Մենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 2-3 հաշվով դրամատիկ պարտություն կրեց պորտուգալական «Տորենսեյից»:
Խաղի ընթացքի և մրցակցի ֆուտբոլիստի հեռացման մասին
«Պաշտպանությունում մենք չէինք ցանկանում ցածր բլոկով խաղալ, այլ ուզում էինք վերահսկել խաղը։ Սկզբում դժվարություններ եղան պրեսինգի անցնելիս։ Մենք խաղում էինք 3-ը 1-ի դեմ, ինչը բարդացնում էր եզրերի վերահսկումը։ Կենտրոնում ևս վերահսկողության հետ կապված խնդիրներ եղան։ Մրցակցի կարմիր քարտից հետո խաղային իրավիճակը փոխվեց, սակայն պետք է գնդակով համբերատար լինեինք, և «Արարատ-Արմենիան» կարողացավ վերադառնալ խաղ ու հաշիվը դարձնել 2-1։
Սակայն, երբ սպասվում էր, որ կխփենք երրորդ գոլը, գնդակ բաց թողեցինք՝ խորությունը վերահսկելու խնդրի պատճառով։ «Տորենսեն» լավ փոխանցումից հետո գոլ խփեց, մինչդեռ մենք պետք է ավելի լավ դիրքավորվեինք:
Թիմը գիտեր, որ կարմիր քարտից հետո մրցակիցը կփորձի առաջ գնալ ու հավասարեցնել հաշիվը։ Բարդ պահ է, 4 խաղում՝ 4 պարտություն, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը»։
Պաշտպանական սխալների և փորձի պակասի մասին
«Ինձ համար առաջին հերթին կարևոր է այն, թե ինչ է անում իմ թիմը։ Վերլուծելով նախորդ հանդիպումները՝ կարող եմ ասել, որ այս չորս խաղերից ամենալավն այս մեկն էր։
Պաշտպանությունում մենք շատ հաճախ ենք սխալներ թույլ տալիս, և դա մեզ դատապարտում է պարտությունների: Մենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք. այս իրավիճակն ինձ համար անթույլատրելի է: Նման գոլեր Հայաստանի առաջնությունում սովորաբար բաց չենք թողնում: Բայց այստեղ հենց որ մեկ-երկու հազարերորդական վայրկյան ուշանում ես, քեզ գոլ են խփում, որովհետև ֆուտբոլիստները որակ ունեն: Շատ կարևոր է, որ մենք արթնանանք այս մրցաշարի համար, քանի որ ցանկացած գործողություն մեծ նշանակություն ունի:
Այս խաղն էլ ցույց տվեց, որ, ամեն դեպքում, մեզ մոտ փորձի պակաս կա նման մակարդակի մրցաշարերում։ Օրինակ՝ որքան էլ «Տորենսեն» հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում, ունի փորձառու ֆուտբոլիստներ, որոնք նախկինում խաղացել են Լա լիգայում՝ «Վիլյառեալում», «Էսպանյոլում», և նման սխալներ թույլ չեն տալիս. այդպիսի սխալները միշտ պատժվում են: Ու այն, որ մենք վերջին վեց րոպեների ընթացքում երկու գոլ բաց թողեցինք, հենց նման փորձի բացակայության հետևանքն էր։
Հասկանում եմ, որ հիմա հիասթափված եք… նաև ֆուտբոլիստներն են հիասթափված: Այո՛, ես մատնանշում եմ սխալները, բայց չեմ ուզում, որ մեր ֆուտբոլիստները գլուխները կախեն: Շատ եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը: Հատակին նայելը մեզ ոչինչ չի սովորեցնի, պետք է շարունակենք աշխատել, սա ընկալենք որպես դաս, փորձ և առաջ շարժվենք»:
Ժիրայր Շաղոյանի փոխարինման և նպատակների մասին
«Շաղոյանն իսկապես փայլուն ֆուտբոլ խաղաց, նա հրաշալի էր համագործակցում թե՛ հարձակման գծի ֆուտբոլիստների, թե՛ իր եզրում Էդգար Գրիգորյանի հետ: Բայց խաղի այդ հատվածում նման որոշում կայացրի՝ մտածելով, որ Կառլոս Ֆրանսան ավելի վերտիկալ ու արագ ֆուտբոլիստ է: Նա գուցե այնքան տեխնիկապես զարգացած չէ, որքան Շաղոյանը, բայց Ֆրանսան շատ արագ է, և նրա ուժեղ կողմը հենց դա է: Խաղի այդ պահին մտածեցի, որ թիմի համար դա ճիշտ որոշում է, քանի որ «Տորենսեն» մեզ պրեսինգի էր ենթարկում, և առջևի գծում ազատ տարածություններ էին առաջանում: Իհարկե, որոշումներ կան, որոնք կայացնելիս կարող ես սխալվել կամ ճիշտ դուրս գալ: Պետք է ընդգծեմ նաև «Տորենսեի» մարզչի գործողությունները. խաղի ընթացքում նրա կատարած փոփոխությունները շատ ճիշտ և խելացի էին:
2-1 հաշվի ժամանակ մեր միտումը պաշտպանվելը չէր, այլ հարձակումը, որոշեցինք գրոհել, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։
Լիգայի փուլից առաջ նպատակ էի դրել իմ ու թիմի առաջ, որ մենք հասնենք անցումային փլեյ-օֆֆ։ Հիմա դա շատ ավելի բարդ է, քիչ խաղեր են մնացել: Բայց եթե մենք չկարողանանք հասնել անցումային փլեյ-օֆֆ, դա ամբողջությամբ իմ պատասխանատվությունն է, ես իմ ուսերին եմ վերցնում այն: Մրցաշրջանում նաև այլ մեծ նպատակ ունենք՝ Հայաստանի չեմպիոն դառնալը»։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում