Կրեմլը զգուշացրել է Ուկրաինային՝ բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին
Կրեմլում հայտարարում են, որ Ուկրաինան, եթե շարունակի հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, հետագայում ստիպված կլինի վերադառնալ երկխոսությանը՝ «ավելի վատ դիրքերից»։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով The Times-ի հրապարակումը, ըստ որի Կիևն է նախաձեռնել Ստամբուլում սկսված բանակցությունների դադարեցումը։
Պեսկովը նշել է, որ Կիևի դիրքերը «օրեցօր վատանում են», և Ռուսաստանը ստիպված է շարունակել հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ չկան բանակցությունների վերսկսման նախադրյալներ։ Նա նաև կրկնել է, որ Մոսկվան բաց է քաղաքական և դիվանագիտական լուծումների համար՝ չհամաձայնելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերի հետ, թե Ռուսաստանը չի ուզում խաղաղություն։
Ռուսական կողմը հիշեցրել է, որ այս տարի Ստամբուլում կայացել են երեք հանդիպումներ՝ մայիսի 16-ին, հունիսի 2-ին և հուլիսի 23-ին, որոնց ընթացքում քննարկվել են ռազմագերիների և վիրավորների փոխանակման հարցեր։ Սակայն Ուկրաինան, ըստ Մարիա Զախարովայի, չի կատարել իր պարտավորությունները՝ փոխանակելով միայն պայմանավորված 1200 անձանցից 30 տոկոսը։ Մոսկվան հայտարարել է, որ շարունակում է իր գործողությունները՝ ապահովելու երկրի անվտանգությունն ու ռազմավարական շահերը։