Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջ
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջ։ Media bus tour-ի մասնակից հայ եւ թուրք լրագրողները հանդիպել են Թուրքիայում աշխատող ինչպես թուրք, այնպես էլ հայ գործարարների հետ։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների հարց է առաջացնում, սակայն քաղաքական հայտարարություններից մինչև իրական բիզնես կապեր դեռ ճանապարհ կա անցնելու։
Ստամբուլի Դուդուլուի կազմակերպված արդյունաբերական գոտում գործարարների հետ հանդիպումները ցույց են տալիս՝ հետաքրքրություն կա, բայց կա նաև զգուշավորություն։
Դուդուլուի կազմակերպված արդյունաբերական գոտու կառավարման խորհրդի նախագահ Մուրադ Օնայը դժգոհում է քաղաքական գործիչներից։
«Ես քաղաքական գործիչ չեմ։ Ես մտածում եմ, որ աշխարհը վատացնում են քաղաքական գործիչները։ Եթե ամեն ինչ շատ լավ լինի, Թուրքիան իր հարևանների հետ ունի շատ մեծ ներուժ։ Տեսնում ենք, որ այս տարածաշրջանը կայուն չէ, միշտ կռիվ է, շատ խառն է և նույնիսկ թույլ չեն տալիս, որ Թուրքիան դրանով հանդերձ ինքն էլ զարգանա»,- ասում է նա։
Դուդուլուի արդյունաբերական միջավայրում հայկական ծագում ունեցող գործարարներ էլ կան։ Դուդուլու կազմակերպված առեւտրի գոտու մեջ մտնող 107 ձեռնարկություններից մեկի սեփականատերը` Արետ Նշանը, արտադրում է լվացքի մեքենաների և այլ կենցաղային սարքերի բազմաթիվ պահեստամասեր՝ պլաստմասսայե դետալներից մինչև մետաղական բաղադրիչներ։ Հակառակ արտադրության լայն հնարավորություններին՝ Հայաստանի հետ ուղիղ առևտրային կապեր հաստատելու մասին նա դեռ չի մտածել։
Գործարարը նշում է, որ համավարակից հետո տնտեսական վիճակը Թուրքիայում վատթարացել է։ Նրա խոսքով՝ Թուրքիայում հայ համայնքի թվաքանակն էլ նվազել է, սակայն դա նա առաջին հերթին կապում է տնտեսական դժվարությունների հետ։
«Նույն այն արտադրանքը, որ մենք այստեղ արտադրում ենք, նույնը Հայաստանում անելը շատ բարդ է լինելու հենց առաջինը լոգիստիկայի տեսանկյունից, և ես այս պահին հնարավոր չեմ տեսնում դա: Հայաստանի սահմանները, ընդհանուր առմամբ, դեռ փակ են և հնարավորություն չկա այս արտադրությունը այնտեղ դնելու: Երկրորդն այն է, որ Եվրոպա վաճառքը դժվարանալու է, որովհետև երբ մենք այստեղ արտադրում ենք և ասում ենք, որ սա թուրքական ապրանք է, էլի դժվար է արտահանել: Հայաստանից, ես չգիտեմ, կարող է ավելի շատ դժվարություններ լինի մյուս երկրներ արտահանելը»,- ասում է հայազգի գործարարը։
Արետ Նշանն իր արտադրանքը առաջին անգամ Հայաստան է արտահանել մոտ մեկ ամիս առաջ, այդ ժամանակ էլ եղել է Հայաստանում։ Նա, սակայն, չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը կարող է բերել նրան, որ իր մոտ Հայաստանից աշխատողներ հրավիրի կամ Հայաստանում արտադրամաս բացի։ Նա, սակայն, չի բացառում, որ իր ղեկավարած ձեռնարկության արտադրանքը կարող է տարբեր միջնորդների միջոցով հասնել Հայաստան։ Գործարարն այդ մասին հստակ տեղեկություն չունի։
Նույն անորոշությունն ունի նաև խաղալիքներ արտադրող մեկ այլ գործարար։ Նրա արտադրանքը հասանելի է հայկական շուկայում, բայց ուղիղ առևտրային կապի մասին նույնպես դեռ չի խոսում՝ հնարավոր համարելով, որ ապրանքները Հայաստան են հասնում Վրաստանի, Ռուսաստանի կամ երրորդ երկրների միջոցով։
Թուրքիայի կազմակերպված առեւտրի գոտիների համակարգում արտոնությունները պայմանավորված են տարածքի տեղակայմամբ․ առավելությունները հիմնականում նախատեսված են արևելյան շրջանների համար։ Հայաստանի պարագայում նա ուշադրություն է հրավիրում ենթակառուցվածքների խնդրի վրա։ «Հայաստանը մի խնդիր ունի, որ նավահանգիստ չունի»,- ասում է նա։
Այսպիսով՝ հայ և թուրք գործարարների միջև տնտեսական համագործակցության ներուժ կա, սակայն դրա իրացման համար միայն քաղաքական երկխոսությունը բավարար չէ։ Անհրաժեշտ են ուղիղ կապեր, հստակ առևտրային մեխանիզմներ և փոխադարձ վստահություն։ Սահմանի հնարավոր բացումն ու հարաբերությունների կարգավորումը կարող են նոր հնարավորություններ ստեղծել, բայց այս փուլում գործարարները դեռ զգուշավոր են՝ նոր շուկաներ մուտք գործելու և համատեղ բիզնես սկսելու հարցում։
armradio.am


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ