Վրացական ընդդիմությունը որոշել է արտահերթ ընտրությունների հասնել ցույցերի միջոցով
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները սկսում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով համազգային արշավ: Քաղաքական գործիչների գործողությունների համատեղ ծրագիրը ներկայացվել է այսօր Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի դիմաց ընթացող հանարահավաքում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
«Այսօրվանից ընդդիմությունն անցնում է արտակարգ ռեժմի ծրագրին: Սա նշանակում է, որ մենք գնալու ենք բոլոր քաղաքները, բոլոր գյուղերը, հասնելու ենք յուրաքանչյուր ընտանիքի եւ մեր բնակչությանը համոզելու ենք, որ պայքարն իսկապես նշանակություն ունի»,- ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Զաալ Ուդումաշվիլին:
Ընդդիմությունը երկու ամսվա ընթացքում նախատեսում է տեղեկատվական հանդիպումներ եւ հանարահավաքներ անցկացնել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ մարզերում: Նախատեսվում է, որ նախընտրականից քիչ տարբերվող քարոզարշավն ավարտվելու է մայիսի 15-ին Թբիլիսիում մեծածավալ բողոքի ցույցով: Գլխավոր նպատակն անփոփոխ է՝ նոր ընտրություններ:
Ընդդիմության 54 պատգամավորներ արդեն 4 ամիս բոյկոտում են 10-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը: Իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունները կեղծվել են: Խորհրդարանական մանդատից չեն հրաժարվել երկու կուսակցություններից միայն 6 ընդդիմադիր պատգամավորներ: Ընդդիմությունը որոշել է «արտակարգ ռեժիմի ծրագրին» անցնել իշխող «Վրացական երազանքի» հետ բանակցությունների ձախողումից հետո:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ, դիվանագետ Քրիսթիանա Դանիելսոնի միջնորդությամբ մարտի 12-ին «Վրացական երազանքի» եւ ընդդիմության անդամները շարունակել էին երկրում 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սկսված քաղաքական ճգնաժամի հաղթահարման խորհրդակցությունները: Բանակցությունները տեւել են մեկ շաբաթ: Վերջին ռաունդը տեղի է ունեցել մարտի 18-ին եւ շարունակվել 9 ժամ, արդեն կեսգիշերից հետո հայտարարվել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Հանդիպման մասնակիցները չեն բացահայտում բանակցությունների մանրամասները: Միայն հայտնի է, որ քննարկվել է շրջանակային փաստաթուղթ, որը կազմվել է Շառլ Միշելի անմիջական մասնակցությամբ: Ի թիվս այլոց, օրակարգում նշվել էին ընտրական եւ դատական համակարգերի բարեփոխումները:
Փորձաքարը 2 հարց էր՝ արտահերթ ընտրությունների նշանակումը, ինչպես նաեւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի եւ ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության համասեփականատեր Գեորգի Ռուրուայի ազատ արձակումը, որոնց իշխանությունների ընդդիմախոսները քաղբանտարկյալներ են համարում:
«Վրացական երազանքում» հայտարարում են, որ երկրորդ քվեարկության անցկացման պատճառներ չկան՝ վկայակոչելով ԵԱՀԿ առաքելության կողմից կատարված ընտրությունների գնահատականները եւ Վրաստանի միջազգային գործընկերների հայտարարությունները: Նրանք կասկածի տակ չեն առնում 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների լեգիտիմությունը:
Ինչ վերաբերում է Ռուրուային եւ Մելիային ազատ արձակելուն, իշխող թիմը կտրականապես հերքում է քաղաքական հետապնդումների մեղադրանքները՝ նշելով, որ նրանք իրավունք չունեն միջամտելու արդարադատության իրականացմանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը