Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։
Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։
Դատարանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները պնդեցին նախևառաջ անդրադառնալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությանը։
«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը։
Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25–ին ժամը 16։00–ին։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում