Ամերիկացի զինվորականները երեքշաբթի օրը արևելյան ժամանակով 17:00-ին (բրիտանական ամառային ժամանակով 22:00-ին) սկսել են հարվածները՝ ի պատասխան ուղղաթիռի խոցման, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Այս առաքելությունը համաչափ պատասխան է Իրանի չարդարացված ագրեսիային», — ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության մի քանի համակարգերի և ռադարների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը նախօրեին Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է ամերիկյան Apache մարտական ուղղաթիռ։
«Մեր հրաշալի բանակը հենց նոր տեղեկացրեց ինձ, որ անցած երեկո իրանցիները Հորմուզի նեղուցում պարեկության ժամանակ խոցել են մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը, — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ — Այնտեղ երկու օդաչու կար, երկուսն էլ ողջ և առողջ են։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պետք է պատասխանի այս հարձակմանը»։
ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին հասցվող պատասխան հարվածները լինելու են «շատ ուժեղ»։
«Մենք հենց հիմա պատասխանում ենք», — ասել է ԱՄՆ նախագահը և հավելել. «Սա պատասխան է այն ամենին, ինչ նրանք արեցին, ինչ արեցին մեր ուղղաթիռին անցած գիշեր, և ես կարծում եմ, որ պատասխանը պետք է լինի շատ ուժեղ, շատ հզոր, և հենց այդպիսին էլ այն կա»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում մեկնաբանել է ամերիկյան նոր հարվածները։
«Չնայած մարտադաշտում իրենց պարտություններին՝ ԱՄՆ-ը որոշել է ստուգել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք», — գրել է նա և հավելել. «Լքեք մեր տարածաշրջանը, եթե ցանկանում եք անվտանգ լինել»։
Tasnim գործակալությունը ավելի ուշ փոխանցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունն այն մասին, որ Իրանը հրթիռներ և անօդաչուներ է արձակել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ։
Օրմուզի նեղուցի շրջանում նախօրեին ուշ երեկոյան՝ ըստ Վաշինգտոնի ժամանակի (Եվրոպայում առավոտ էր), ուղղաթիռի կործանման մասին անանուն աղբյուրներին հղումով հայտնել էր New York Times թերթը։ Շուտով կործանման փաստը հաստատել է նաև Թրամփը, սակայն ո՛չ թերթը, ո՛չ նախագահը չեն հայտնել, թե ինչու հենց ուղղաթիռը ընկավ։
Իրանը ուղիղ չի հայտարարել, որ հենց իր զինվորականներն են խոցել ամերիկյան ուղղաթիռը, սակայն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թրամփի հայտարարությունից որոշ ժամանակ անց կոչ է արել օտարերկրյա զորքերին լքել Հորմուզի նեղուցը և հարակից շրջանները՝ զգուշացնելով, որ նրանց վտանգ է սպառնում։
«Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր չէ, այլ գտնվում է Իրանի և Օմանի համատեղ տիրապետության ներքո… Մեր տարածքին մոտ գտնվող օտարերկրյա զորքերը մշտական ռիսկի են ենթարկվում իրենց իսկ մարդկային սխալների, պարզ դժբախտ պատահարների կամ խաչաձև կրակի տակ հայտնվելու հնարավոր վտանգի պատճառով», — գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
«Ռիսկը նվազեցնելու համար նրանց լավագույն լուծումը հեռանալն է», — հավելել է նա։
Մինչ Թրամփը կհրապարակի իր գրառումը, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ երեքշաբթի գիշերը Պարսից ծոցում փրկվել են կործանված Apache ուղղաթիռի երկու օդաչուները։
Հրամանատարության մամուլի քարտուղարը BBC-ին ասել է, որ ուղղաթիռի օդաչուները ջրից փրկվել են Բահրեյնում տեղակայված ամերիկյան անօդաչու համակարգերի հատուկ ստորաբաժանման՝ Task Force 59-ի ծովային դրոնի միջոցով։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ դրոնը վերցրել է օդաչուներին և նրանց հասցրել ծովում գտնվող որոշակի, բայց չնշված վայր, որտեղից նրանց վերցրել է մեկ այլ ուղղաթիռ։


















































ԱՄՆ-ն հարվածել է իրանական օբյեկտներին, Իրանը պատասխանել է
The New York Times․ ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են իրանական տնտեսությունում ներդրումների հիմնադրամ ստեղծելու հարցը
Իրանը հայտնել է ԱՄՆ և Իսրայելի հարվածներից կրած հարյուր միլիարդավոր դոլարների վնասի մասին
ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է ավելի քան 95 մլրդ դոլար
Հորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. Թրամփ
Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը