Անշարժ գույքի գների էական իջեցում չի լինի․ Գուրգեն Գրիգորյան
Անշարժ գույքի գների էական տեղաշարժ չի լինի։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
«Վերջին տարիներին գները միայն ու միայն գները բարձրանում են, կառուցապատման ծրագրերում շինարարության ինքնարժեքը թանկանում է։ Դա մի կողմից պայմանավորված է միջազգային շուկաներում ապրանքների և նյութերի գներով, մյուս կողմից՝ պետության կողմից վարվող քաղաքականությամբ, մասնավորապես հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գազի, ջրի, հոսանքի միացումների հետ կապված լրացուցիչ ծախսերի, որոնք չկային, կամ էականորեն քիչ էին, իսկ հիմա տասնապատիկ, հարյուրապատիկ անգամներ մեծ են։
Երևանում ճարտարապետահատակագծային առաջադրանքի շինարարության թույլտվության գծով տեղական տուրքերը և վճարները, քաղաքաշինական գործընթացների իրականացման հետ կապված թույլտվությունների տրամադրման համար տուրքերը, վճարները, որոնք առաջ կամ չկային, կամ շատ քիչ էին, ներկայումս ահռելի մեծ գումար են կազմում։ Երրորդը, որը էլի հանգեցնում է շինարարական ինքնարժեքի մեծացման, ընդհանուր ապրանքների և նյութերի, նաեւ աշխատուժի թանկացումն է: Բնականաբար ինքնարժեքի բարձրացումը վերջին հաշվով իր մաշկի վրա զգում է սպառողը»,- ասաց նա:
Ասոցիացիայի նախագահը նկատեց, որ հիմա կա կանխավարկած, որ գների անկում է տեղի ունենալու, բայց այդպես չէ. «Մեր պատկերացմամբ գների էական տեղաշարժ չի լինի, որովհետև, ինչպես նշեցինք, ինքնարժեքը գնալով բարձրանում է: Միացման վճարները, տուրքերը, տեղական վճարները կամ հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք այժմ կան, այս ամենը հանգեցնելու է նրան, որ ինքնարժեքը չի իջնելու, իսկ այդ դեպքում սպառողին առաջարկվող վերջնական արդյունքի պրոդուկտի գինը էական շեղում չի ունենալու»: