Մենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում պորտուգալական «Տորենսեն» տնային խաղում 3-2 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ Ժոաու Նունուն հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը:
«Սա անմոռանալի երեկո է ակումբի և մեր երկրպագուների համար։ Մենք ապացուցեցինք, որ Եվրոպայում որակ ունենք ու կարող ենք մրցունակ լինել, ինչպես նշել էինք նախապես։ Խաղը երկու միանգամայն տարբեր փուլ ունեցավ։ Մենք լավ մտանք խաղի մեջ, և քանի դեռ հավասար կազմերով էինք (11-ը 11-ի դեմ), ամեն ինչ լավ էր. գնդակով ավելի որակյալ էինք գործում, կարողանում էինք ազատ տարածություններ գտնել։
Կարմիր քարտից հետո մեզ համար ավելի բարդ ժամանակահատված սկսվեց, ստիպված էինք մի փոքր տառապել։ Եղան պահեր, երբ ստիպված էինք ավելի խորը պաշտպանվել, քան ծրագրել էինք, դժվարություններ ունեինք եզրերը պաշտպանելիս, բայց մենք միշտ հավատում էինք ու սպասում մեր պահին: Ավելի լավ եվրոպական նորամուտ չէի էլ կարող ցանկանալ: Սա էպիկ հաղթանակ էր»։
«Գոհ եմ վաստակած երեք միավորից. դա այն էր, ինչ մենք ցանկանում էինք այս խաղում: Ցանկանում ենք շարունակել բարձր պահել պորտուգալական ֆուտբոլի պատիվը, և կարծում եմ՝ այսօր մենք դրա բարձրության վրա էինք։ Բոլոր պորտուգալացիները կարող են հպարտանալ մեզանով։ Մեր տրամադրվածությունը չի փոխվում. առջևում «Սելտիկի» դեմ խաղն է, և մենք պայքարելու ենք՝ փորձելով միավորներ վաստակել և հաղթել: Բոլոր հաշվարկները կանենք լիգայի փուլի ավարտին, բայց թույլ տվեք մեզ երազել, քանի որ մենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել»:
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հաջորդ տուրում «Տորենսեն» նոյեմբերի 26-ին մրցելու է շոտլանդական «Սելտիկի» հետ: