Մեծ պահքի երրորդ կիրակի. Անառակի կիրակի
Այսօր Մեծ պահքի երրորդ կիրակին է, որ կոչվում է Անառակի կիրակի։ Օրն այսպես է կոչվում, որովհետև այդ օրն ընթերցվող ավետարանական առակը պատմում է անառակ որդու մասին (Ղուկ. 15:11-32):
Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու առակը պատմվում է հետևյալը։ Մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:
Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` որդին մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց:
Առակը մեզ համար մեծագույն դաս է, քանի որ որպես անկատար էակներ՝ մենք էլ հաճախ մեղքեր ենք գործում, շեղվում իրական, ճիշտ ուղուց, որ տանում է դեպի աստվածայինը։ Սակայն գովեստի ու երանության է արժանի նա, ով քաջություն է ունենում այնքան, որ անառակ որդու նման կարողանում է խիզախել ու վերադառնալ Հոր գիրկն՝ ասելով․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15:21):
Ինչպես այս առակում, այնպես էլ մեր իրական կյանքում, Երկնավոր Հայրը պատրաստ է ներել զղջացողին և արժանացնել նախկին փառքին ու պատվին: Զուր չէ, որ առակի վերջում Հայրն իր վերադարձած որդու համար ուրախանալու կոչ է անում՝ ասելով. «Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15:32):
Աստծո հայրական գթառատ սիրո մասին վկայող այս առակը մեր սրտերում հույս է արթնացնում փրկության, ներման։ Եվ ևս մեկ անգամ մխիթարում է մեզ՝ անառակ որդիներիս՝ ցույց տալով ճանապարհը՝ Հոր բարեգթությանն արժանանալու։
Ո՞րն է այդ ճիշտ ուղին։ Անշուշտ, զղջումն ու ապաշխարությամբ դեպի Աստված դառնալը: Ինչպես անառակ որդին, խոր զղջում ապրելով մեր գործած սխալ արարքների համար, դառնանք դեպի Հայրը՝ անկեղծ զղջումով և ապաշխարությամբ: Ինչպես առակում, մեր դեպքում էլ, նկատելով մեր զղջումը, Հայրն Ինքն ընդառաջ կգա, կգրկի մեզ ու կընդունի։
Զղջման, ապաշխարության մեր այս ճանապարհն անցնում է պահքով, ուստի՝ Մեծ պահքի այս կիրակին թող դառնա ևս մեկ առիթ, որ արժևորենք ճշմարիտ զղջումն ու ապաշխարությունը՝ ունենալով այն հույսը, որ Հայրը մեզ կների։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)