ՌԴ-ի, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հայտարարել են միջուկային պատերազմ թույլ չտալու անհրաժեշտության մասին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիայի Հանրապետությունն իրենց առաջնային պարտականությունն են համարում միջուկային զենք ունեցող պետությունների միջեւ պատերազմ թույլ չտալը եւ ռազմավարական ռիսկերի նվազեցումը, հաղորդվում է Կրեմլի կայքում։
«Մենք հայտարարում ենք, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, եւ այն երբեք չպետք է սանձազերծվի։ Քանի որ միջուկային զենքի օգտագործումը հեռուն գնացող հետեւանքներ կունենար, մենք նաեւ հաստատում ենք, որ միջուկային զենքերը, քանի դեռ դրանք գոյություն ունեն, պետք է ծառայեն պաշտպանական նպատակներին, ագրեսիայի զսպմանը եւ պատերազմի կանխմանը: Մենք կարծում ենք, որ նման զենքերի հետագա տարածումը պետք է կանխվի։
Մենք հաստատում ենք միջուկային սպառնալիքներին հակազդելու կարեւորությունը եւ շեշտում ենք միջուկային զենքի չտարածման, զինաթափման եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում մեր երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրերի ու պարտավորությունների պահպանության եւ պաշտպանության կարեւորությունը։ Մենք հավատարիմ ենք մնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) մեր պարտավորություններին, ներառյալ՝ VI-րդ հոդվածի համաձայն «մոտ ապագայում միջուկային սպառազինությունների մրցավազքին եւ միջուկային զինաթափմանը վերջ տալու համար, ինչպես նաեւ ընդհանուր եւ ամբողջական զինաթափումը խիստ եւ արդյունավետ միջազգային վերահսկողության ներքո պայմանագրի շուրջ բարի կամքի ոգով բանակցություններ վարելու» մեր պարտավորությանը։
Մեզանից յուրաքանչյուրը մտադիր է պահպանել եւ էլ ավելի ամրապնդել մեր ազգային միջոցառումները՝ կանխելու միջուկային զենքի չարտոնված կամ ոչ միտումնավոր օգտագործումը։ Մենք կրկնում ենք մեր նախկին ոչ թիրախային հայտարարությունների արդիականությունը եւ վերահաստատում ենք, որ մեր միջուկային զենքերն ուղղված չեն միմյանց կամ որեւէ այլ պետության դեմ:
Մենք ընդգծում ենք մեր ձգտումը՝ բոլոր երկրների հետ աշխատանքով անվտանգության միջավայր ստեղծելու նպատակով, որն ավելի նպաստավոր է զինաթափման հարցում առաջընթացի համար՝ միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու վերջնական նպատակով՝ առանց որեւէ մեկի անվտանգությունը խախտելու: Մենք մտադիր ենք շարունակել երկկողմ եւ բազմակողմ դիվանագիտական մոտեցումներ փնտրել՝ ռազմական առճակատումից խուսափելու, կայունությունն ու կանխատեսելիությունը բարձրացնելու, փոխըմբռնումն ու վստահությունը բարձրացնելու եւ սպառազինությունների մրցավազքը կանխելու համար, որը ոչ ոքի օգուտ չի բերում եւ սպառնալիք է դառնում բոլորի համար։ Մենք վճռական ենք վարել կառուցողական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ անվտանգության ոլորտում միմյանց շահերի ու մտահոգությունների ճանաչման վրա»,- ասված է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը