Sotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավները կրկին դարձել են օրվա գլխավոր իրադարձությունը
Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավները կրկին դարձել են օրվա գլխավոր իրադարձությունը։ Ավելի քան մեկ դար էստոնական մասնավոր հավաքածուում պահված «Վենետիկը գիշերով. Սուրբ Ջորջո Մաջորե» կտավը վաճառվել է 1 միլիոն 88 հազար ֆունտ ստեռլինգով՝ գրեթե կրկնապատկելով նախնական արժեքը։
Համաշխարհային արվեստի շուկայում հայ ծովանկարչի կտավները անակնկալներ են մատուցում։ Բացահայտենք Այվազովսկու աճուրդային ռեկորդները, գնորդների աշխարհագրությունն ու նրա կտավների անսպառ գրավչության գաղտնիքը։
Կտավը, որը փրկվեց մոռացությունից
Երբ 19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգում էստոնացի մի հնավաճառ գնեց Հովհաննես Այվազովսկու համեմատաբար փոքր՝ 61,5×50,5 սմ չափի կտավը, հազիվ թե պատկերացնելով, որ ավելի քան մեկ դար անց այն Լոնդոնում կվաճառվի ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Այս շաբաթ հեղինակավոր Sotheby’s աճուրդի տան «Ֆաբերժե․ կայսերական և հեղափոխական արվեստ» աճուրդում Այվազովսկու այդ ստեղծագործությունը դարձավ օրվա ամենաթանկարժեք լոտը։
Նկարչի վաղ շրջանի գլուխգործոցներից մեկը՝ 1862 թվականին վրձնած «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» յուղաներկ կտավը մասնագետները նախապես գնահատել էին 500–700 հազար ֆունտ ստեռլինգ կամ 655–915 հազար դոլար, սակայն աճուրդում արժեքը գրեթե կրկնապատկվեց։ Գնային առաջարկը հասավ 1 միլիոն 88 հազար ֆունտ ստեռլինգի՝ մոտ 1,4 մլն դոլար կամ 1.3 մլն եվրո։
Առաջին անգամ աճուրդի հանված կտավի անհավանական պատմությունը
Առաջին անգամ աճուրդի հանված այս կտավը մի ամբողջ դար տարբեր պատմությունների միջով է անցել՝ Սև ծովի ափերից հասնելով մերձբալթյան Էստոնիա։ Կտավի ենթաշրջանակի վրա պահպանված մոմե կնիքի հետքերը վկայում են, որ այն մաքսային զննում է անցել Տրիեստում։ Ամենայն հավանականությամբ Այվազովսկին կտավն իր հայրենի Թեոդոսիայից նավով ուղարկել էր Տրիեստ, իսկ այնտեղից՝ եվրոպական ցուցահանդեսների։ Եվրոպական շրջագայությունից հետո կտավը հայտնվել է Սանկտ Պետերբուրգում։ Այստեղ էլ 19-րդ դարի վերջին այն գնել է էստոնացի մի հավաքորդ –հնավաճառ։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո, քաղաքացիական պատերազմի ցնցումներից խուսափելու համար, ընտանիքը Ռուսաստանից վերադարձել է Էստոնիա՝ իր հետ տանելով նաև Այվազովսկու կտավը։ Ավելի քան հարյուր տարի այն եղել է այդ ընտանիքի մասունքն ու հարստությունը և երբեք չի հայտնվել բաց շուկայում։ Աճուրդի տան գաղտնիության քաղաքականության համաձայն՝ սեփականատերերի անունները չեն բացահայտվում, իսկ ցուցանմուշների կատալոգում նշվում է միայն, որ ստեղծագործությունը պահվել է Էստոնիայի մասնավոր հավաքածուներից մեկում։
Սխալմամբ «ամերիկացի» դարձած կտավն ու մյուս լոտերը
Նույն աճուրդում Այվազովսկին ներկայացված էր միանգամից մի քանի ուշագրավ ստեղծագործություններով, բոլորն էլ՝ մասնավոր հավաքածուներից։ Դրանցից ամենահետաքրքիր ճակատագիրն ունի «Նեապոլի ծոցը հեռվում երևացող Կապրիով» նկարը, որը վաճառվեց 512 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 670 հազար դոլար)։ Երկար տարիներ կտավը եղել է Միացյալ Նահանգներում, որտեղ արվեստաբաններն այն սխալմամբ վերագրել էին ամերիկացի իմպրեսիոնիստ Էդվարդ Էմերսոն Սիմոնսին։ Բայց, ի վերջո, մասնագետները պարզել են ճշմարտությունը։
Բացի վերը նշված ստեղծագործություններից, մոտ 585 հազար դոլարով վաճառվեցին նաև 1863 թվականի «Լուսնյակ ծովանկար՝ նավաբեկությամբ» և 1871 թվականի «Ձմեռային բնապատկեր Ուկրաինայում» կտավները։ Գնորդները բարձր գին առաջարկեցին նաև նկարչի «Ամերիկյան շոգենավը փոթորկոտ ծովում» (218 հազար ֆունտ ստեռլինգ) և «Նավաբեկություն» (154 հազար ֆունտ ստեռլինգ) նկարների համար։
Յոթ անգամ թանկացած ռեկորդակիրն ու հարյուր դոլարանոց ճեպանկարները
Այվազովսկին մոտ 6 հազար ստեղծագործություն ունի, և այդ հսկայական ժառանգության գները համաշխարհային շուկայում տատանվում են մի քանի հարյուրից մինչև միլիոնավոր դոլարներ։ Այվազովսկու աշխատանքների աճուրդային ռեկորդը եղել է 2025 թվականի նոյեմբերի 25-ին կրկին Sotheby’s-ում։ 1878 թվականին ստեղծված մեծածավալ «Փրկվածները» կտավը վաճառվեց 4 միլիոն 188 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 5,5 մլն դոլար)։ Այդպես այն գերազանցեց «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի տեսարան» կտավի՝ 2012 թվականին սահմանած ռեկորդը՝ 3,2 մլն ֆունտ ստեռլինգ ։
Ուշագրավ է, որ 2004 թվականին նույն «Փրկվածները» կտավը Նյու Յորքում վաճառվել էր 745 հազար դոլարով. երկու տասնամյակում դրա արժեքն աճել է ավելի քան յոթ անգամ։
Այվազովսկու ամենամատչելի ստեղծագործությունները
Եթե Այվազովսկու թանգարանային արժեք ունեցնող յուղաներկ կտավները հասանելի են միայն խոշոր կապիտալի տեր անձանց, ապա սկսնակ հավաքորդները երբեմն կարողանում են գնել նրա ճեպանկարները։ Միջազգային աճուրդային հարթակների տվյալներով՝ նման գրաֆիկական գործեր վաճառվել են սկսած մի քանի հարյուր դոլարից, իսկ փոքրածավալ յուղաներկ էտյուդները՝ 10–50 հազար դոլարի սահմաններում։
Ովքե՞ր են գնորդները և ինչո՞ւ են պայքարում Այվազովսկու համար
Աճուրդի տները խստորեն պահպանում են գաղտնիությունը և չեն բացահայտում գնորդների անունները։ Սակայն արվեստի շուկայի մասնագետները փաստում են, որ Այվազովսկու գործերի հիմնական գնորդները անհատ կոլեկցիոներներն են։ Ամենաթեժ մրցակցությունը սովորաբար ծավալվում է մեծահարուստ հավաքորդների միջև Ռուսաստանից, Հայաստանից և հայկական սփյուռքից, Ուկրաինայից, Թուրքիայից, հատկապես Բոսֆորի և Ստամբուլի տեսարանների համար, Մերձավոր Արևելքից, ինչպես նաև Եվրոպայից և ԱՄՆ-ից։
Իսկ ի՞նչն է նրանց մղում միլիոններ վճարելու․առաջին հերթին լույսի և ջրի պատկերման անկրկնելի վարպետությունը. լուսնի շողն ալիքների վրա կամ արևի թափանցիկ ճառագայթները Այվազովսկու վրձնի ներքո ունեն գերող ազդեցություն։ Երկրորդ՝ ծագումնաբանությունը․ որքան հայտնի և անբասիր է կտավի անցած ուղին, այնքան բարձր է դրա արժեքը։ Եվ վերջապես, կայուն ներդրումը։ Վերջին տարիներին խոշոր աճուրդի տները Այվազովսկու ստեղծագործությունները հաճախ ներկայացնում են 19-րդ դարի եվրոպական արվեստի կամ «Հին վարպետներ» շարքում, ինչը նրա արվեստը դարձրել է էլ ավելի գրավիչ միջազգային ներդրողների համար։
armradio.am


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Ճանաչի՛ր Հայաստանը
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը
Արհեստական բանականության օրեր Հայաստանում