Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման 7-ամյա կրթական նոր ծրագիրը ՀՀ բուհերում ներդնելու որոշումը։ Ծրագիրը 2027-2028 ուսումնական տարվանից կներդրվի ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ կրթական և գիտահետազոտական կարողությունները բարձրագույն կրթության երեք մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա)։
Հարցը Կառավարության նիստում զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ բուհերում կստեղծվեն ռոբոտաշինության լաբորատորիկաներ և արհեստական բանականության կենտրոններ։
«Ծրագրի 7-ամյա իրականացման արդյունքում ակնկալվում է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում պատրաստել շուրջ 330 շրջանավարտ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթական մակարդակներում։ Նախատեսվում է նաև ապահովել ավելի քան 20 գիտական հրապարակում, ստանալ առնվազն 2 գյուտի արտոնագիր, կազմակերպել 14 միջազգային գիտաժողով և աշխատաժողով՝ Հայաստանը դարձնելով այս ուղղությամբ միջազգային հետազոտական հարթակ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։
Նա տեղեկացրել է, որ կրթական նոր ծրագիրը նախատեսված է բուհերի դիմորդների, ինչպես նաև համապատասխան բազային կրթություն ունեցող ուսանողների համար։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ներգրավել առնվազն 3 երկարաժամկետ ավագ գիտնականի, ավելի քան 12 հետդոկտորական հետազոտողի և 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականի։ Կվերազինվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան՝ վերածվելով ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիայի։
Ծրագիրը միտված է գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանմանը, բուհերում գիտահետազոտական գործունեության ընդլայնմանը և հայկական բուհերի միջազգային մրցունակության բարձրացմանը։ Ծրագրի 7-ամյա իրականացման համար նախատեսվում է շուրջ 4.8 մլրդ դրամի ընդհանուր ներդրում՝ պետություն-մասնավոր հատված համաֆինանսավորման սկզբունքով՝ Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ հիմնադրված «բա-ԳԻՆ-Գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամի (ARCS.ai) հետ համագործակցությամբ։
Նախարարը նաև նշել է, որ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մեկնարկային փուլի համար հատկացվել է 168.4 մլն դրամ ֆինանսավորում։ Այն հիմնականում կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասի ապահովմանը, իսկ մասնավոր հատվածի համաֆինանսավորումը հնարավորություն կտա ձևավորել միջազգային մակարդակում մրցունակ վարձատրության պայմաններ։ Հետագայում նախատեսվում է նաև ներգրավել միջազգային դրամաշնորհներ և նվիրատվական հիմնադրամի (էնդաումենթի) եկամուտներ։
Ծրագրի ընթացքն ապահովելու համար հաջորդաբար նախատեսվում է նաև շուրջ 484.2 մլն դրամի կապիտալ ներդրում՝ երկու ժամանակակից ռոբոտաշինական լաբորատորիաների ձևավորման և տեխնիկական հագեցման նպատակով։
Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է նաև ներկայացնել 10 և ավելի միջազգային դրամաշնորհային հայտ, ներգրավել առնվազն 2 խոշոր դրամաշնորհ՝ նպաստելով առնվազն 5 ստարտափ կամ սփին-օֆֆ ընկերության ստեղծմանը։
Նախաձեռնությամբ նաև տեխնոլոգիական համալսարանի հիմքն է դրվում, որը, ինչպես նախարարն է ասել, բուհական բարեփոխումների կարևոր թիրախներից է։
Անդրադառնալով ծրագրի ռազմավարական նշանակությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի գիտելիքի տնտեսականացումը։
«Պետք է ձգտենք Հայաստանում ունենալ այս ոլորտի արդյունաբերական հզորություններ կամ ձևավորել համապատասխան ներդրումների համար բարենպաստ միջավայր։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել գիտական և մասնագիտական կարողությունները, ինչին էլ ուղղված է այս ծրագիրը»,- նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև բուհերում ժամանակակից հետազոտական լաբորատորիաների ձևավորումը և սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը՝ ընդգծելով Հայաստանը ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում ներդրումների համար գրավիչ դարձնելու հեռահար նպատակը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում