Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ
Կատալոնական «Բարսելոնան» և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հատուկ պայմանավորվածություն են ձեռք բերել վինգեր Ռաֆինյայի խաղաժամանակը վերահսկելու վերաբերյալ։ Կողմերի գլխավոր նպատակը ֆուտբոլիստին հնարավոր նոր վնասվածքից զերծ պահելն է՝ հաշվի առնելով հավաքականի նախորդ հավաքի ընթացքում նրա ունեցած առողջական խնդիրները։
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը՝ հղում անելով բրազիլական Globo-ին, կատալոնական ակումբն ու ազգային ֆեդերացիան համաձայնեցրել են ֆուտբոլիստի ֆիզիկական ծանրաբեռնվածության կառավարման հստակ ծրագիր, որպեսզի միջազգային դադարից հետո նա «Բարսելոնա» վերադառնա լիարժեք մարզավիճակում։
Հանսի Ֆլիկի գլխավորած մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ միջազգային դադարի ժամանակ՝ Ավստրալիայի ընտրանու դեմ խաղում, Ռաֆինյան վնասվածք էր ստացել։ Բուժզննմամբ նրա աջ ազդրի հետին մկանում թեթև այտուց էր հայտնաբերվել, ինչի պատճառով բրազիլացին լքել էր հավաքականի ճամբարը, իսկ հետագայում բաց թողել «Խետաֆեի» և «Գալաթասարայի» դեմ ակումբային հանդիպումները։ Թեև նա աստիճանաբար վերադարձել է շարք, սակայն դեռևս չի հասել իր լավագույն մարզավիճակին։
Ավելի վաղ Հանսի Ֆլիկը ևս մտահոգություն էր հայտնել ֆուտբոլիստի երկարատև թռիչքների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ազգային թիմում խելամտորեն կկառավարեն նրա խաղաժամանակը։ Ինքը՝ Ռաֆինյան, հաստատել է, որ հարցն արդեն քննարկել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ․ «Անչելոտին հասկանում է, որ պետք է ճիշտ բաշխի խաղաժամանակը։ Մենք արդեն զրուցել ենք այդ մասին։ Ես դեռ վերականգնվում եմ վերջին վնասվածքիցս․ ինձ լավ եմ զգում, բայց դեռևս 100 տոկոսով պատրաստ չեմ»,- նշել է ֆուտբոլիստը։
Բրազիլիայի ազգային հավաքականը Սինգապուրի ազգային մարզադաշտում կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ նոյեմբերի 14-ին մրցելով Ճապոնիայի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Սինգապուրի ընտրանու դեմ։ Սպասվում է, որ Կառլո Անչելոտին կպահպանի ձեռք բերված պայմանավորվածությունը և Ռաֆինյային խաղաժամանակ կտրամադրի՝ առանց նրան ավելորդ ռիսկի ու գերծանրաբեռնվածության ենթարկելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...