Գործ ունենք ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության չարաշահման հետ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել՝ դատարանի կողմից ոչ իշխանահաճո վճիռներ կայացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ երկու կարգապահական վարույթ է հարուցվել։ Դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ԲԴԽ, որոնք դեռևս չեն քննվել։ Ընդ որում՝ դատավոր Զարուհի Նախշքարյանը համարվում է ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորներից մեկը։
Չի բացառվում, որ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել ոչ պատշաճ սուբյեկտի կողմից, ինչի մասին հայտնի դարձավ բոլորովին վերջերս՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննության ժամանակ։ Պարզվում է, որ և՛ դատավոր Նախշքարյանի, և՛ դատավոր Մարաբյանի վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել են նույն օրը, սակայն մի դեպքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի դերում եղել է Ռուստամ Բադասյանը, մյուս դեպքում՝ Քրիստինե Գրիգորյանը։
Ռուբեն Մելիքյանը չմանրամասնեց, թե ինչ ենթադրյալ կարգապահական խախտման մասին է խոսքը, սակայն նշեց, որ մի քանի վարույթների հիմք հանդիսացել է դատավորի կողմից կայացված ոչ իշխանահաճո վճիռները, այսինքն՝ վճիռներ, որոնք քաղաքական ղեկավարության համար ոչ հաճելի են եղել։
«Իրականացվել է արդարադատություն և այդ արդարադատության ակտի համար անձը կանչվել է պատասխանատվության»,-նշեց Մելիքյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ դատարանների նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության միջոցներ են կիրառվել՝ դրանք շղարշելով օրենքով նախատեսված որոշակի մեխանիզմներով և այս կապակցությամբ նույնպես, հաշվի առնելով, թե ինչու են պատասխանատվության կանչել դատավոր Նախշքարյանին, այդ իրավիճակն առկա է։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ձևավորված արատավոր պրակտիկային, որ դատավորներին փորձում են կարգապահական պատասխանատվության ենթարկել կայացված դատական ակտերի համար, Մելիքյանը նշեց, որ դա առաջին դեպքը չէ։
«Գործ ունենք մի քանի գործոնների հետ, որոնցից ամենակարևորը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության չարաշահումն է»,- նշեց Մելիքյանը։
Ի դեպ, հայտնի է, որ դատավոր Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրել է Ստյոպա Սաֆարյանը, որը հրապարակավ հայտարարել է այդ մասին՝ չունենալով դա հանրայնացնելու իրավունք։ Դատավորի ներկայացուցիչները դիմել են ԲԴԽ-ին՝ նշելով, որ լինելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձ, խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206․17 հոդվածում սահմանված ուղիղ պահանջը, այն է՝ չհրապարակել կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ։ Որպես տույժ՝ սահմանված է 200 հազար դրամ չափով տուգանք։
Այս կապակցությամբ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԲԴԽ լրատվական ծառայության հետ, որտեղից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ ստացել են դիմումը, այն քննարկման փուլում է։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի