«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի Իսպանիայում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իսպանիայի ազգային գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Իսպանիայի ազգային գրադարանում մարտի 27-ից հունիսի 21-ը կցուցադրվեն հայկական հին ձեռագրեր։ «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 26-ին Մադրիդում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համատեղ ցուցադրությանը կներկայացվեն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան ինստիտուտում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանուց շուրջ մեկուկես տասնյակ թանգարանային առարկաներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։
«Ձեռագրային ժառանգությունը շարունակում է մնալ մարդկության մշակութային հիշողության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ապահովելով գիտելիքի և արժեքների փոխանցումը սերունդների միջև։ Այն ներառում է ոչ միայն տեքստային, այլև գեղարվեստական, պատմական, լեզվաբանական և գիտական բազմաշերտ տեղեկատվություն, որը լայնորեն կիրառվում է տարբեր գիտակարգերում։
Մատենադարանը՝ որպես հին ձեռագրերի պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման առաջատար գիտահետազոտական հաստատություն, այս ոլորտում ունի կենտրոնական դեր։ Մատենադարանի հավաքածուն ընդգրկում է տասնյակ հազարավոր ձեռագրեր և վավերագրեր, որոնք ներկայացնում են ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային և համաշխարհային մշակութային ժառանգությունը։
Հատկանշական է, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում, ինչը վկայում է դրա համաշխարհային նշանակության մասին։ Այս համատեքստում Իսպանիայի ազգային գրադարանում կազմակերպվող ցուցադրությունը կարևոր նախաձեռնություն է, որը բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու Մատենադարանի հայկական ձեռագրերը՝ դրանք համադրելով Իսպանիայի ազգային գրադարանի պահոցներում պահպանվող հայկական ձեռագրերի հետ։
Նման ձևաչափը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հայկական ձեռագրային ժառանգության տարածվածության և միջմշակութային փոխազդեցությունների մասին։ Այն ընդգծում է, որ հայկական ձեռագրերը հանդիսանում են ոչ միայն ազգային, այլև համաեվրոպական և համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր մաս։
Ցուցադրությունն ունի նաև մշակութային քաղաքական նշանակություն՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Նախաձեռնությունը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության արդյունավետ գործիք՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում։
Նախագիծն իրականացվում է Իսպանիայի ազգային գրադարանի բարեկամների հիմնադրամի (FABNE) հետ համագործակցությամբ։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է