Սերգեյ Սվետլակովը պատմել է ТНТ-ից հեռանալու եւ Ջանիբեկյանի հետ հարաբերությունների մասին
Սերգեյ Սվետլակովը «Осторожно, Собчак» YouTube-յան շոուի հերթական թողարկման հյուրն է եղել եւ տպավորել իր անկեղծությամբ, զրուցելու եւ ցանկացած թեմայի շուրջ խոսակցության ընթացքում հստակ շեշտադրումներ անելու կարողությամբ։ Խոսելով ТНТ-ի ղեկավարության, մասնավորապես Արթուր Ջանիբեկյանի հետ տարաձայնությունների մասին, նա ոչ մի ավելորդ բառ չի ասել։ Թեեւ, դատելով արտասանական երանգավորումից՝ ամեն դեպքում մի փոքր նեղացած էր ընկերոջից, որը երկու անգամ տեղափոխել է գործնական հանդիպումը։ Ընդ որում, Սվետլակովը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքն ու Արթուրն ամեն դեպքում ընկերներ են, եւ СТС տեղափոխվելը Ջանիբեկյանն ըմբռնումով է ընդունել։ Սվետլակովն իր քայլը բացատրել է նրանով, որ ցանկացել է զարգանալ եւ իրենն անել այն դեպքում, երբ ТНТ-ն պատասխանը ձգձգում էր կես տարի։
Հարցազրույցի ընթացքում Քսենիան ուշադրություն է դարձրել Սերգեյի նորաձեւ բաճկոնին։ «Կարելի է՞ նայել ապրանքանիշը»,- հարցրել է Քսենիան եւ զրուցակցի դրական պատասխանից հետո սկսել ուսումնասիրել պիտակը։ Հաղորդավարուհին պարզել է, որ հումորիստի բաճկոնն արժե 80 հազար ռուբլի, ժամացույցը՝ 2.5 հազար դոլար։
Սոբչակը նշել է, որ Սվետլակովն այնպիսին չէ, ինչպիսին թվում է առաջին հայացքից։ Ըստ նրա՝ հանդիսատեսին Սերգեյը ներկայացել է որպես սովորական տղա նահանգից՝ գարեջրով եւ ծխախոտով, իսկ իրականում նա «բուրժուական մարդ է», որը լյուքս հագուստ է կրում, ապրում Եվրոպայում՝ քաղաքից դուրս գտնվող նրբաճաշակ տանը։ Որպես ասվածի ապացույց՝ հաղորդավարուհին հավելել է, որ հումորիստն իր հետ հանդիպման է եկել թարմ մատնահարդարմամբ եւ նորաձեւ սանրվածքով։ «Իսկ ե՞րբ եմ ես ասել, որ չունեմ դա»,- արդարացել է հումորիստը։ Երբ Քսենիա Սոբչակը զրուցակիցն հումորով համեմատել է համասեռամոլի հետ, Սերգեյն անցել է ոչ նորմատիվ բառապաշարի։
«Դու, լեսբի, լռիր... Ես Ուրալից եմ եւ կարող եմ հարվածել: Քեզ հարկավոր է զարգանալ։ 10 տարի առաջ նստած էիր խարույկի մոտ՝ «Դոմ 2»-ում՝ պարբերաբար կարտոֆիլ նետելով՝ հետո ուտելու համար։ Այդպես էլ մնացել ես այնտեղ»,- ասում էր Սերգեյ Սվետլակովը, մինչ Սոբչակը ծիծաղում էր։