Փարիզի Արևի թատրոնը կղեկավարի Ֆրանսահայ բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը
Ֆրանսահայ դերասան, բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերին կստանձնի Փարիզի Théâtre du Soleil՝ «Արևի թատրոնի» ղեկավարումը՝ փոխարինելով թատրոնի հիմնադիր Արիան Մնուշկինին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնուշկինն այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է AFP գործակալությանը։ Նշանակումը գործակալությանը հաստատել է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։ «Նա մեզ հետ աշխատանքը կսկսի արդեն գարնանը և ղեկավարումը կստանձնի սեպտեմբերին»,– ասել է Մնուշկինը, որը թատրոնը ղեկավարում է հիմնադրման՝ 1964 թվականից։
Աբգարյանի ընտրությունը համաձայնեցվել է թատերախմբի հետ։ Նոր ղեկավարի կողքին կգործի վեց հոգուց բաղկացած կոլեգիալ ղեկավարություն՝ պահպանելով թատրոնի հավաքական կառավարման սկզբունքները։
Աբգարյանի համար նշանակումը նաև վերադարձ է հարազատ թատրոն․ նա թատերախմբին միացել է 1985 թվականին և այնտեղ աշխատել ութ տարի։
«Արևի թատրոնը» գործում է Փարիզի Վենսենի անտառում գտնվող «Կարտուշրի» թատերական համալիրում։ Այն հայտնի է մեծածավալ բեմադրություններով, երաժշտության, պարի ու թատրոնի համադրմամբ և հասարակական ու քաղաքական թեմաներին անդրադարձներով։ «Արևի թատրոնը» էպիկական, քաղաքական և փիլիսոփայական թատրոն է։ Այն ձևավորել է ինձ»,– «Le Monde»-ին ասել է դերասանը։
64-ամյա արվեստագետն արժանացել է ֆրանսիական թատերական «Մոլիեր» չորս մրցանակի։ Կինոյում նա աշխատել է, մասնավորապես, Սեդրիկ Կլապիշի, Քեթրին Բիգելոուի և Ռոբեր Գեդիգյանի հետ։ Այս տարի Աբգարյանը մարմնավորել է Շառլ դը Գոլին՝ Անտոնեն Բոդրիի երկմաս ֆիլմում։
Աբգարյանը սերտ կապեր ունի նաև Հայաստանի մշակութային կյանքի հետ։ 2026 թվականի հուլիսին նա Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից էր և հայ հանդիսատեսին ներկայացրեց «Դը Գոլի մարտը» ֆիլմը։ Այցի ընթացքում արվեստագետն արժանացավ «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակին և ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին՝ համաշխարհային թատերարվեստում ու կինոարվեստում ունեցած ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու և հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համար։
Նրա ֆիլմագրությունում են Ռոբեր Քեշիշյանի «Արամ» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը։ Հայկական ինքնությունն արտացոլված է նաև նրա ստեղծագործական աշխատանքում։ Երևանում լրագրողների հետ զրույցում նա ընդգծել էր․ «Իմ հայ լինելն իմ դերասան լինելու, իմ մասնագիտության հիմքում է»։


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը