Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան: Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:
Գորգարվեստի թանգարանի ստեղծման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ նախատեսված էր Գորգի թանգարանի ստեղծում՝ որպես ոլորտում կարևոր անելիք. «Ես շատ ուրախ եմ, որ թանգարանը կստեղծվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Հիմա գտնվում ենք նվիրատվությունն ընդունելու իրավական գործընթացում: Շինարարական աշխատանքների ավարտին կունենանք բազմակողմանի համալիր, որը կներառի թե՛ գորգի թանգարանը, թե՛ ժամանակակից արվեստի կենտրոնը, որտեղ նաև մեր արվեստագետները հնարավորություն կունենան տարբեր ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև կստեղծվի ժողովրդական արհեստների ներկայացման միջավայր»:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ առանձնակի կարևոր է նաև թանգարանային համալիրի տեղադիրքը՝ որպես զբոսաշրջային ակտիվ երթուղի, ինչը նոր համագործակցությունների, մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի ճանաչելիության բարձրացման հնարավորություն է: Նախարարի ընդգծմամբ՝ ամեն ջանք կներդրվի աշխատանքները հնարավորինս արագ ավարտելու և թանգարանի դռները օր առաջ լայն հանրության առջև բացելու նպատակով:
Նախաձեռնությունը հնարավորություն կստեղծի ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։
Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի հայկական գորգարվեստի հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է