Տնօրենին ապօրինաբար ազատել են աշխատանքից
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումից ժամեր առաջ Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գոհար Անտոնյանին, անաշխատունակության թերթիկի ժամկետի ընթացքում, հապճեպ ազատել է աշխատանքից եւ այլ տնօրեն նշանակել: Եվ այդպես էլ պարզ չի դարձել, թե թավշյա հեղափոխությունից հետո գործող տնօրենին աշխատանքից այդքան հապշտապ ազատելու իրական պատճառը որն է եղել:
Գ. Անտոնյանը 2017-ի փետրվարի 10-ից ԿԳՆ-ի կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Գերատեսչությունից կախվածության հանգամանքն օգտագործելով՝ նրան առաջարկել են՝ քոլեջի նախկին տնօրենին, ում մասով դատական գործ է ընթանում, նշանակել փոխտնօրենի պաշտոնում: Եվ այստեղից էլ սկսվել է նախարարության միջին մասնագիտական վարչության պետ Արտակ Աղբալյանի ու տնօրենի պաշտոնակատարի ջրերը մի առվով չհոսել: Օգոստոսի վերջին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին իրենից բացի եւս երկու թեկնածու է մասնակցել:
«ԿԳՆ աշխատակիցները շահագրգռված էին, որ ես չընտրվեմ: Այդ մասին ես իմացա հունիսին, երբ Ա. Աղբալյանն ինձ կանչեց նախարարություն եւ ասաց, որ չի ուզում ինձ հետ աշխատել եւ ես պետք է դիմում գրեմ ու ազատվեմ աշխատանքից: Նա ինձ ասաց նաեւ, որ ոչ մի պատճառաբանություն չի ընդունում եւ որեւէ «ինչու»-ի չի պատասխանելու»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Անտոնյանը:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ճշտել է, թե կարո՞ղ է, արդյոք, նախարար Լեւոն Մկրտչյանին հանդիպել, ինչին ի պատասխան, Ա. Աղբալյանը պատասխանել է, որ նախարարի հետ նույնիսկ ինքը չի հանդիպում, նա ինչպե՞ս կարող է հանդիպել: Կարճ ասած՝ մինչ մրցույթ հայտարարելը Գ. Անտոնյանն իմացել է, որ անցանկալի է ԿԳՆ համապատասխան վարչության պետի համար: Հետաքրքիր մի դիտարկում եւս. քոլեջին կցված մալբրի համակարգը մնացել է հանցագործության մեջ մեղադրվող նախկին տնօրենի անունով, ում պաշտոնավարության իրավունքը ԿԳ նախարարի հրամանով երեք տարի առաջ է կասեցված եղել:
Ինչեւէ, 8 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթել է Գ. Անտոնյանը, որից հետո սկսվել է տնօրեն նշանակելու հրամանն արհեստականորեն ձգձգելու գործընթացը: Քոլեջում լարված իրավիճակ է ստեղծվել, արդյունքում՝ ստուգում նշանակվել: Հետո պարզվել է, որ սեպտեմբերի 11-ից տնօրենի հրամանը ԿԳ նախարարը «մակագրած» է եղել, բայց նա այդ մասին չի իմացել, որ դիմում գրի:
«Ես այդ մասին իմացա, երբ նախարարության կադրերի բաժնից ինձ զանգահարեցին եւ ասացին, թե ինչու դիմում չեմ գրում, որպեսզի նախարարը հաստատի: Նշանակումից մեկ շաբաթ անց քոլեջ ներխուժեցին Ա. Աղբալյանի ղեկավարած վարչության, կրթության բաժնի աշխատակիցները եւ սկսեցին ընդունելության եւ այլ փաստաթղթեր ստուգել»,- ասաց Գ. Անտոնյանը:
Քոլեջի նորընտիր տնօրենը, իմանալով, որ նախարարության աշխատակիցները չեն ցանկանում իր հետ աշխատել, բավականին ուշադիր ու բծախնդիր է աշխատել, սակայն մինչեւ առաջին կիսամյակի վերջը չի կարողացել նկատողություն ստանալուց զերծ մնալ: Նախորդ տնօրենի ժամանակ ընդունված 5 խմբի փոխարեն նախարարի հրամանով հաստատված 9 խումբ է նա «ժառանգել» նախորդ տնօրենից, եւ այդ խմբերի ծախսերը վերանայելու խնդրանքով Գ. Անտոնյանը դիմել է նախարարին, սակայն իր դիմումն այդպես էլ տեղ չի հասել, ինչն էլ հանդիսացել է նրան նկատողություն տալու պատճառը: Մինչ հունվարյան արձակուրդները կավարտվեն, ամսի 11-ին մահացել է տնօրենի հայրը: Նույն օրը նախարարությունից ներկայացել են աուդիտ իրականացնելու եւ պարզելու կրեդիտորական պարտքի պատճառները:
«Նորից սկսեցին քոլեջի ամբողջ փաստաթղթաշրջանառությունը 2011 թվականից սկսած ստուգել: Աուդիտի ավարտից մոտ երկու օր հետո՝ հունվարի 31-ից, գտնվել եմ անաշխատունակության մեջ: Բուժման ընթացքում Աղբալյանը նորից զանգահարել է ինձ, զանգահարել են անգամ ամուսնուս՝ տեղեկացնելով, որ եթե չգնամ ու ազատման դիմում չգրեմ, գործերը կհանձնեն դատախազություն: Ես իհարկե դիմում չգրեցի, հետո վիրահատվեցի, հետվիրահատական շրջանում էի: Այդ ընթացքում ստացա նաեւ աուդիտի պատասխանը, համաձայն որի թերություններ էին հայտնաբերվել: Բացատրագիր գրեցի, որով տեղեկացրեցի, որ հնարավոր բոլոր թերությունները վերացված են, իսկ նրանք, որոնք ժամանակի ընթացքում պետք է վերացվեն՝ ընթացքի մեջ են»,- ասաց Գ. Անտոնյանը:
Դրանից հետո խիստ նկատողություն են տվել, իսկ մայիսի 9-ին նա շտապօգնության կանչով տեղափոխվել է հիվանդանոց: Հաջորդ օրը տեղեկացել է, որ նախարարությունից իր պաշտոնավարությունը դադարեցնելու մասին հրաման է ստորագրվել: Մայիսի 11-ին ԿԳՆ-ից կանչել են Իջեւանի տարածաշրջանային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ով նաեւ մասնակցել էր Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի ընտրությանը եւ նրան հրամանագրել են ազատված տնօրենի փոխարեն: Ստացվում է, որ ԿԳ նոր նախարարի նշանակումից ժամեր առաջ, նախարարի պաշտոնակատար Վ. Մկրտչյանը ստորագրել է Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի հրամանը:
Արդարությունը վերականգնելու նպատակով քոլեջի նախկին տնօրենը 2 անգամ հանդիպել է ԿԳ նոր նախարար Ա. Հարությունյանի հետ: Միաժամանակ աշխատանքի վերականգնելու դիմում է ներկայացրել դատարան եւ հույս ունի, որ արդարությունը կհաղթի: Բայց մինչ հիմա նախարարության աշխատակիցները շարունակում են ճնշումներ իրականացնել Գ. Անտոնյանի վրա եւ ստիպում են «մի թղթիկի վրա գրելու» միջոցով քոլեջի կնիքը հանձնել նոր տնօրենին, ինչն օրենքով նույնպես անթույլատրելի է:
Ի դեպ, մեր տեղեկություններով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գեւորգյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ-ից բացակայող՝ քոլեջի ուսանողուհու բացակայությունները քողարկելու նպատակով պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու համար: Եվ չնայած առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների որոշմամբ նա 1 տարով զրկվել է տնօրեն աշխատելու իրավունքից, բայց զարմանալիորեն երբեք չի դադարել ղեկավարել նշված քոլեջը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ