Հասարակությունը կալկուլյատոր չէ
680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։
«Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետությունը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շենքերի թեման` ամիսը մեկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպրոցական երեխաների լուրը՝ այս կամ այն դասարանցին ընտանիքով գնաց, և այլն։
«Երրորդ բանակը» անտարբերների ամենամեծ միավորումն է։ Այս մարդկանց շատ քիչ բան է հետաքրքրում, հիմնականում` սեփական բարեկեցությունն ու սեփական ստվերը։ Հայաստանը` որպես պետություն, նրանց աշխարհընկալումից դուրս է։
«Դիմադրության բանակը» ՄՈԲ-ի պես մի բան է՝ անկազմակերպ, առանց կոորդինացիայի, առանց ռեսուրսային ապահովման (մոտավորապես՝ առանց զրահաբաճկոն ու սաղավարտ), շարքերում` անառողջ մթնոլորտ։ Ընդհանրապես չեն հասկացվում դիմադրության հասցեն, ծրագիրը, կառավարման կենտրոնը։
Նման պայմաններում հասարակությունը սրընթաց կազմալուծվելու է, բացելու է բոլոր դռները արտաքին թշնամու առաջ, իսկ երկրում գնալու է ռադիկալ տրամադրությունների խմորում, մեծանալու է ռադիկալ պատկերացումներով ու ոճով խմբերի դերակատարումը։ Սա՞ ենք ուզում։ Ոչ մի նորմալ մարդ սա չի կարող ուզել։
Կարծում եմ` Հայաստանում պառակտման, հասարակության բաժանման կարմիր գծին ենք։ Շատ բաների վերանայման անհրաժեշտություն կա։ Մենք պետք է փորձենք իրար լսել։
Որպես մասնավոր դեպք. չի՛ կարելի ամեն հարց դարձնել խորը կոնֆլիկտի ու բարիկադավորման առարկա։ Վերցնենք սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ» միջոցառումը։ Բնականաբար, կարող են լինել կողմ և դեմ կարծիքներ, բայց մեր խնդիրը չպետք է լինի այդ կարծիքների տերերին իրար դեմ հանելը։ Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Հասարակությունը կալկուլյատոր չէ, որ ասես` 680 հազարը մեծ է 400-ից։ Այդպես մտածելու դեպքում մի օր ո՛չ նա կմնա, ոչ՝ մյուսը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է