Հայաստանում սննդամթերքի անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է վատանալ. փորձագետ
Իրավիճակը սննդամթերքի անվտանգության հետ կապված ոչ միայն չի լավանում, այլեւ շարունակում է վատանալ։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդային շղթաների ռիսկերի գնահատման դեպարտամենտի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
Նրա խոսքով՝ երկրում մեծ ուշադրություն է դարձվում սննդամթերքների ռիսկերի գնահատմանը, որոնք արտահանվում են, եւ շատ քիչ ուշադրություն է դարձվում այն մթերքներին, որոնք նախատեսված են ներքին սպառման համար։ «Այս մասին է վկայում եւ այն, թե ինչպես է ֆինանսավորվում այս կամ այն ուղղության մոնիթորինգը։ Օրինակ, ձկնաբուծությունը եւ մեղվաբուծությունն ավելի շատ են ֆինանսավորվում, քան այն արտադրանքի մոնիթորինգը, որն ավելի պահանջված է երկրում։ Ինչ վերաբերում է ձկան արտահանման խնդրին, ապա այն հիմնականում կապված է արգելված միջոցների օգտագործման հետ, ինչը հանգեցնում է նրան, որ այդ մթերքի վրա արգելք է դրվում»,- նշել է նա։
Պիպոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մտցնել սննդամթերքի ռիսկերի համակարգային գնահատում, այլապես Գյումրիում զանգվածային թունավորման դեպքը կարող է վերջինը չլինել։ «Անհրաժեշտ է մտցնել քրեական պատասխանատվություն մարդկանց թունավորման համար, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում, այլ ոչ թե պարզապես տուգանքներ գրել»,- նկատել է փորձագետը։
Նա նաեւ հայտարարել է, որ քանի դեռ որոշումներն ընդունվելու են այս կամ այն անձանց նախասիրությունների հիման վրա, այլ ոչ թե համակարգային, գիտականորեն հիմնավորված մակարդակում, իրավիճակը չի փոխվի։ «Օրինակ, անհասկանալի է, թե ինչու է այդքան մոլի հակածխախոտային քաղաքականություն վարվում, իսկ համակարգային աշխատանք սննդամթերքի ռիսկերի գնահատում մտցնելու հարցում չի կատարվում։ Այս տարի գրանցվել են թունավորման բազմաթիվ դեպքեր, այն դեպքում, երբ ծխելու ռիսկերը կառավարելի են, եւ մարդը կարող է պարզապես չծխել այնտեղ, որտեղ դա չի կարելի։ Դա վկայում է այն մասին, որ ով ավելի լավ է կառավարությունում լոբբինգ իրականացնում, նրան էլ հաջողվում է առաջ տանել իր բարեփոխումները»,- նշել է մասնագետը՝ ավելացնելով, որ եթե մենք ասում ենք, որ հարկավոր է հետեւել արտահանվող մթերքի որակին, քանի որ դա անդրադառնում է երկրի ամբողջ էկոնոմիկայի իմիջի վրա, ապա սննդամթերքի անվտանգությունը կարեւոր է տուրիզմի զարգացման տեսակետից։
Նրա գնահատմամբ՝ համակարգային աշխատանքի բացակայությունը նպաստում է փողոցային առեւտրի բարգավաճմանը, քանի որ եթե խանութներն ու հանրային սննդի կետերը չեն կարողանում որակի երաշխիքներ տալ, ուրեմն մարդիկ, բնականաբար, կնախընտրեն ձեռք բերել այն, ինչն ավելի մատչելի է։ «Իշխանությունները պետք է մտցնեն սննդամթերքների անվտանգության վերահսկողության սկզբունքներ, որպեսզի բաշխվեն լիազորությունները պետական մարմինների միջեւ։ Դա կնվազեցնի նաեւ կոռուպցիոն ռիսկերը»,- ընդգծել է Դավիթ Պիպոյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկություն էր ստացել, որ Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում վատացել է այցելուների ինքնազգացողությունը։ 47 քաղաքացի թունավորման ախտանիշներով հասցվել է հիվանդանոցներ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը