Պատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել. Իրանի նախագահ
Կցանկանայի երախտագիտությունս հայտնել Նորին գերազանցություն Նիկոլ Փաշինյանին՝ մեծարգո վարչապետին, ինչպես նաև բարեկամական հարևան Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևոր առիթը հյուրընկալելու և մեծահոգաբար մեզ հրավիրելու համար։ Ինձ համար շատ մեծ պատիվ է խոսքով դիմել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գլոբալ համայնքին։ Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Այսօր պատմության կարևոր խաչմերուկում ենք։ Կենսաբազմազանությունն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն անքակտելիորեն կապված է ջրի, պարենային ապահովության և միջսերնդային արդարության հետ Երկիր մոլորակի բնակիչների համար»,- ընդգծեց նա։
«ԻԻՀ-ն առաջին պետություններից էր, որ պաշտոնապես ճանաչեցին այս խնդրի միջազգային իրավական կարևորությունը և միացան Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Այնուամենայնիվ, Իրանի կապը կենսաբազմազանության հետ չի սահմանափակվում միայն կոնվենցիային նրա անդամակցության ժամկետով, և մեր երկիրը հազարավոր տեսակների բնօրրանն է։ Ջրի մատակարարման անվտանգության ապահովման համար բազմաթիվ ռիսկեր կան Իրանում։ Իրանի համար կենսաբազմազանության պահպանությունը միայն տեսակների և բնական միջավայրերի պահպանության խնդիր չէ, դա կարևոր է ազգային մշակույթի և քաղաքակրթական ժառանգության պահպանության համար։ Մեր երկրում վաղուց ակնածանքով ենք վերաբերվում բնությանը և մենք կենսաբազմազանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր ունենք։ Շրջակա միջավայրի մեր նախարարությունը համակարգող մարմինն է»,- ասաց նա և նշեց, որ այսօր մի կարևոր իրականություն կա, որն այլևս չի կարող անուշադրության մատնվել կենսաբազմազանության մասին համաշխարհային քննարկումներում։
Փեզեշքիանը շեշտեց, որ պատերազմը ոչ միայն մարդկային կյանքին և տնտեսական ենթակառուցվածքներին է վնասում, այլև ոչնչացնում է անտառներ, խոնավ տարածքներ, պարարտ հողեր, ջրային ռեսուրսներ, փշրում փխրուն միջավայրեր, տեղահանում վայրի տեսակներին և վտանգավոր քիմիական նյութեր ու ծանր մետաղներ նետում վայրի բնության մեջ։ «Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո»,- ասաց Փեզեշքիանը։
«Միջազգային հանրությունն այսօր տեսնում է, որ զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի ոչնչացումը պատերազմի ուղղակի հետևանք է։ Դա ապագա սերունդների բարեկեցության համար լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Իրանում»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ հանգույցների ոչնչացմամբ, հրդեհներով, աղտոտիչ նյութերի արտանետումներով, հողի և ջրի աղտոտմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին։ Իսկ էկոհամակարգը, որը տասնամյակներ շարունակ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի արդյունքում պահպանվել էր, այժմ վտանգված է։ «Սա զուտ պետական խնդիր չէ և խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի քաղաքական սահմաններով։ Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ»,- նշեց Իրանի նախագահը։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային ֆինանսական կառույցներին և համապատասխան կազմակերպություններին, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերով, ունենալ ավելի լավ մեխանիզմներ՝ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, բնապահպանական վնասը գնահատելու, քայքայված էկոհամակարգերը վերականգնելու և պետություններին աջակցելու համար, որպեսզի զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները սահմանափակվեն։
Կենսաբազմազանության պահպանությանը հնարավոր չէ հասնել միակողմանի մոտեցմամբ կամ մեկ կառույցի առանձին լիազորություններով։ Մեր մոլորակը փրկելու և շրջակա միջավայրը պահպանելու համար շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն, թե ինչ աննախադեպ մարտահրավերներ են կանգնած մարդկության առջև, և զուգահեռաբար տարաբնույթ լուծումներ կյանքի կոչեն։
Այս լուծումների մեջ պետք է հաշվի առնել պետությունների կարողությունների տարբերությունները և անհամաչափ բեռ չառաջացնել զարգացող երկրների համար՝ միևնույն ժամանակ նրանց հնարավորություն տալով ստանալու անհրաժեշտ միջոցներ և բնության պահպանությանը զուգահեռ իրականացնելու կայուն զարգացում։
ԻԻՀ-ն լիովին պատրաստ է իր գիտական, կրթական և էմպիրիկ կարողություններով կիսվել այլ պետությունների հետ, աշխատել կառուցողականորեն գլոբալ հանրության հետ։ Մենք խորապես հավատացած ենք, որ կենսաբազմազանության պահպանությունը կարող է կարևոր անկյունաքար լինել խաղաղության և դիվանագիտության համար մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության լրջագույն ճգնաժամեր կան։
Բնապահպանական համագործակցությունը թույլ կտա կամուրջներ կառուցել ազգերի միջև՝ ուղի հարթելով համընդհանուր խաղաղության, անվտանգության, բնության հետ ներդաշնակ և կայուն ապագայի համար։ Մենք պետք է հավասարակշռված ապրենք բնական աշխարհի հետ՝ կառուցելով մի ապագա, որը զերծ կլինի պատերազմներից և արհավիրքներից։ Կենսաբազմազանությունը պետք է այդ աշխարհի ընդհանուր անկյունաքարը լինի՝ ներկա և ապագա սերունդների բարեկեցության և զարգացման համար»,- ասաց Մասուդ Փեզեշքիանը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Առանց տեղումների եղանակ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ