Հայաստանում նավթիվերամշակմանգործարանկառուցելուհնարավորություններնուռիսկերը
Հնարավո՞ր է նավթավերամշակման գործարան կառուցել երկրում, որտեղ նավթ չկա․ պարզվում է՝ այո։ Մի շարք երկրներ, ինչպես օրինակ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և Սինգապուրը, սեփական նավթի նշանակալի պաշարներ չունեն, սակայն ներմուծվող հումքը վերամշակում են՝ ապահովելով ներքին պահանջարկը և անգամ արտահանում են նավթամթերք։
Կարո՞ղ է արդյոք այդ երկրների ցանկին միանալ Հայաստանը։ Նվազագույնը կարող ենք ասել, որ դրա մասին նախկինում եղել են հիշատակումներ, սակայն դեռ գործնական ոչինչ չի ձեռնարկվել։ Նման ծրագրեր քննարկվել են դեռևս 2000-ականներին։ 2007 թվականին, մասնավորապես, քննարկվում էր Մեղրիում՝ իրանական սահմանի մոտ, գործարան կառուցելու նախագիծը՝ ռուսական «Գազպրոմ Նավթ» ընկերության մասնակցությամբ։ Սակայն այն կյանքի չկոչվեց։
Վերջին այդպիսի հիշատակումը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի նոյեմբերի 16-17-ը Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում էր։ Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտարարել էր Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը՝ նշելով, որ կողմերը բանակցություններ են անցկացրել նախագծում իրանական մասնավոր ընկերությունների ներգրավման շուրջ։
Երկու օր անց՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նման ծրագիր կա, և կառավարությունը շահագրգռված է դրա իրականացմամբ։ Սակայն, ըստ նրա, հիմնական խոչընդոտը Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցների հետ կապված ռիսկերն են։ «Մենք մեծ հաճույքով այդ ծրագիրը կիրականացնենք, եթե սանկցիոն վտանգ չլինի»,– հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախագծի իրատեսականությունը, հնարավոր ռիսկերն ու Հայաստանի էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը քննարկել ենք էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանի հետ։
Փորձագետի գնահատմամբ՝ գործարան կառուցելու առաջարկը հետաքրքիր և խոստումնալից է, սակայն դրա իրագործելիությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նախ, ըստ նրա, Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է, և եթե արտադրված նավթամթերքը նախատեսված է միայն ներքին սպառման համար, ապա գործարանի շահագործման տնտեսական նպատակահարմարության հարց է առաջանում։ Եթե արտադրանքը նախատեսվում է իրացնել նաև Իրանում կամ երրորդ երկրներում, ապա դեռ հստակ չէ, թե ինչպես է կազմակերպվելու դրա տեղափոխումը։
Բացի դա, «առաջարկից պարզ չէ, թե Իրանը ինչպես է տեսնում այդպիսի հնարավորության իրականացումը։ Խոսքը գնալու է ավտոմոբիլային տրանսպորտո՞վ ստացված արդյունքը տեղափոխելու մասին, թե՞ երկաթուղային փոխադրումների»,– նշում է Մարջանյանը։
Պատժամիջոցներն ու տեխնոլոգիական խնդիրները
Նախագծի իրականացման հիմնական խոչընդոտներից մեկը, փորձագետի գնահատմամբ, Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցներն են։ Մարջանյանի խոսքով՝ Իրանը գտնվում է ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական պատժամիջոցների ազդեցության տակ։ Բացի այդ, գործում են երկրորդային պատժամիջոցներ, որոնք սահմանափակում են երրորդ երկրների ընկերությունների՝ Իրանի հետ կապված ծրագրերին մասնակցությունը, այդ թվում՝ տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների մատակարարումը։
«Թե՛ առաջնային, թե՛ երկրորդային պատժամիջոցները ուղիղ խոչընդոտ են հանդիսանում նմանատիպ ծրագրերի իրականացման համար։ Իսկ թե ինչպիսին կլինի այդ խոչընդոտների հաղթահարման կամ դրանցից խուսափելու հնարավորությունը, այս պահին մնում է անհայտ, ինչը լուրջ անորոշություն է առաջացնում ծրագրի հեռանկարի տեսանկյունից»,– ասում է մասնագետը։
Մարջանյանը ուշադրություն է հրավիրում նաև նավթավերամշակման գործարանների տեխնոլոգիական առանձնահատկություններին։ Նրա խոսքով՝ Իրանի հիմնական նավթավերամշակման գործարանների մի մասը կառուցվել է դեռևս 1960-70-ական թվականներին և ունի համեմատաբար ցածր՝ Նելսոնի բարդության ինդեքս (ցուցանիշ, որը բնութագրում է գործարանի տեխնոլոգիական բարդությունն ու հում նավթը տարբեր նավթամթերքների վերածելու հնարավորությունները: -խմբ.)։ Դա նշանակում է, որ նման գործարաններում վերամշակման արդյունքում համեմատաբար մեծ է ծանր նավթամթերքների, մասնավորապես՝ մազութի և գազոյլի բաժինը, իսկ բենզինի և ավիացիոն կերոսինի արտադրության հնարավորությունները սահմանափակ են։
Մինչդեռ ժամանակակից, ավելի բարձր Նելսոնի բարդության ինդեքս ունեցող գործարանները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերամշակել հում նավթը և ստանալ ավելի մեծ քանակությամբ թեթև նավթամթերք, այդ թվում՝ բենզին և ավիացիոն կերոսին։
Փորձագետի խոսքով՝ իրանական կողմի առաջարկից դեռ հստակ չէ, թե Հայաստանում ինչպիսի տեխնոլոգիայով և արտադրական հնարավորություններով գործարան է նախատեսվում կառուցել։
Ի՞նչ կարող է շահել Հայաստանը
Այնուամենայնիվ, եթե նշված խոչընդոտները հաղթահարվեն, և Հայաստանում կառուցվի ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող գործարան, այն կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի էներգետիկ իրավիճակի վրա։
Մարջանյանի գնահատմամբ՝ նման գործարանի արտադրանքի հիմնական ուղղություններից մեկը կարող է լինել բենզինի և ավիացիոն կերոսինի արտադրությունը։ Այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա Իրանի հետ համատեղ արտադրություն կազմակերպել և նվազեցնել արտաքին մատակարարումներից կախվածությունը։ «Հայաստանը կունենա բենզինի և ավիացիոն կերոսինի սեփական արտադրություն՝ Իրանի հետ համատեղ։ Ներկայումս այդ ուղղություններով Հայաստանը կախված է արտաքին մատակարարումներից»,– նշում է մասնագետը։
Այսպիսով, Հայաստանը կարող է միանալ նավթի սեփական պաշարներ չունեցող, բայց նավթ վերամշակող երկրների շարքին, ինչը նոր հնարավորություններ կստեղծի վառելիքի տեղական արտադրության և արտաքին մատակարարումներից կախվածության նվազեցման համար։ Սակայն դրա իրագործումը դեռ մի շարք հարցերի պատասխաններ է պահանջում՝ սկսած պատժամիջոցային ռիսկերից մինչև ներդրումների, հումքի մատակարարման և արտադրանքի իրացման պայմանները։
Արմեն Խեչումյան


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նոր սահմանադրության շեշտադրումները
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ