր։ Ֆերիկում հինգ մանդատի համար առաջադրված թեկնածուների թվում կին չկար։ Արզնիում յոթ մանդատի համար առաջադրված 17 թեկնածուներից ևս` միայն մեկն էր կին։ Այսպիսով, երեք համայնքներում ընդհանուր 27 թեկնածուներից ընդամենը երկուսն էին կանայք։
Կանանց քաղաքական մասնակցության մասին խոսելիս հաճախ առաջինը քննարկվում են իրավական կամ ինստիտուցիոնալ խոչընդոտները։ Բայց հատկապես փոքր համայնքների դեպքում դրան զուգահեռ կա մեկ այլ, ոչ պակաս կարևոր շերտ՝ սոցիալական միջավայրը։ Կինը կարող է ունենալ ընտրելու իրավունք, կրթություն, մասնագիտական փորձ և համայնքային խնդիրների վերաբերյալ սեփական պատկերացում, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա ինքնաբերաբար որոշում է առաջադրվել կամ հանրային պաշտոն ստանձնել։
Քաղաքականությունը պահանջում է հանրային ներկայություն։ Իսկ փոքր համայնքում այդ ներկայությունը հաճախ շատ ավելի անմիջական է, քան մեծ քաղաքում․ թեկնածուն ընտրողին ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև հարևան, բարեկամ, ուսուցիչ, համայնքի անդամ։ Հետևաբար քաղաքական որոշումը կարող է ընկալվել նաև ընտանիքի և համայնքի հարաբերությունների համատեքստում։
Այստեղ առաջանում է նաև հասարակության կողմից կանանց և տղամարդկանց դերերի տարբեր ընկալման հարցը։ Եթե տղամարդու քաղաքական կամ համայնքային ակտիվությունը սովորաբար ընկալվում է որպես հանրային գործունեություն, կնոջ նույն որոշման դեպքում կարող են առաջանալ այլ սպասումներ՝ կապված ընտանիքի, երեխաների, կենցաղային պարտականությունների հետ։
Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների դեպքում այս հարցը ստանում է ևս մեկ շերտ։ Ֆերիկը ամբողջությամբ եզդիաբնակ գյուղ է, Լերմոնտովոն հայտնի է ռուս մոլոկան բնակչությամբ, իսկ Արզնիում կա մեծ ասորական համայնք։ Այս համայնքներում կանանց քաղաքական մասնակցության ուսումնասիրությունը պետք է հաշվի առնի ոչ միայն գենդերային, այլև համայնքային առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, որևէ համայնքի ավանդույթների կամ մշակութային առանձնահատկությունների մասին ընդհանրացումներ անելը միայն ընտրական թվերից ճիշտ չէ։
Ֆերիկի օրինակը հատկապես հետաքրքիր է։ Այստեղ հինգ մանդատի համար առաջադրվել էր հինգ թեկնածու, և նրանցից ոչ մեկը կին չէր։ Լերմոնտովոյում պատկերը փոքր-ինչ այլ էր․ ավագանու հինգ անդամների թվում մեկ կին թեկնածու կար՝ 62-ամյա Աստղիկ Մկրտչյանը, որը նույնպես ընտրվեց։ Արզնիում, հակառակը, ընտրական մրցակցությունն ավելի մեծ էր․ 17 թեկնածու պայքարում էր յոթ մանդատի համար, սակայն այդ 17-ի թվում նույնպես միայն մեկ կին կար, որը սակայն չընտրվեց։
Այս պատկերի շուրջ կարևոր է լսել հենց ազգային փոքրամասնության համայնքից կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդկանց։ «Եզդի կանայք հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լենա Միրզոյանը նշում է՝ կանանց քաղաքական մասնակցության սահմանափակ լինելը պետք է դիտարկել ոչ միայն ընտրական գործընթացի, այլև այն սոցիալական միջավայրի համատեքստում, որտեղ ձևավորվում են կանանց որոշումները՝ կրթություն ստանալու, աշխատելու, հանրային գործունեությամբ զբաղվելու և համայնքի կյանքում իրենց ձայնը բարձրաձայնելու մասին։
Պատասխանը միայն ընտրական օրենսգրքում կամ քվոտաների կիրառման մեջ փնտրելը բավարար չէ։ Մեծամասնական ընտրակարգում կուսակցական ցուցակների գենդերային հավասարակշռության մեխանիզմը բացակայում է, ուստի այստեղ ավելի տեսանելի է դառնում անհատի՝ առաջադրվելու որոշումը։ Իսկ այդ որոշումը ձևավորվում է ընտանիքում, համայնքում, կրթական և սոցիալական միջավայրում։
Ուստի հարցը, թե «քաղաքականության մեջ ո՞ւր են կանայք», միայն կանանց թվի մասին չէ։ Այն նաև այն մասին է, թե ինչպիսի՞ քաղաքական միջավայր է ստեղծվում նրանց համար, ինչպիսի՞ ակնկալիքներ ունի համայնքը նրանցից և արդյոք կինը իրեն տեսնում է ոչ միայն որպես ընտրող, այլև որպես որոշում կայացնող։
Երեք համայնքների սեպտեմբերի 27-ի ընտրությունները ցույց տվեցին թվային պատկերը՝ 27 թեկնածուից երկու կին։ Հաջորդ հարցը արդեն այդ թվի հետևում գտնվող պատմությունն է՝ ինչու՞ է այդպես և ի՞նչ է պետք փոխել, որպեսզի համայնքի քաղաքական կյանքում կնոջ ներկայությունը կախված չլինի միայն մեկ-երկու անհատից։
Շողեր Ղլիջյան


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա