Այս շաբաթավերջին աշխարհի մի շարք ազդեցիկ առաջնորդներ հավաքվել են Դելիում՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ խմբի անդամները պետք է ավելի ակտիվորեն մասնակցեն միջազգային կանոնների ձևավորմանը՝ «կանոններ ընդունողներից» վերածվելով «կանոններ ստեղծողների»։
Գագաթնաժողովին մասնակցել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը և Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
BRICS-ի անդամներին դժվար է բնական դաշնակիցներ համարել․ նրանց միջև կան տարածքային վեճեր, քաղաքական հակասություններ և նույնիսկ ռազմական բախումների պատմություն։ Հնդկաստանի և Չինաստանի զինվորականները 2020 թվականին մահացու բախման մեջ էին մտել վիճելի սահմանային գոտում։ Իրանը և ԱՄԷ-ն ևս Մերձավոր Արևելքի հակամարտություններում հաճախ հայտնվել են հակադիր դիրքերում։
Այն, որ Հնդկաստանին հաջողվել է մեկ վայրում հավաքել այս առաջնորդներին, վկայում է Դելիի դիվանագիտական լայն հնարավորությունների մասին։ Գագաթնաժողովը նաև հնարավորություն է տվել երկրներին Իրանի պատերազմի պայմաններում վերագնահատելու փոխադարձ հարաբերությունները։
Սակայն նոր աշխարհակարգի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելը և գործնական արդյունքների հասնելը շատ ավելի բարդ է։ BRICS-ի ներսում առկա տարաձայնություններն ակնհայտ են դարձել նաև գագաթնաժողովի ընթացքում։
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը BRICS-ը դիտարկում են որպես ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ազդեցությանը հակակշռելու միջոց։ Հնդկաստանը, սակայն, չի ցանկանում, որ կառույցը ներկայանա որպես հակաարևմտյան դաշինք։ Մոդին ընդգծել է, որ BRICS-ը «ուղղված չէ որևէ մեկի դեմ»։
Հնդիկ նախկին դեսպան Անիլ Տրիգունայաթի խոսքով՝ խմբում կան երկրներ, որոնք ցանկանում են BRICS-ին հակաարևմտյան ուղղվածություն հաղորդել, սակայն Հնդկաստանը ձգտում է պահպանել ռազմավարական ինքնավարությունը և խորացնել անդամների միջև համագործակցությունը։
Ի՞նչ է ամրագրվել համատեղ հռչակագրում
Գագաթնաժողովում ընդունվել է համատեղ հռչակագիր՝ չնայած անդամ երկրների միջև ակնհայտ տարաձայնություններին։
Այս տարի BRICS-ի նախարարական երկու հանդիպումների ընթացքում կողմերին չէր հաջողվել համաձայնեցնել միասնական հայտարարություն։ Այս անգամ նրանք հասան փոխզիջման՝ շրջանցելով առավել վիճահարույց հարցերը և չառաջարկելով դրանց հստակ լուծումներ։
«Նյու Դելիի հռչակագիրն» ընդունվել է գագաթնաժողովի առաջին օրը։
Մերձավոր Արևելքում պատերազմի վերաբերյալ հռչակագիրը կոչ է անում ցուցաբերել «առավելագույն զսպվածություն» և դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ միջուկային օբյեկտների դեմ հարձակումները՝ առանց որևէ կողմի ուղղակիորեն մեղադրելու։
Փաստաթուղթը վերահաստատում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորման աջակցությունը։ Այն նաև դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը և այն քայլերին, որոնք կարող են օրինականացնել կամ երկարաձգել օկուպացիան՝ հղում կատարելով ՄԱԿ-ի գործող բանաձևերին։
Հռչակագրում ընդհանրապես չի հիշատակվում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, ինչը տարբերվում է BRICS-ի նախորդ հայտարարություններից։
Նույնպիսի զգուշավորություն է դրսևորվել առևտրի հարցում։ Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում մաքսատուրքերի համատարած բարձրացման կապակցությամբ և դատապարտվում են միակողմանի պատժամիջոցները։ Սակայն ԱՄՆ-ն ուղղակիորեն չի հիշատակվում, ինչը, հավանաբար, պայմանավորված է Վաշինգտոնի հետ հարաբերությունները չսրելու ցանկությամբ։
«Որևէ երկրի անուն չհիշատակելը՝ նույնիսկ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտությունը դատապարտելիս, Հնդկաստանին բնորոշ մոտեցում է»,- նշել է «International Crisis Group»-ի ավագ վերլուծաբան Պրավին Դոնթին։
«Ինձ հաճելիորեն զարմացրեց մաքսատուրքերի վերաբերյալ հստակ անդրադարձը, քանի որ Հնդկաստանը կարող էր նախընտրել ավելի անուղղակի արտահայտվել այդ հարցում, սակայն, հավանաբար, սա իրենց դժգոհությունը հայտնելու հնարավորություն էր»,- հավելել է նա։
Ինչպես գրում է BBC-ին, գագաթնաժողովը Թեհրանին հնարավորություն տվեց ցույց տալու, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումների պայմաններում միայնակ չէ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել խորացնել տնտեսական կապերը BRICS-ի անդամների հետ։
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա սա նախագահ Սիի առաջին այցն էր Դելի վերջին 7 տարվա ընթացքում։
Սիի և Մոդիի միջև տեղի ունեցավ ոչ թե վերջինիս բնորոշ գրկախառնություն, այլ ջերմ ձեռքսեղմում։ Սին նաև բաց է թողել շաբաթ երեկոյան Մոդիի կազմակերպած հանդիսավոր ընթրիքը։
Այնուամենայնիվ, այս հանգստյան օրերը կարևոր պահ էին նման բարդ հարաբերություններ ունեցող երկու երկրների համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ երկու առաջնորդները պայմանավորվել են ամրապնդել գործարար և տրանսպորտային կապերը, ինչպես նաև լուծել առևտրային խոչընդոտների հարցը։
armradio.am


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Թրամփն արգելել է կանադական Bombardier- ների վաճառքն ԱՄՆ- ում
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները