Բիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտը
Microsoft-ի հիմնադիր, Բիլ և Մելինդա Գեյթսների հիմնադրամի նախագահ Բիլ Գեյթսն օրերս այցելել է Չինաստան, որտեղ եղել է հարավային Հայնան նահանգում։ Ինչպես հայտնում է «Դիի ցայցզին» պարբերականը, ՉԺՀ-ում նա քննարկել է գյուղատնտեսության, առողջապահության և արհեստական բանականության հետ կապված տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։ Գեյթսը եղել է նաև Շանհայում, որտեղ ծանոթացել է ագրարային տեխնոլոգիաների, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև մայրական և մանկական առողջության պահպանման ոլորտներում Չինաստանի ձեռքբերումներին։ Պարբերականին տված հարցազրույցում Գեյթսը նշել է արդիականացման և գիտական մշակումների հարցում Չինաստանի զգալի առաջընթացը։
«Ես միշտ բարձր եմ գնահատում Չինաստանի նորարարական ներուժը։ Զարգացման տեմպերը, օրինակ՝ նոր դեղամիջոցների ստեղծման գործում, նույնիսկ գերազանցել են իմ սպասելիքները»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ իր վրա առանձնահատուկ տպավորություն են թողել հիբրիդային բրնձի և գյուղատնտեսական այլ տեխնոլոգիաների բնագավառում հետազոտությունների արդյունքները։ Նա ընդգծել է, որ Գեյթսի հիմնադրամը և Չինաստանն ունեն ընդհանուր տեսլական, այն է՝ գիտական մշակումների արդյունքները պետք է օգուտ բերեն բնակչության առավել խոցելի խմբերին, նախևառաջ զարգացող երկրներում, ներառյալ Աֆրիկայի պետությունները։
Գեյթսը նաև վստահություն է հայտնել գիտական հետազոտությունների, հատկապես կենսաբանության և բժշկության արագացման գործում արհեստական բանականության (ԱԲ) ունեցած առանցքային դերի վերաբերյալ։ Նա հայտնել է, որ հիմնադրամը ֆինանսավորում է «ԱԲ-ուսուցիչ» ստեղծելու նախագծեր, որն ունակ է ուսուցումը հարմարեցնել սովորողների անհատական կարիքներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առողջապահության մեջ ԱԲ-ի կիրառմանը։ Մասնավորապես, իրականացվում են աֆրիկյան լեզուներով տվյալների հավաքագրման նախագծեր, ինչը թույլ կտա հեռավոր շրջանների բնակիչներին բժշկական հանձնարարականներ ստանալ բջջային սարքերի միջոցով, գրում է պարբերականը։
Գեյթսը նաև նշել է Շանհայում իրականացվող հետազոտությունների բարձր մակարդակը, ներառյալ կենսատեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտների մշակումները, և ընդգծել է, որ հիմնադրամի նպատակն է ապահովել զարգացող երկրների հասանելիությունը առաջադեմ տեխնոլոգիաներին, նույնիսկ եթե զարգացած տնտեսություններում դրանց ներդրումը ավելի բարձր առևտրային շահութաբերություն է խոստանում։ 2023 թվականի հունիսից ի վեր սա Գեյթսի առաջին այցն է Չինաստան։ Վերջին 30 տարիների ընթացքում նա երկիր է այցելել ավելի քան 20 անգամ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն