Թզի մթերումից՝ արքայախնձորի աջակցության ակնկալիք
Տարվա այս եղանակին Մեղրին պատվում է ոսկե-նարնջագույն երանգներով։ Տների բակերում, պատշգամբներում ու արևկող պատերին կախված չրի շարանները քաղաքի յուրօրինակ զարդարանքն են։ Բայց այդ գունեղ տեսարանի հետևում նաև շատ գործ կա՝ բերքը հասցնել մթերողին, չորացնել, պահել ու սպառման շուկա գտնել։
Կառավարության՝ թզի և դեղձի վերամշակման նպատակով մթերմանը պետական աջակցություն տրամադրելու ծրագրից Մեղրիում օգտվել է 6 տնտեսվարող։ Մթերվել է 125 տոննա թուզ։ Մթերողների խոսքով՝ բերքի կորուստը չնչին է եղել, քանի որ կառավարության որոշումն ընդունվել է բերքահավաքից մոտ տասն օր անց։ Այժմ իրացման նոր շուկաներ են փնտրում․ որոշ ընկերությունների արդեն հաջողվել է նոր շուկաներ գտնել։ Իսկ հիմա մեղրեցիները պատրաստվում են նաև արքայախնձորի մթերմանը ու դեռ չգիտեն՝ պետական աջակցություն կլինի՞ նաև արքայախնձորի համար։
Մեղրիի արևն ու երկարատև տաք եղանակը մրգի չորացման համար բարենպաստ են։ Արևին տրված մրգերի վարագույրները Մեղրիի աշնանային դիմանկարի մասն են։ Այստեղ թուզը միայն թարմ վիճակում չէ, որ սեղան է հասնում․ այն դառնում է չիր, պահածո, իսկ երբեմն էլ՝ օղու հումք։
Սյունիքի մարզի չիր արտադրողների միության նախագահ Վանիկ Քարամյանի մթերող ընկերությունը ևս օգտվել է կառավարության՝ թզի և դեղձի վերամշակման նպատակով մթերմանը պետական աջակցություն տրամադրելու ծրագրից։ Դրա նպատակն էր աջակցել գյուղացիական տնտեսություններին՝ իրացնեել բերքը, խթանել չրի և պահածոների արտադրությունը, նաև՝ մեղմել լոգիստիկ խնդիրները։

«Ռադիոլուրի» զրուցակիցը դժգոհ չէ։ Ճիշտ է՝ կառավարությունը դեռ չի փոխանցել սուբսիդավորման գումարը, բայց ընկերությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և առաջիկա օրերին փոխհատուցումը կստանա։ Վանիկ Քարամյան։
«Կառավարության որոշումով մենք ստացանք սուբսիդավորում՝ 1 կգ-ի համար 125 դրամ։ Ճիշտ է, մեծ քանակություն չի եղել, բայց ես մթերել եմ 19-20 տոննա թուզ՝ բարձր կարգի։ Առաջին, երկրորդ կարգը ուղարկել ենք արտադրության՝ որպես վաճառքի, իսկ 3-րդ կարգի թուզը լցրել եմ բոչկա՝ օղի թողեմ»։
Բերքն առատ է, բայց դրա իրացումը միշտ չէ, որ հեշտ է։ Թզի մթերման ամենաթեժ պահին մեղրեցիներն ահազանգել էին իրացման շուկաների սահմանափակ լինելու մասին։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանի խոսքով՝ հարցին տեղում ծանոթանալու համար աշխատանքային խումբ էր մեկնել Մեղրի։
«Մեղրիի համայնքապետարանի ներկայացուցիչների և մթերողների հանդիպմանը լուծման տարբերակները լսելուց հետո Սյունիքի մարզպետի աշխատակազմը դիմեց կառավարություն, ու օգոստոսի 18-ի որոշման մեջ փոփոխություն մտցվեց՝ 1 կգ թզի համար 125 դրամ սուբսիդավորում»։
Մրգի ճանապարհը ծառից մինչև սպառող երկար է, և այդ ճանապարհին ցանկացած աջակցություն կարևոր է։ Գյուղացին պետք է կարողանա իրացնել բերքը, իսկ մթերողը՝ կազմակերպել արտադրությունն ու գտնել գնորդին։ Մեղրու պահածոների գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանի խոսքով՝ պետական աջակցությունը ոլորտին որոշակի վստահություն է տվել։
«Քանի որ այս տարի մի քիչ խնդիրներ կային արտահանման հետ կապված, գյուղացիները մի փոքր խուճապի մեջ էին։ Բայց կարճ տևեց, պետության կողմից աջակցության ծրագրեր կազմվեցին, օպերատիվ կազմակերպվեց մթերման աշխատանքը՝ մարզպետարանի գլխավորությամբ, ու այդ պիկ ժամանակ կարելի է ասել՝ խնդիր չառաջացավ։ Կոնկրետ մենք ինչ-որ պլանավորել էինք էդ ծրագրով մթերել՝ չմթերեցինք։ Ոչ թե չկարողացանք, այլ էդ քանակները չկային»։
Մթերելուց հետո, սակայն, նոր խնդիր է առաջանում՝ որտե՞ղ վաճառել արտադրանքը։ Մեղրիի չրի արտադրողները նոր շուկաներ են փնտրում։ Բանակցում են Չեխիայի և Բուլղարիայի որոշ ընկերությունների հետ՝ չիր արտահանելու նպատակով։
«Մնացել են որակի որոշակի հարցեր, որ մենք կարողանանք ապահովենք, որովհետև չիրը մի քիչ պրոբլեմատիկ ապրանք է։ Որոշակի ցուցանիշներ կան, որ պիտի ապահովենք Եվրոպական պահանջարկին։ Սա իմ կապերի միջոցով եմ արել, բայց կառավարությունն էլ է աջակցում չրի արտահանման հարցում, մինչև 500 դրամ 1 կգ սուբսիդավորում են տալիս, որը քիչ չի։ Շուկայում դժվարը առաջին անգամ ապրանքը ցուցադրելն է, սպառողը մինչև ապրանքը չհամտեսի՝ պահանջարկի հարցը բարդ է լուծելը»։
Մեղրիի մթերող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ թուզը միշտ պահանջարկ է ունեցել՝ թարմ, չոր կամ պահածոյացված։ Մթերող ընկերության տնօրեն Հարութ Խաչատրյանն ասում է՝ այս օրերին թզի չիր և արքայախնձոր են մթերում։ Հայաստանից դուրս սպառման շուկա են գտել։
«Եթե ժողովրդի կեսին հետ էինք տալիս, որովհետև էդքան չէինք կարողանում մթերեինք, սուբսիդավորումից հետո բոլորից էլ մթերում էինք։ Մեր մոտ սեզոնը սկսում ա օգոստոսի 1-ից, որոշումը եղավ 16-20-ից, մի քիչ որ ավելի շուտ ընդունեին, ավելի լավ կլիներ»։
Աջակցության ծրագրի շրջանակում Մեղրիի 6 տնտեսվարողից վերամշակման նպատակով մթերվել է 125 տոննա թուզ։ Իսկ առջևում արքայախնձորի մթերումն է։ Մեղրեցիները հույս ունեն, որ պետական աջակցություն կտրամադրվի նաև դրան, որպեսզի բերքը ոչ միայն հասնի մթերողին, այլև իր տեղը գտնի շուկայում։
armradio.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում