ՀՀ ՊՆ ու Արցախի ՊԲ-ն փաստում են՝ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են փոխանցել պետական գաղտնիք պարունակող նյութեր
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան դա փաստել են թե ՀՀ պաշտպանության նախարարությունը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Աղդամի, ապա՝ Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ տարածքների վերաբերյալ քարտեզները՝ դա ներկայացնելով որպես բարի կամքի դրսեւորում։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ՝ պարզելու, թե արդյոք սահմանված կարգով դրանք գաղտնազերծվել են, ով է կայացրել որոշումը՝ ականապատ տարածքների տեղորոշման վերաբերյալ փաստաթղթերն ադրբեջանցիներին տրամադրելու վերաբերյալ։ Այսպես, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, թե ականապատված տարածքների վերաբերյալ քարտեզներ անունով փաստաթղթեր չունեն, հետևաբար՝ տեղեկատվություն տրամադրել չեն կարող։ ԳՇ-ի կողմից նման պատասխան ստանալուց հետո նույն կառույցին երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ այս անգամ նշելով «ականների տեղորոշման հնարավորություն տվող որևէ փաստաթուղթ» չեզոք եզրույթը, սակայն ԳՇ-ից կրկին հրաժարվել են պատասխանել հարցերին։
«Փաստինֆո»-ն նույն հարցի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել ԱՀ ՊԲ, որտեղից նշել են, որ տեղեկատվության տրամադրել չեն կարող, քանի որ հայցվող տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ։ Նույնաբովանդակ պատասխան է ստացվել ՀՀ ՊՆ-ից։ «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հասցեագրված Ձեր 30․06․2021թ N 59-Ա-21 հարցման՝ հայտնում եմ, որ հարցման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ կառավարության 13,03,1998թ N173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ և 8-րդ կետերի պահանջները, քանի որ հարցապնդվող տեղեկությունները գաղտնի են»,- նշված է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված պատասխանում։ Այլ խոսքով՝ ՀՀ իշխանությունները առանց գաղտնազերծելու պետական գաղտնիք համարվող տեղեկատվությունը փոխանցել են թշնամի երկրին, եւ սա այն դեպքում, երբ ոչ միայն տրամադրված փաստաթղթերը, այլ անգամ դրանց գաղտնազերծված-չգաղտնազերծված լինելու մասին տեղեկատվությունը հայ հասարակության համար համարվում է պետական գաղտնիք։
Ընդգծենք, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ նշված քարտեզների փոխանցումը ներկայացրել են որպես բարի կամքի դրսեւորում, մինչդեռ այն հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով։ Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը պետական դավաճանություն է համարում պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը օտարերկրյա պետությանը փոխանցելը. «Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»,- սահմանում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը։
Ասել է, թե՝ գործ ունենք ՀՀ բարձար պաշտոնյաների կողմից առերեւույթ պետական դավաճանության դրսեւորման հետ։
Աղբյուր` Փաստինֆո


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց