Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին պաշտոնանկ անելու մասին բանաձևը՝ կասեցնելով նրա դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նախաձեռնությունը գլխավորել էր հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին, որին աջակցում էին դեմոկրատները։ Սակայն, ըստ գործակալության, այս քվեարկությունը կարող է միայն հետաձգել Հեգսեթի նկատմամբ իմփիչմենթի գործընթացը, քանի որ հունվարին դեմոկրատները կստանձնեն ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի վերահսկողությունը։
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսը, որը հունվարին դեմոկրատների իշխանության գալուց հետո, ըստ կանխատեսումների, կդառնա Ստորին պալատի հաջորդ խոսնակը, վճռականորեն աջակցել է իմփիչմենթի նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ Հեգսեթը «չարաշահել է իր լիազորությունները» և «վտանգել Ամերիկայի ազգային անվտանգությունը»։ Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը նույնպես պաշտպանել է Հեգսեթի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու գաղափարը։
Մասիի ներկայացրած բանաձևը ներառում էր իմփիչմենթի ութ մեղադրանք։ Դրանց հիմնական մասը վերաբերում էր Իրանի դեմ պատերազմին, սակայն փաստաթղթում անդրադարձ էր կատարվում նաև Եմենում և Վենեսուելայում ռազմական գործողությունների իրականացման գործում Հեգսեթի ունեցած դերին։
Հեգսեթը նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խստորեն քննադատել է այդ նախաձեռնությունը՝ Մասիին ներկայացնելով որպես սեփական կուսակցության գծից շեղված օրենսդիր։ Նրա խոսքով՝ Մասիի բարձրացրած հարցերը իմփիչմենթի հիմք չեն կարող լինել։ Պատերազմի նախարարը դրանք որակել է որպես «քաղաքականության շուրջ տարաձայնություններ, այլ ոչ թե ծանր հանցագործություններ, զանցանքներ, դավաճանություն, կաշառակերություն կամ այնպիսի իրավախախտումներ, որոնք հիմնադիր հայրերը նկատի ունեին, երբ ներառեցին իմփիչմենթի մասին դրույթը»։
Մասիի ներկայացրած իմփիչմենթի բանաձևից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Հեգսեթին՝ մատնանշելով հունվարին Վենեսուելայի այն ժամանակվա նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու նպատակով ԱՄՆ զինված ուժերի իրականացրած գործողությունը, ինչպես նաև Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնց արդյունքում, Թրամփի խոսքով, Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը «լիովին ոչնչացվել են»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ