Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նոյեմբերի 6-ին ուղեկցել են Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին՝ ՄՔԾ ենթակայությամբ գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ այցելության ընթացքում։
Նելլի Դավթյանը ներկայացրել է ընթացիկ կացարանի պայմանները, կարիքներն ու առկա խնդիրները՝ նշելով, որ գործող 22 սենյակներում ներկայումս տեղավորվել են շուրջ 60 ապաստան հայցողներ, մինչդեռ կարիքը զգալիորեն մեծ է։
Յոհաննես Լուխները շրջել է տարածքում, զրուցել ապաստան հայցողների հետ, հետաքրքրվել նրանց ծագման հիմնական երկրներով, կեցության պայմաններով և հայցերի քննության ընթացակարգերով։
Այնուհետև հյուրին ներկայացվել է Աբովյան քաղաքի նորակառույց կացարանը, որը շուտով կհանձնվի շահագործման։ Նշվել է, որ շինարարությունն իրականացվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի աջակցությամբ՝ Գերմանիայի, Դանիայի և Նիդերլանդների կառավարությունների ֆինանսավորմամբ։
Շրջայցի ընթացքում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ապաստանի հայցերի տարեկան միջին ցուցանիշները՝ նշելով, որ եթե նախորդ տարիներին դրանք կազմել են միջինում 200-250, ապա վերջին տարիներին հասել են 800-900-ի։ Նա նաև անդրադարձել է ապաստանի և փախստականության ոլորտը կարգավորող օրենքում նախատեսվող փոփոխություններին։
ԵՄ պատվիրակության անդամներն այցելել են ընտանեկան և ստանդարտ սենյակներ, ծանոթացել ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված կահավորանքին։ Նշվել է, որ նոր կացարանը հնարավորություն կտա միաժամանակ տեղավորել մինչև 120 անձի։
Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության Հայաստան այցի շրջանակում կայացել են նաև հանդիպումներ, որոնց մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը, ինչպես նաև ԱԳՆ ու ՆԳՆ ներկայացուցիչներ։
Հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և դրա կատարնան հենանիշները։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում անդրադարձել է ներքին անվտանգության համակարգերի բարելավմանը վերաբերող դրույթներին՝ ընդգծելով հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունման ու իրականացման, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացման, հանրային իրազեկման ընդլայնման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացմանը վերաբերող հարցեր։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է փաստաթղթերի անվտանգության համալիր էկոհամակարգի ստեղծման գործընթացը, ՀՀ քաղաքացիության օրենսդրության վերանայման ուղղությունները, ինչպես նաև վերադարձի և վերաինտեգրման համակարգերի ամրապնդման քայլերը։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, հակախտրականության օրենսդրության հզորացման և կիրառման, անձնական տվյալների պաշտպանության համակարգը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացման հարցերին։
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը ներկայացրել է սահմանների համալիր (ինտեգրված) կառավարման, սահմանային ստուգումների և հսկողության կատարելագործման, ինչպես նաև տվյալների փոխանակման ու փոխգործակցության ամրապնդման հարցեր։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում