Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 1-3 հաշվով պարտություն կրեց լեհական «Յագելոնիայից»:
Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին։
Խաղի վճռորոշ դրվագների և պարտության պատճառների մասին
«Կարծում եմ՝ մենք այն թիմն էինք, որն առավելագույնս ձգտում էր լավ ֆուտբոլ ցուցադրել. ավելի շատ էինք տիրում գնդակին, շատ հարվածներ կատարեցինք և բազմաթիվ անկյունայիններ իրացրեցինք: Սակայն, այո՛, հենց դետալները վճռորոշ եղան, քանի որ խաղի առանցքային հատվածներում սխալվեցինք ու պատժվեցինք: Կարևոր էր այն պահը, երբ 1-0 հաշվի ժամանակ մնացել էինք 10 հոգով՝ Զիդանի վնասվածքի և դաշտից դուրս գալու պատճառով: Նման իրավիճակներում անհրաժեշտ էր խորքից երկար փոխանցումներ կատարել, ինչը մենք չարեցինք: Թիմային համագործակցության առումով ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, սակայն նման անհատական սխալներն այլևս չպետք է կրկնվեն»։
Մեկնարկային կազմի ընտրության և ռոտացիայի մասին
Պատասխանելով Մալիսի փոխարեն Ֆելիպեին խաղադաշտ դուրս բերելու և կենտրոնում Կարլիե-Մուրադյան ընտրության վերաբերյալ հարցին՝ մարզիչը պարզաբանել է. «Մրցաշարային նման խիտ գրաֆիկի պայմաններում ռոտացիան պարզապես անխուսափելի է, քանի որ փաստացի մի քանի ժամից Հայաստանի առաջնությունում հանդիպում ունենք անցկացնելու: Ինչ վերաբերում է նշված փոփոխություններին, ապա Կարլիեն և Մուրադյանը տարբեր խաղաոճ ունեցող ֆուտբոլիստներ են: Կարլիեն ավելի շատ աչքի է ընկնում խորքից կատարվող երկար փոխանցումներով, իսկ Մուրադյանն ավելի ագրեսիվ է և հաջող է գործում մենապայքարներում: Այս խաղի պահանջներին ավելի շատ համապատասխանում էր Կարլիեն:
Ինչ վերաբերում է Մալիսին, ապա վատառողջ լինելու պատճառով նա վերջին հինգ մարզումներից միայն մեկին է մասնակցել, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ նա այսօր չընդգրկվեր մեկնարկային կազմում»։
Զիդանի վնասվածքի և երկրորդ խաղակեսի մասին
Խոսելով Զիդանի վիճակի մասին՝ Տուլիպան նշել է, որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել, և հստակություն կլինի միայն Երևան վերադառնալուց ու հետազոտվելուց հետո: Անդրադառնալով երկրորդ խաղակեսի ընթացքին՝ մարզիչը հավելել է. «Բնականաբար, ակնկալում էի ավելի լավ երկրորդ խաղակես տեսնել, բայց փոփոխությունների պահին իրավիճակն արդեն խիստ բարդացել էր. մենք զիջում էինք երկու գոլի տարբերությամբ: Բենիին մտցրեցինք խաղադաշտ, որպեսզի նա կարողանա իր վրա քաշել մրցակցի կենտրոնական պաշտպաններին. առաջին կեսում հենց այդ կերպ էինք հասել հաջողության: Սակայն ի հայտ եկան այլ խնդիրներ՝ հոգնածություն, բացի այդ Կարլիեն էլ խաղում էր վնասվածքով:
Ամեն դեպքում մենք շարունակում էինք գրոհել, ինչից ես գոհ եմ, քանի որ անընդհատ սրող փոխանցումներ էինք կատարում դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Պարզապես միշտ չէ, որ փոփոխություններն աշխատում են»։
Թիմի հոգեբանության և քաղած դասերի մասին
«Առաջին հերթին նայեցի ֆուտբոլիստներին՝ հասկանալու համար նրանց արձագանքը։ Համոզված եմ, որ այս խաղում մենք չպետք է պարտվեինք, քանի որ մրցակիցը մեզանից լավը չէր։ Բայց նման մակարդակում սխալները չեն ներվում, և մենք պարտվեցինք։
Ուզում եմ առանձնացնել խաղի այն հատվածը, երբ չէինք կարողանում հաղթահարել մրցակցի պրեսինգի առաջին շերտը։ Դա մեզ վրա շատ թանկ նստեց, սակայն ես չեմ ցանկանում մեղքը բարդել որևէ մեկի վրա. այս պարտության ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա մեզ համար հերթական մեծ դասն է, որը կօգնի աճել ու զարգանալ որպես թիմ։ Ֆուտբոլիստները պետք է գիտակցեն, թե այսօր ինչն են լավ արել, և ինչն այնքան էլ չի ստացվել։ Մենք պետք է կուտակած այս փորձը տանենք Երևան և քաղած դասերը լավագույնս օգտագործենք»։
Դետալների և խաղաոճային ճկունության մասին
«Համաձայն եմ, որ որակավորման փուլի խաղերում դետալները հաճախ մեր օգտին էին աշխատում, իսկ հիմա իրավիճակը որոշակիորեն փոխվել է։ Որակավորման փուլում մենք աչքի էինք ընկնում կենտրոնացվածության ֆանտաստիկ մակարդակով և հասունությամբ։ Օրինակ՝ այսօր, երբ հաղթում էինք 1-0 հաշվով, փորձում էի որոշ բաներ հուշել ֆուտբոլիստներին, բայց ստադիոնն այնքան աղմկոտ էր, որ նրանք չէին լսում։ Կարծում եմ՝ երբեմն պետք է շեղվել նաև մեր հիմնական խաղաոճից։
Այո՛, ես հաճախ եմ շեշտում ինքնությունը պահպանելու և գնդակը վերահսկելու կարևորությունը, սակայն լինում են իրավիճակներ, երբ անհրաժեշտ է պարզապես հեռացնել գնդակը մրցակցի կիսադաշտ՝ առանց երկար մտածելու։ Բարդ է, երբ ստիպված ենք լինում խաղալ երեք օրը մեկ, առկա է նաև ֆիզիկական հոգնածություն, բայց թե՛ ես, թե՛ ֆուտբոլիստներն ամեն ինչ կանենք, որպեսզի նման սխալները չկրկնվեն»։
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հաջորդ տուրի հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: «Արարատ-Արմենիան» Երևանում ընդունելու է նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»: Խաղը մեկնարկելու է ժամը 20:45-ին:
armsport.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Առանց տեղումների եղանակ