Խաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)
ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու դրա ամրապնդումը պահանջում են հետևողական աշխատանք, շարունակական ջանքեր և քաղաքական կամք։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղությունը պետք է անցնի վերջնական ստորագրման, վավերացման և ինստիտուցիոնալացման փուլերով, ինչը հնարավորություն կտա փակել հակամարտության էջը և Հայաստանի Հանրապետության համար ճանապարհ բացել դեպի երկարատև կայունություն, զարգացում ու բարգավաճում։
«Մենք ունենք հաստատված խաղաղություն, ունենք մի երկրի հետ, որը մեր հարևանն է ֆիզիկապես, աշխարհագրորեն, և սովորաբար խաղաղությունները, որպես կանոն, հարևանների միջև են հաստատվում, որոնց հետ ունեցել ենք կոնֆլիկտներ»,- նշել է Միրզոյանը։
ԱԳ նախարարն ընդգծել է, որ խաղաղության գործընթացն արդեն ներառում է մի շարք կարևոր բաղադրիչներ՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, համապատասխան հայտարարություններ, տարանցիկության հնարավորություններ, երկկողմ առևտուր և համագործակցության այլ ուղղություններ, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը։
Ըստ Միրզոյանի՝ հակամարտությունից մնացած չլուծված հարցեր դեռ կան։ Մասնավորապես, անդրադառնալով Բաքվում պահվող հայ անձանց խնդրին՝ նա ընդգծել է, որ նրանց շարունակվող պահվելը չի նպաստում խաղաղության հաստատմանը։
Նախարարի համոզմամբ, այդ հարցի լուծումը չպետք է դառնա խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու պատճառ։ Նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը և հետևողականորեն աշխատել առկա խնդիրների լուծման ուղղությամբ։
«Ո՞նց եք կարծում, սա ավելի շուտ կմոտեցնի մեզ հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե՞ եթե գնանք ու ասենք՝ խաղաղությունը ստորագրում ենք, այս մի հարցում էլ ենք համագործակցում, և մի օր՝ տեսանելի, շոշափելի ապագայում, կստեղծվի իրավիճակ, որ մնացած հարցերն էլ ավելի հեշտ կլինի հասցեագրել։ Ես կարծում եմ, որ այս երկրորդ ճանապարհը»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության թեմային՝ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանի առջև այս պահին խաղաղության համաձայնագրի ստորագրման համար նման պահանջ դրված չէ։ Նա տարբերակել է բանակցային պահանջը մյուս կողմի դիրքորոշումներից և Հայաստանի ներքին օրակարգը՝ ընդգծելով, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործընթացն է։
«Չկա փոփոխված Սահմանադրություն կամ ընդունված նոր Սահմանադրություն, բայց կա խաղաղություն։ Սա այնքան կարևոր նրբություն է»,- նշել է նախարարը։
Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է նաև խաղաղության իրական լինելու վերաբերյալ հնչող կասկածներին՝ կոչ անելով հարցին մոտենալ ոչ թե քաղաքական շահարկումների, այլ մարդկանց անվտանգության և առօրյա կյանքի տեսանկյունից։ Նա առաջարկել է զրուցել զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև Տավուշի մարզի Հաղարծին, Վազաշեն և Կիրանց գյուղերի բնակիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում խաղաղությունը նրանց համար։
Նախարարը նաև հակադարձել է հայրենասիրության և երկրի անվտանգության հարցերում քաղաքական շահարկումներին՝ ընդգծելով, որ ոչ ոք իրավունք չունի սեփական մտահոգությունները ներկայացնել որպես ավելի մեծ հայրենասիրություն կամ ավելի մեծ հոգատարություն գերիների և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների նկատմամբ։
Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ խաղաղության գործընթացը շարունակվելու է, և Հայաստանի համար խաղաղության հաստատումն ու ամրապնդումը ռազմավարական նշանակություն ունեն։
«Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»,- հայտարարել է նախարար Միրզոյանը։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Արհեստական բանականության օրեր 2026
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը