Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթը
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները մինչև տարեվերջ կրկին կհանդիպեն Հայաստանում։ Հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին հետաձգված քննարկումներից հետո։ Ի՞նչ է փոխվել նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակում, և ի՞նչ ակնկալիքներ կան նոր հանդիպումից, ու որքանո՞վ են դրանք համադրվում հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների հետ:
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները հերթական անգամ կնստեն երկխոսության սեղանի շուրջ։ Այս անգամ՝ Հայաստանում՝ մինչև տարեվերջ։ Հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատում է սպասվող հանդիպումը՝ դեռ չհստակեցնելով դրա օրը և օրակարգը։ Սա ուշագրավ է հատկապես վերջին ամիսներին նախաձեռնության շուրջ ստեղծված լարվածության համատեքստում։
Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների միջև երկխոսությունը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերին՝ Երևանում։ Հետագայում հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանում, օրակարգում՝ խաղաղության գործընթաց և հասարակությունների միջև ուղիղ կապերի հաստատում։
Երկխոսության ճանապարհը հարթ չի եղել։ Հայաստանում նախատեսված հերթական հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերին, սակայն ադրբեջանական կողմը հետաձգել էր այն՝ Գանձասարի և Դադիվանքի շուրջ սրված տարաձայնությունների ֆոնին, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հայկական Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգություն»։ Բաքվի այս հայտարարությունները խիստ քննադատության էին արժանացել հայկական կողմից։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ անդամները սեպտեմբերի 14-ին հայտարարություն էին տարածել՝ ներկայացնելով պատմական փաստեր։
Այդ տարաձայնությունները շարունակո՞ւմ են ազդել նախաձեռնության աշխատանքի վրա՝ հարցրինք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանին։
«Մեր խնդիրը փոխըմբռնման և հարցերի լուծման հասնելը չէ, մեր խնդիրը երկու հասարակությունների միջև երկխոսություն կազմակերպելն է, որը և կազմակերպվում է, որի ընթացքում նաև մշակութային ժառանգության կամ հումանիտար բնույթի հարցեր են բարձրացվում երկու կողմերի կողմից էլ։ Ու քաղհասարակությունների հանդիպումները խնդիրներ լուծող հանդիպումները չեն»։
Բայց որքանո՞վ են նման հանդիպումներն ազդում հայ և ադրբեջանցի հասարակությունների փոխադարձ ընկալումների վրա։ Արեգ Քոչինյան.
«Հանդիպումների արդյունքում կարող է փոխվել հանդիպումների մասնակիցների մոտեցումները, որովհետև այդ հանդիպումները հրապարակային տեղի չեն ունենում, որպեսզի լայն շրջանակի մոտ փոփոխություն տեղի ունենա։ Թեպետ կողմերը իրենց երկրներում նաև հանդիպումներ են ունենում սեփական քաղհասարակության, համայնքների բնակչությունների, այսպես, «սկեպտիկորեն» տրամադրված քաղաքացիների հետ՝ փորձելով ներկայացնել մանրամասներ, բացատրել, թե իրենից ինչ է ներկայացնում խաղաղության գործընթացը»։
Քաղհասարակությունների միջև երկխոսության կարևոր ուղղություններից մեկն էլ փոխադարձ թշնամանքի հաղթահարումն ու միմյանց նկատմամբ պատկերացումների փոփոխությունն է։ Սա հեշտ լինել չի կարող։ Այդուհանդերձ, Քոչինյանը նկատելի փոփոխություններ է արձանագրում։
«Կարծում եմ, որ անցած մի քանի տարիների ընթացքում թե՛ միմյանց նկատմամբ վերաբերմունքը, թե՛ խաղաղության գործընթացի նկատմամբ վերաբերմունքը էական էվոլյուցիա է ապրել, և կողմերը միմյանց համար դարձել են ավելի լսելի, կողմերի մտահոգությունները դարձել են էականորեն ավելի հասկանալի և մենք մեծ ճանապարհ ենք իրականում անցել խաղաղության հաստատման և խաղաղության՝ երկարաժամկետ դարձնելու ուղղությամբ»։
Հայ-ադրբեջանական երկխոսությանը զուգահեռ՝ տարածաշրջանային հաղորդակցության մեկ այլ զարգացում էլ կա։ Այս անգամ՝ թուրքական կողմի հետ։ Նոյեմբերի 15-ին թուրքական «Turkish Airlines»-ի բեռնափոխադրումների ստորաբաժանումը՝ «Turkish Cargo»-ն, իրականացրել է Ստամբուլից Երևան առաջին կանոնավոր բեռնատար չվերթը։
Սա Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների ոլորտում նոր զարգացում է։ Դեռևս հրապարակված չեն չվերթերի հաճախականության, տեղափոխվող բեռների տեսակների և ծավալների վերաբերյալ մանրամասներ։ Հայկական պաշտոնական կողմն այս մասին դեռ տեղեկություն չի հաղորդել։ Թեև սրանք տարբեր բնույթի գործընթացներ են, սակայն երկուսն էլ առնչվում են տարածաշրջանում կապերի ընդլայնմանն ու գործակցության հնարավորություններին։
armradio.am

















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան