Էրդողանի ամբիցիաները և Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը
Հոկտեմբերի 29-ին լրացավ Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը։ Թեեւ ինչ-որ առանձնահատուկ իրադարձության կամ հայտարարության սպասում կար, սակայն, ինչպես նկատում է փորձագետ Արիֆ Ասալիօղլուն, ոչ մի նմանատիպ բան տեղի չունեցավ։ Կարեւորը, թերեւս, ի աջակցություն Գազայի սեկտորի կազմակերպված հանրահավաքն էր։ Ու այն, որ միայն այդ հանրահավաքը դարձավ կարեւոր իրադարձություն Թուրքիայի Հանրապետության 100-ամյա հոբելյանին, շատ փորձագետների մոտ հարց առաջացրեց, թե արդյոք միտումնավո՞ր չէր, որ Էրդողանը փորձում է նման կարեւոր իրադարձությունը «ստվերել», կամ՝ ի՞նչ կա այդ միտումի հետեւում թաքնված։
Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում գտնվելու ողջ այս ժամանակաշրջանը եթե ուսումնասիրենք, ապա միանգամից աչքի կզարնի այն, որ Էրդողանն ունի ակնհայտ ամբիցիա՝ դառնալու թուրք ժողովրդի նոր առաջնորդ եւ ինչու չէ՝ նաեւ, եթե նման հնարավորություն ունենա, իսլամական աշխարհի առաջնորդ (թեկուզ՝ թյուրքական աշխարհի առաջնորդ)։ Դրա համար էլ թերեւս որդեգրել է այնպիսի մի գիծ, որով ցանկանում է մոռացնել տալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքին։ Էրդողանի համար կարեւոր է այլ բան՝ ամրացնել սեփական դիրքերը տարածաշրջանում, փորձել դուրս գալ հնարավորինս երեւացող տեղ՝ որպես համաշխարհային քաղաքական դերակատարության մասնակից, եւ հասնել իշխանության կոնսոլիդացիայի։
Նրա համար ՀԱՄԱՍ-ի արդարացումը կամ փախստականների՝ սեփական շահերի համար շահարկման թեմա դարձնելը կամ համաիսլամական ժեստերն այլ բան չեն, քան միայն գործիքներ՝ իր ամբիցիաներին հասնելու համար։ Ընդհանուր բնութագրմամբ՝ նրա համար քաղաքական իսլամն այն գործիքն է, որով ուզում է հասնել իր ամբիցիաներին։ Իր վարած տակտիկայով նա այնքան էլ հեռու չէ Աթաթյուրքից։ Ավելին, նա, ըստ էության, փորձում է իրենով ծածկել Աթաթյուրքի վաստակն ու ֆիգուրը։ Նույնիսկ նախագահական վերջին ընտրությունների քարոզարշավին կրկնում է այցերի այն երթուղին՝ Սամսուն, ապա Էրզրում այցելելով, որոնք Քեմալն էր ժամանակին ընտրել՝ Անկախության պատերազմի համար։
Դեմ լինելով քեմալականության աշխարհիկ եւ գաղափարական հենքին, ներկայանալով որպես կրոնասեր՝ Էրդողանը, սակայն, հիանալիորեն կարողանում է օգտագործել Աթաթյուրքի տակտիկան նույնիսկ իր ընդդիմախոսներին «դավաճան» հայտարարելու եւ «առաջնորդի պաշտամունքը» հաստատելու մասով։ Այս ամենը, իհարկե, շատ վտանգավոր է հենց թուրքական ժողովրդի եւ թուրքական հասարակության համար։ Ամեն դեպքում, Աթաթյուրքն աշխարհիկության ջատագովն էր, եւ նրա տակտիկան չէր զուգորդվում իսլամական կրոնամոլության հետ։ Էրդողանի պարագայում, սակայն, կա մի վտանգ։ «Առաջնորդի պաշտամունքը»՝ կրոնասիրությամբ համադրված, կարող է հանգեցնել նրան, որ պետական քարոզչությունը, սկսելով խաղալ հասարակ թուրքերի «կրոնական լարերի» վրա, աստիճանաբար փորձի այդ նույն առաջնորդին ներկայացնել որպես «խոստացված փրկիչ» (Մահդի)։ Իհարկե, «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից եթե դիտենք, ապա Թուրքիան չի ձգի այն դերակատարությանը, որը համահունչ է Էրդողանի ամբիցիաներին, սակայն զուտ թուրքական հասարակության ռադիկալացման առումով այն, ինչ արվում է հիմա, շատ վտանգավոր է եւ զգաստացնող։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը