Քաղաքական հանձնառությունից մինչև չափելի արդյունք․ ո՞րը պետք է լինի COP17-ի հաջողության չափանիշը
Կենսաբազմազանության կորստի դեմ պայքարում աշխարհը հետ է մնում ստանձնած պարտավորություններից։ Երևանում մեկնարկող COP17 համաժողովը պետք է ոչ միայն գնահատի երկրների արձանագրած առաջընթացը, այլև ճանապարհներ գտնի քաղաքական խոստումներն իրական գործողությունների վերածելու։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ու շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շեշտում են՝ բնության պաշտպանությունը պահանջում է ավելի մեծ ֆինանսավորում, գործակցություն և կոնկրետ քայլեր։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, Հայաստանի բացառիկ կենսաբազմազանությունը՝ որպես ազգային կապիտալ, աշխարհին ներկայացնելու և դրա պաշտպանության մեխանիզմներն ամրապնդելու եզակի հնարավորություն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը․
«Ինձ համար COP17-ը հաջողված կլինի, եթե այն կամրապնդի կենսաբազմազանության ինտեգրումը տնտեսական և զարգացման որոշումների մեջ, կխթանի համագործակցությունն ու ֆինանսավորումը և թափ կհաղորդի գործընթացին, որը կշարունակվի Երևանից շատ ավելի հետո։ Երևանը կհիշվի ոչ միայն որպես վայր, որտեղ աշխարհը գնահատեց իր առաջընթացը, այլև որպես վայր, որտեղ այդ գնահատումը նպաստեց բնության պաշտպանությանն ուղղված գործողությունների արագացմանը»։
Նախարարի խոսքով՝ օրակարգային հարցերի ծավալով երևանյան համաժողովը նախորդներից ամենահագեցածն է․
«COP17-ի հաջողությունը չի չափվի միայն մասնակիցների քանակով։ Այն կչափվի նրանով, թե արդյո՞ք մենք կարող ենք քաղաքական հանձնառությունը վերածել իրականացման և չափելի առաջընթացի»։
Չորս տարի առաջ՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով, երկրները ստանձնել են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցմանն ու բնության վերականգնմանն ուղղված 23 նպատակ։ Դրանց կատարման ընթացքին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Զեկույցը նաև ցույց է տալիս անհամապատասխանություն հավակնությունների և գործողությունների միջև։ Թույլ տվեք ներկայացնել նաև մի վատ նորություն։ Ազգային կենսաբազմազանության նպատակների կեսից էլ պակասն է ճիշտ ուղու վրա։ Եթե թիրախները կատարվեն, մինչև 2030 թվականը ցամաքային էկոհամակարգերի միայն 26 տոկոսը և ջրային էկոհամակարգերի 12 տոկոսը պաշտպանված կլինեն։ Դա զգալիորեն պակաս է Մոնրեալում համաձայնեցված 30 տոկոսանոց նպատակից»։
Ինչո՞ւ պետությունները չեն կատարում միջազգային մակարդակով ստանձնած պարտավորությունները, և որո՞նք են դրա հիմնական պատճառները։ Հենց այս հարցերը պետք է դառնան երևանյան համաժողովի քննարկումների առանցքը։
«Այս զեկույցում ներկայացված ապացույցները ցույց են տալիս, թե ուր ենք գնում և ուր պետք է գնանք, եթե ցանկանում ենք հաղթահարել երեք ճգնաժամերը և ավարտել բնության դեմ պատերազմը։ Զարգացող երկրներում պետք է մոբիլիզացվեն ֆինանսական միջոցներն ու կարողությունները։ Ավելի մեծ մասշտաբով երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, կառավարությունները պետք է վերջ դնեն վնասակար խթաններին ու սուբսիդիաներին և ամրապնդեն սոցիալական պաշտպանության միջոցառումները»։
Հատուկ պահպանվող տարածքների ավելացում, գլոբալ տաքացման դեմ պայքար, ջրային ռեսուրսների բարեխիղճ օգտագործում։ Բնապահպանությունը այն եզակի ոլորտներից է, որտեղ անգամ թշնամի երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ, քանի որ կենսաբազմազանությունը սահմաններ չի ճանաչում։ COP17-ի առաջնորդները հիշեցնում են համաժողովի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության»։
armradio.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիո...