Գյումրիում խոստացված ազատ տնտեսական գոտին կյանքի չի կոչվում. ընկերությունը գործունեությունը դադարեցրել է.
Ավելին քան երեք տարի առաջ՝ 2019-ի օգոստոսի 29-ին, կառավարությունը որոշեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծել, որը պետք է զբաղվեր լոգիստիկ և արտադրական գործունեությամբ։ ԱՏԳ-ի ժամկետը սահմանվեց 40 տարի և ճանաչվեց ԱՏԳ-ի կազմակերպիչ ընկերությունը, հաղորդում է Civilnet.am-ը:
Ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու նպատակով։ ԱՏԳ-ի կազմակերպիչ և շահագործող ընկերություններն ազատվում են բոլոր տեսակի հարկերից՝ բացառությամբ եկամտային հարկից։
Գյումրում ԱՏԳ-ի նախագծի հեղինակ և կազմակերպիչ ճանաչվել էր «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն, որը կառավարությանը ներկայացրած բիզնես ծրագրով խոստացել էր առաջիկա 10-12 տարիների ընթացքում կառուցել 320 հեկտար տարածքով ազատ տնտեսական գոտի, որն ուղղակի և անուղղակի ավելի քան 56 հազար աշխատատեղ պետք է ապահովեր, ներգրավեր մոտ 540 միլիոն դոլարի արտասահմանյան ուղղակի ներդրումներ և այլն։
Ծրագիրը պետք է իրագործվեր փուլ առ փուլ․ առաջին փուլով 3 տարվա ընթացքում պետության կողմից տրամադրվող 30 հեկտար տարածքի վրա պետք է շինարարություն իրականացվեր և գործարկվեր ազատ տնտեսական գոտին, ընկերությունը 2023-ի դրությամբ մոտ 100 աշխատակից պետք է ունենար։
Ընկերությունը իսրայելական է
«Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, համաձայն պետռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2017-ի սեպտեմբերին, բաժնետերերը մշտապես եղել են Իսրայելի քաղաքացիներ և ընկերություններ։
Ընկերության գործունեությունը դադարեցված է, աշխատողներ չկան
Այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարության կայքում Գործող ազատ տնտեսական գոտիների ցանկում Գյումրու ԱՏԳ-ն բացակայում է, իսկ համացանցում ԱՏԳ-ի և կազմակերպիչ ընկերության մասին նոր հիշատակումներ չկան։ Ընկերությունը բացակայում է նաև ԱՏԳ-ում շահագործողներին տրվող թույլտվության ռեեստրում։
Համաձայն Պետեկամուտների կոմիտեի ռեգիստրի՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությունը, որը արդեն իսկ պետք է կառուցած և գործարկած լիներ ԱՏԳ-ի մի մասը, ներկայում դադարեցրել է իր գործունեությունը։
Google Earth-ի արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ ԱՏԳ-ի համար նախատեսված տարածքում որևե հողային աշխատանքներ չեն կատարվել։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանի հետ, որը հայտնեց, որ ընկերության գործունեությունը դադարեցված է, իսկ ծրագիրը կասեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ըստ Մաղաքյանի՝ ծրագիրը այլևս չի նախատեսվում գործարկել։
«Պատճառը ավելի շուտ կորոնավիրուսի հետ էր կապված։ 2020-ի սկզբից արդեն, երբ պիտի աշխատանքները պլանավորեինք, համավարակը սկսվեց և շարժը կանգնեց, արդեն հնարավոր չէր գնալ-գալ, մեր դրսի գործընկերները չէին կարողանում գալ։ Քննարկումները կառավարության հետ կանգնեցին, հետո պատերազմը սկսվեց։ Ծրագրի մեկնարկ չի նախատեսվում»,- պարզաբանեց Մաղաքյանը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ կառավարության համապատասխան որոշումից հետո ընկերության ներկայացրած պատճառաբանությունների հետևանքով պայմանագիրը չի կնքվել: «Ներկայում քննարկվում է ստեղծված գոտու հետագա կարգավիճակի հարցը»,- նշված է նախարարության գրության մեջ:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում