ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը:
Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին՝ մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների և թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնների, իրավական պատասխանատվության միջոցների և այլ գործառույթների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարքության մեխանիզմներին և այլ հարցերի։
Քննարկվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերն և դրանցով առաջարկվող փոփոխությունները:
Խորհրդի նիստի մասնակիցները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ խնդիրը պետք է լինի, որ ոչ թե կանոններ սահմանվեն որպես թակարդներ, այլ կանոններ, որոնք կօգնեն կուսակցություններին գործել օրինական դաշտում։
«Կարծում եմ, որ այժմ ինչ քննարկում ենք, վերաբերում է կուսակցությունների բարեվարքության շրջանակին և դաշտին, և հետագայում «Կուսակցությունների մասին օրենքում» պետք է փոփոխություններ կատարվեն, օրենքով և կանոնադրություններով պետք է սահմանվի, որ կուսակցություններում լինեն մարմիններ կամ պաշտոնյաններ, որոնց վրա պատասխանատվություն դրվի դրանով զբաղվելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարը հավելել է՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման ճանապարհին եկել են այն եզրակացության, որ պետական կառավարման մարմիններում պետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր էթիկայի, բարեվարքության պատասխանատուներ կլինեն։
«Ինչի՞ համար դա արեցինք, որովհետև, այնուամենայնիվ, պետական կառավարման մարմիններում բոլորն իրենց գործերով զբաղված են, իսկ բարեվարքության կանոնի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ խախտում է արձանագրվում։ Նույն բանը տեղի է ունենում նաև կուսակցություններում։ Իմ առաջարկն այն է՝ մտածենք, օրենքում այնպիսի փոփոխություններ անենք, որ կուսակցության կանոնադրությամբ սահմանվի, որ կուսակցությունը պետք է ունենա անձ կամ մարմին, որը կզբաղվի կուսակցության բարեվարքության կանոններով, և այդ առումով գործընկեր էլ լինի Արդարադատության նախարարությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,– ընդգծել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ կուսակցություններն անընդհատ խախտումներ անեն, իսկ մարմինները տուգանեն, գործեր հարուցեն։ «Մեր խնդիրն է՝ նպաստել, որպեսզի կուսակցությունները ծավալեն հնարավորինս քաղաքակիրթ գործունեություն, ինչը միշտ չէ, որ ստացվում է, և ես հավաստիացնում եմ, որ միշտ չէ, որ չարամտությունից է, որ կուսակցություններն ուզում են խախտումներ անել»,– նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով նաև վերոնշյալ ուղղություններով համապատասխան իրազեկում կազմակերպելը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում