Առողջ ժպիտից մինչև առողջ մոլորակ. ինչպե՞ս է ատամների խնամքն ազդում շրջակա միջավայրի վրա
Ի՞նչ կապ կարող է ունենալ ատամնաբուժության վերափոխումը շրջակա միջավայրի պահպանության հետ։ Թվում է, թե՝ ոչ մի։
Սակայն COP 17 համաժողովի Կանաչ գոտում պանելային քննարկման առանցքում հենց բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման միջոցով ռեսուրսների խնայողությունն էր։ Ավելի ճիշտ՝ խնայողության միջոցով բնության վրա առողջապահության ոլորտի թափոնների բացասական ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։ Թափոնների նվազեցումն առաջնային է բոլոր ոլորտներում, և դրա շուրջ քննարկումները առանցքային են ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովում։
Թափոնների կրճատումն այսօր համաշխարհային բնապահպանական օրակարգի գլխավոր հարցն է։ Այն իր առանցքային տեղն ունի նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP 17 համաժողովում։ Բայց ո՞վ կմտածեր, որ այդ գլոբալ պայքարի թիրախում կարող է հայտնվել նաև ատամնաբուժական աթոռը։
«Ատամնաբուժության վերափոխում. կանխարգելումը՝ առողջության և կայուն շրջակա միջավայրի հիմք» խորագրով քննարկման մասնակիցները փաստում են, որ բնության վրա մարդու թողած էկոլոգիական հետքն ուղղակիորեն չափվում է բժշկական այցերի հաճախականությամբ․ քանի դեռ բուժումները փոխարինված չեն կանխարգելմամբ, յուրաքանչյուր այցելություն էլեկտրաէներգիայի, ջրի լրացուցիչ ծախս է պահանջում, չհաշված մոլորակի վրա պլաստիկ թափոնների ժամ առ ժամ ավելացող հսկայական ծավալը։ ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն ընդգծում է՝ առողջության պահպանումը անմիջականորեն կապված է շրջակա միջավայրի պաշտպանության հետ․
«Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են էկոլոգիական գործոնների` հողի և ջրի աղտոտվածության, մթնոլորտային օդի բաղադրության փոփոխության և կենսաբազմազանության խաթարման արդյունքը և դրա անդառնալի անուղղակի ազդեցությունը երեխայի առողջության վրա, և բացառություն չի կազմում նաև բերանի խոռոչի առողջության պահպանումը»։
Առողջապահության նախարարության համար կանխարգելիչ բժշկության զարգացումն միայն առողջապահական նպատակ չէ, այլ ռեսուրսների խնայողության և համակարգային արդյունավետության հզոր գործիք, ասում է պաշտոնյան։ Երբ բուժումն սկսվում է ժամանակին, պետությունն ու քաղաքացին խնայում են ոչ միայն ֆինանսական միջոցները, այլև կանխում են բժշկական թափոնների առաջացումն ու էներգիայի անիմաստ վատնումը․
«Մինչև տասնյոթ տարեկան արական սեռի մեր դեռահասների շրջանում շուրջ 70 %-ը օրական մեկ անգամից պակաս են լվանում իրենց ատամները։ Պատկերացնո՞ւմ եք` ինչ մեծ առողջապահական լուրջ բեռ ենք մենք փոխանցում մանկությունից դեպի մեծահասակների բժշկություն։ Խոսելով նաև շաքարի օգտագործման բարձր ցուցանիշների մասին՝ նշեմ, որ աղջիկ երեխաների շրջանում առաջին հորիզոնականներում ենք»։
Ատամնաբուժական կլինիկաները էներգիայի և ջրի սպառման բարձր մակարդակ ունեն. ստերիլիզացիան, ատամնաբուժական աթոռների ու գործիքների խնամքը հսկայական քանակության ջուր են պահանջում։ Բարդ սարքավորումները (3D տոմոգրաֆիա, ռենտգեն, CAD/CAM համակարգեր) մեծ քանակի էլեկտրաէներգիա են ծախսում։ Տասնամյակներ շարունակ ատամնաբուժության մեջ օգտագործվել են ամալգամային լցանյութեր (պլոմբներ), որոնք սնդիկ են պարունակում։ Սնդիկի մասնիկները հաճախ հայտնվում են կոյուղաջրերում և աղտոտում ջրային էկոհամակարգը։ Բորբոքումների բուժման համար օգտագործվող հակաբիոտիկներն ու ախտահանիչ նյութերը նույնպես էկոլոգիական հետք են թողնում, ասում են մասնագետները։ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ, ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Հրանտ Տեր Պողոսյանը վիճակագրական տվյալներ է ներկայացնում․
«Հայաստանում հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ գյուղական վայրերում կարիեսի տարածվածությունը մինչև 98 տոկոս է կազմում։ Մեկ այլ շատ կարևոր տեղեկատվություն, որ ինձ ևս շատ հետաքրքրեց: Պարզվում է՝ 6-ից 50 տարեկան անձանց մոտ, եթե վերջինների մոտ կարիեսի տարածվածությունը շատ չի եղել, իրենց բուժման ողջ ընթացքում ընդամենը 5 կիլոգրամ թափոն են առաջացել: Իսկ եթե պացիենտի մոտ եղել է կարիեսի բարձր ինդեքս, հետո բուժումներ, իմպլանտացիա, բեռը հասել է 34 կիլոգրամի»:
Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն, բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը կարևորում է կանխարգելիչ բժշկությունը, որտեղ հատուկ տեղ ունի ընտանեկան բժշկությունը։ Բայց ոչ պակաս կարևոր է համայնքի դերը։ Համայնքը պետք է ավելի պատասխանատու ու մասնակցային դառնա՝ ասում է մասնագետը, իսկ վիճակագրությունը, մեղմ ասած, հուսադրող չէ․
«Տարեկան մահաբերության տոկոսով համաճարակավարակային հիվանդությունները 71 % են կազմում կամ ավելի քան 40 մլն մարդ։ Ամենասարսափեցնող տվյալը բաժին է ընկնում 39-ից 65 տարեկաններին, որոնք վաղաժամ են մահանում։ Լավ լուրը այն է, որ ոչ վարակային հիվանդությունները մեծ մասամբ կանխարգելվող են, և այդ կանխարգելման համար շատ ժամանակ մեծ համակարգային ռեսուրսներ և նյութատեխնիկական ներդրումների կարիք չի լինում»։
Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանի խոսքով՝ սա նաև հանրային առողջապահական խնդիր է։ Բժշկությունը մեկուսացված չի կարող զարգանալ, այն պետք է միջոլորտային զարգացում ունենա։ Իսկ ամենակարևորը, նրա կարծիքով, տվյալներն են․
«Ամենադժվար հավաքվող տեղեկատվությունը, դա ատամնաբուժականն է, չեն տալիս տվյալները, կամ մեծ դժվարությամբ են տալիս։ Այս ոլորտում մենք մեծ բաց ունենք»։
ԱՀԿ տվյալներով աշխարհում 3 մլրդ 700 մլն մարդ առնչվում է բերանի խոռոչի հիվանդությունների հետ, 510 մլն երեխա ունի կարիես, 2 մրլդը՝ պարադոնտիկ հիվանդություններ ունեն։ Հայաստանում կարիեսի տարածվածությունը 47 տոկոս է, չբուժվածները 37 տոկոս են կազմում,16 տոկոսն ունի պարադոտալ հիվանդություններ։ Առկա խնդիրները լուծելու համար մասնագետները տվյալներն են կարևորում։ 2026թ բոլոր ատմնաբուժական ծառայությունները ինտեգրվել են «Արմեդ» համակարգին։ Դա վիճակագրությունը ճիշտ վարելու հնարավորություն կտա։
armradi.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին